Tert.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի Նախագահ Դոնալդ Տուսկին հետ համատեղ ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, ասել է, որ եվրոպական սահմանային խախտումների հարցում Հայաստանի և Ադրբեջանին ուղղված հայտարարություններում եվրոպական կառույցները պետք է դադարեցնեն հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Հովհաննես Քոսյան՝ «Ինտերֆաքս» գործակալություն - Հարցս ուղղում եմ ՀՀ Նախագահին և Եվրոպական խորհրդի Նախագահին՝ փաստ է, որ Ադրբեջանում անցկացված եվրոպական խաղերի օրերին շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին անդորր էր տիրում և հրադադարի խախտումներ գրեթե չնկատվեցին: Սակայն, խաղերից անմիջապես հետո, ականատեսը եղանք սահմանային միջադեպերի վերսկսման: Ավելին, խաղերից անմիջապես հետո նախագահ Ալիևը հիշեց բոլոր հին ու նոր հաշիվները` մեղադրելով, թե Եվրոպական կառույցներին և թե առանձին երկրների` օրինակ Գերմանիային, Եվրոպական խաղերը ստվերելու նպատակով հակաադրբեջանական արշավ ծավալելու, կոռումպացվածության, իսլամաֆոբիայի և նմանատիպ այլ բաներում: Կխնդրեի Ձեր մեկնաբանություններն այս առնչությամբ:

Սերժ Սարգսյան – Ձեր հարցը բաղկացած է երկու մասից: Առաջին մասի վերաբերյալ՝ ես անկեղծորեն եմ ասում՝ Ադրբեջանի ղեկավարությունը մեզ շատ մեծ նվեր մատուցեց՝ անցկացնելով Եվրոպական խաղերը Բաքվում և այդ ընթացքում ապահովելով խաղաղություն, կայունություն ինչպես շփման գծում, այնպես էլ հայ- ադրբեջանական սահմանին: Բայց ավելի ճիշտ՝ ոչ թե խաղաղություն, կայունություն, այլ խաղաղության և կայունության խաբկանք: Ինչո՞ւ եմ ասում՝ նվեր մատուցեց, որովհետև սա, կարծում եմ, վերջին կաթիլն էր, որով միջազգային հանրությունը համոզվեց, թե ո՞վ է լարվածության պատճառը, ո՞վ է լարվածություն ծնում, և ու՞մ ցանկության դեպքում է, որ կարող են երիտասարդներ չզոհվել, որ կարող է չխախտվել հրադադարը: Եվ այստեղ, անշուշտ, ես դիմում եմ ինչպես պարոն Տուսկին, այնպես էլ բոլոր Եվրոպական կառույցներին, որպեսզի հրաժարվեն հավասարության նշան դնելու քաղաքականությունից: Գոնե ինչպես Մինսկի խմբի համանախագահները՝ հունվար ամսին տարբերակված մոտեցում ցուցաբերեն, ասեն` ո՞վ է կրակողը, ո՞վ է լարվածության պատճառը, ո՞վ է պատերազմ ցանկանում, և ո՞վ է պաշտպանում: Երբ այդ հավասարության նշանը կա, և երբ մարդիկ անպատժելիության զգացողություն են ունենում, մարդկանց ոտքերը գետնից կտրվում են: Ահա այդպիսի մի իրավիճակի պատճառով էլ ես անցնում եմ Ձեր հարցի երկրորդ մասին, որ Ադրբեջանի Նախագահը իրեն թույլ տվեց այդպիսի ամբարտավան ելույթի հերթական դրսևորման:

Մենք սովոր ենք, որ շատ դեպքերում այդպիսի լկտի ելույթները հասնում են զավեշտի: Զավեշտական չէ՞, որ մարդ, ով Նախագահ է դարձել ժառանգաբար, ուրիշին մեղադրում է այլոց օգնությամբ Նախագահ դառնալու մեջ: Զավեշտական չէ՞, երբ առավոտից երեկո այլատյացություն քարոզող մարդը Եվրոպային և ուրիշներին մեղադրում է քսենոֆոբիայի մեջ: Զավեշտական չէ՞, երբ հայերին աշխարհի ամենավատ մարդ համարող անձնավորությունը Եվրոպային և Հայաստանին մեղադրում է ռասիզմի մեջ: Զավեշտական չէ՞, որ ինքն ունենալով շատ ավելի վատ հարաբերություն շատ մահմեդական երկրների հետ, իսկ Եվրոպան և Հայաստանն ունենալով շատ ավելի լավ հարաբերություններ, Եվրոպային և Հայաստանի մեղադրում է իսալամաֆոբության մեջ:

Հենց այդ պատճառով եմ ասում, որ հավասարության նշանը պետք է վերացվի, և ես վստահ եմ, որ չնայած այն հանգամանքին, որ նաև եվրոպական կառույցներում և Եվրոպայում շատ մարդկանց համար էլ նավթի ու գազի հոտը ու նաև խավիարի համը զգլխիչ է, այնուհանդերձ, մենք կգանք ճիշտ ճանապարհի: Հակառակ պարագայում ՝ եթե այսպես շարունակվի, եթե բոլորը ներեն ոչ միայն Ադրբեջանի նախագահի խոսքերը, այլ նաև քայլերը, ապա մենք պետք է դիմենք մեր հայտնի հայրենակցին՝ Վիլյամ Սարոյանին և ասենք՝ ժողովուրդ, ինչ-որ տեղ, ինչ-որ բան այն չէ:
Շնորհակալ եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել