Եվրոպական խորհրդի նախագահը տարածաշրջանային այցով գտնվում է Երևանում: Բնականաբար, ներկայիս ստեղծված իրավիճակում Դոնալդ Տուսկի այցը Հայաստան արդեն իսկ հետաքրքիր է: Կարծես թե Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքական վեկտորն անցած տարվա սեպտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո արդեն ընտրել էր և այն ուղղել, համենայնդեպս, ոչ Արևմուտք: Սակայն իրադարձությունների զարգացման ընթացքը ցույց է տալիս, որ իշխանությունների որդեգրած արտաքին «և-և»-ի քաղաքականությունն իրողությանն ավելի մոտ է կանգնած, քան «կամ-կամ»-ի՝ առաջին հայացքից իրական ճշմարտությունը:

Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո մի պահ խավարի մեջ էին բոլոր այն սպասումները, որոնք կարող էինք ունենալ Արևմուտքից՝ Եվրոպայից և ԱՄՆ-ից: Սակայն ամենահուժկու «հարվածը» բերեց Ռիգայի գագաթնաժողովը: Կարծես այն նոր դուռ էր Հայաստանի համար՝ դեպի Եվրոպա: Եվրոպական Խորհրդի նախագահի ժամանումը, կարելի է ասել, նաև Ռիգայի շարունակություն է պարունակում իր մեջ: Հատկանշական է, որ Տուսկը հաստատում է՝ ԵՄ-ն հարգանքով է վերաբերվում այն բանին, որ Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ:

Սակայն հիմնական ինտրիգը, բնականաբար, Սահմանադրական բարեփոխումներն են այս կոնտեքստում: Ընդհանրապես, փոքր պետությունների համար, ինչպիսին է Հայաստանը, իսկապես խնդիր է արտաքին գերտերությունների հետ պահպանել հարաբերական անդորր: Պարզից էլ պարզ է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են՝ որպես ռազմավարական դաշնակից երկրներ: Իսկ ահա Արևմուտքի հարցում, հասկանալի պատճառներով, մի փոքր այլ է իրավիճակը:

Հայաստանի համար մոտենում է շատ կարևոր մի փուլ, որտեղ դրված է Սահմանադրական հանրաքվեի հարցը, որն էլ լինելու է Հայաստանի, կարելի է ասել, մոտակա տարիների, ռազմավարական տեսլականը: Հատկանշական է, որ Սահմանադրական բարեփոխումները Վենետիկի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են, ասել է թե՝ Եվրոպայի ուշադրության կենտրոնում են, և նույն Եվրոպան էլ չի ցանկանա, որ Հայաստանում ընդունվի մի այնպիսի Սահմանադրություն, որը կամրապնդի ռուսական ներկայությունը տարածաշրջանում:

Ինչևէ, այն, որ Եվրոպական ներկայությունը Հայաստանում այս փուլում շատ կարևոր է, դա անհերքելի է: Մնում է մեզ հուսալ, որ անկախ նրանից, թե ինչպիսի ընթացք կստանա Սահմանադրական բարեփոխումների զարգացումները, ժողովրդի կամքն արտահայտված լինի այդ զարգացումներում՝ իր մեջ ամփոփելով Արևմուտքի և Ռուսաստանի հավասարակշռված դիրքորոշումները՝ հիմքում ունենալով հայկական իրողության կարևորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել