Սելֆիները հրաշալի են։ Բազմաթիվ, բայց ոչ բազմազան, ավելի կոնկրետ՝ միանման լուսանկարները լցնում են սոցցանցերը։ Դրանք շատերին օգնում են ինքնահաստատվել, շատերին՝ հիանալ սեփական բարեմասնություններով. մկանուտ երիտասարդ՝ մարզասրահից, հյութեղ շրթունքներով գեղեցկուհի՝ սրճարանից ու փարթամ կուրծք՝ կիպ շապիկից։ Նման տեսարանները ոչ միայն արդեն ձանձրացնում են, այլև իրենցից վտանգ են ներկայացնում։ Առավել հարմարավետության ու լուսանկարի որակի համար ստեղծվեցին սելֆի-ձողեր։ Հասարակության համար դրանք վտանգ են ներկայացնում, նաև վտանգում են ձեր կյանքը։ Սելֆի-ձողերն օգնում են նկարել ավելի հեռվից, ըստ այդմ էլ ավելի շատ օբյեկտներ ու տարածություն են իրենց մեջ ներառում, տեսանելի են դարձնում շրջապատն ու գտնվելու վայրը։ Կադրում են հայտնվում մարդիկ, ովքեր գաղափար էլ չունեն, որ կադրում են։ Եթե սա զուտ բարոյական վտանգ կարող է իրենից ներկայացնել, ապա սելֆիի ձողերի ֆիզիկական վնասն էլ պակաս չէ. երկաթե երկար ձող, որը հնարավոր է վնասի, երբ, տարվելով գեղեցիկ լուսանկար ստանալու մարմաջով, չենք նկատում շրջապատն ու մեզ շրջապատողներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել