Վերջապես հայրենի իշխանավորները ժողովրդին հոսանքի թանկացումից շեղելու մի նոր թեմա գտան, որի անունն է Գերման Ստերլիգով՝ ռուս միլիոնատեր գործարար, ռուս ուղղափառ եկեղեցու կարկառուն ներկայացուցիչ, որի անվան շուրջը 1 շաբաթից ավելի է՝ համացանցում աղմուկ-աղաղակ է, անգամ հայհոյանքներ են հնչում այդ անձնավորության հասցեին,  ու դրանք հաճախ վեր են ածվում հակառուսական տրամադրվածության: Ու ի՞նչ է պահանջում երդվյալ մոլոկանի մորուքով այդ անձնավորությունը, որի ասելով՝ իր երկրում՝ Ռուսաստանում, վտանգված է իր ընտանիքի անվտանգությունը, ու դրա համար որոշել է քաղաքական ապաստան ընտրել «ապահով Արցախը»: Բիզնես ներդնելուց ու ինչ-որ խմիչքի արտադրություն կազմակերպելուց զատ՝ նաև իրեն իրավունք է վերապահել Շուշիի պետական խնդիրների մեջ ներգրավվել, Շուշիին հին հայկական թագավորության կարգավիճակ տալ, արծաթե ու ոսկե դրամներ հատել: Այս վերջին ուտոպիական գաղափարը ֆեյսբուքում մի այնպիսի հայհոյախոսության տարափ առաջացրեց հայ օգտատերերի մոտ, որից, ինչպես ասում են՝ քիթ-բերանդ փակի ու փախի՝ թե կփրկվես գարշահոտությունից: Նման գաղափարի հնարավոր իրականացումը (ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար՝ ծրագրեցին), նշանակում է ոչ միայն Արցախի ու Հայաստանի միջև դրամական խառնակչություն գցել, այլև Շուշիին առանձին պետության կարգավիճակ տալ՝ հասնելով Արցախից նրա պոկվելուն: Եվ եթե հաշվի առնենք, որ Հայաստանն էլ Եվրասիական միության մեջ ընդգրկվելու արդյունքում կարող է մի օր էլ ռուսական ռուբլու գոտի մտնել (ինչի մասին արդեն իսկ տնտեսագիտական կանխատեսումներ կան), ապա հենց դրանից էլ կսկսվի Արցախի ու Հայաստանի միջև անջրպետի առաջացումը: Արցախի համար կյանք ու ջանքեր ներդրած հայաստանցիներն ու սփյուռքահայերն իբր շատ ուրախ էին, որ 25 տարի առաջ Սովետական Ադրբեջանի լուծը թոթափած Արցախը Հայաստանին միավորելու ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը թղթի վրա մնաց (քանի որ դրանից հետո մի որոշումով էլ Արցախն անկախ հռչակեցին), մնում էր հիմա էլ Շուշին Արցախից փորձեն անկախացնել. այն էլ ոչ թե հայերի, այլ ռուսների ձեռքով: Ու հիմա, բնականաբար, այդ առաջարկի հեղինակ օտարերկրյա գործարարին թե գործակալին քարկոծել է, որ քարկոծում են համացանցում: Համացանցը խառնվել է, կայքերն աղմկում են, օգտատերերից շատերը՝ հայհոյում, իսկ Արցախից կարծես թե ձայն-ծպտուն չկա. այնպես, ինչպես հայաստանյան ներքաղաքական իրավիճակի հանդեպ է սովորաբար Արցախում «ըմբռնումային» լռություն պահպանվում՝ Հայաստանի «ներքին խնդիրներին» չխառնվելու տրամաբանությամբ. արշալույսները խաղաղ,  հոսանքը՝ էժան, ՀԷՑ-ն՝ առանց Բիբինի: Երանելի հանգստություն է նաև հայաստանյան ռադիոհեռուստատեսությունում, համապատասխան որևէ պետական կառույցից այդ առթիվ մեկնաբանություն չի արվում, գրեթե բոլորն զբաղված են սահմանադրական «բարեփոխումների», թե չարեփոխումների շուրջ ջուրծեծոցներով ու հաճելին օգտակարի հետ համատեղող ամառային «զովացուցիչ», բայց՝ անպտուղ, ժողովրդին ոչինչ տվող սեմինարներով՝ հայաստանյան թանկանոց հանգստյան տներում: Հետաքրքիր է, Արցախն ազատագրող հայաստանցի ազատամարտիկի խաղաղ երթն Արցախում արգելում են, դեռ մի բան էլ վրադիր՝ երթի մասնակիցներին «փառավոր» ծեծի ենթարկում, բայց ինչ-որ կասկածելի օտարերկրացու թույլ են տալիս լայնածավալ գործունեություն ծավալել հասարակության մեծամասշտաբ ըմբոստության պայմաններում, որ առայժմ համացանցային պայքարի տեսք ունի: Բա որ մի օր հանկարծ «Արի ուրիշի տուն» ծրագրով Արցախ եկած միլիոնատիրոջ մտքով անցնի ասել՝ «Փաթաթեք այս հանրապետությունը, ես գնում եմ այն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել