Փաստորեն, «Դեմ ենք հոսանքի թանկացմանը» շարժումն ավարտեց բողոքի ցույցերը... «Վարդավառը» սրբեց-տարավ բոլոր հետքերը... Երեկ, «Ազատություն» ռադիոկայանով որ չլսեցի՜... «Հանրապետական» պատգամավորները շնորհակալություն են հայտնում երիտասարդ ցուցարարներին՝ «ըմբռնումային» վերաբերունքի ու ցույցերը չքաղաքականացնելու, իշխանության նկատմամբ «հասկացողություն» ցուցաբերելու (այլ կերպ՝ «մեծի խոսքը լսելու»), ՀԷՑ-ի ծանր դրության մեջ մտնելու և ցույցերը դադարեցնելու համար: Փաստորեն, լավ փառավոր կոտրեցին ժողովրդի գլխին հոսանքի հերթական թանկացումը, և հիմա «Դեմ եմ»-ի՞, թե՞ «Ոչ թալանին» շարժման միակ նպատակը բռնություններ կիրառած ոստիկաններին աշխատանքից ազատելու պահանջն է ու այն հարցը, թե ՀԷՑ-ի աուդիտին շարժման ակտիվիստները կմասնակցե՞ն, թե՞ չէ: Իսկ հոսանքի թանկացումը, փաստորեն, մնաց ետին պլանում մինչև աուդիտի ավարտը, իսկ այդ ընթացքում ժողովուրդն ստիպված կլինի վճարել արդեն թանկացած սակագնով, որ ուժի մեջ կմտնի օգոստոսի մեկից. բացառությամբ «սուբսիդավորվող» խավի: Հեյ վա՜խ... ողբամ զմեզ, Հայոց աշխարհ: Երեկ էլ, պարզվում է, Վանաձորում ցույց ու երթ է եղել. երիտասարդական շարասյունը, քաղաքացիական նոր «շկոլա» անցած, «Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկելով, ի պաշտպանություն մայրաքաղաքային ցուցարարների, պահանջել է մայրաքաղաքային ցույցերի ժամանակ քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկաններին պատժել օրենքի ողջ խստությամբ. ու ոչ մի խոսք հոսանքի անհիմն թանկացման մասին. թերևս, այսուհետ ցույցերի նպատակաուղղվածությունը միայն դա կլինի քավության նոխազ դարձնել մասնագիտական պարտք ու միգուցե ստվերային հանձնարարություն կատարող ոստիկաններին: Միամիտ հո չե՞ն մարդիկ. ոստիկաններն իրենց-իրենց էի՞ն ակտիվացել՝ հանուն ակտիվության... Հանձնարարել են՝ ակտիվացել են... Թե չէ էդ ո՞նց եղավ, որ սկզբում բռնություններ էին կիրառում, բայց երբ ողջ քաղաքակիրթ աշխարհն այն դատապարտեց, սկսեցին «փաղաքշական» միջոցների անցնել, ու Բաղրամյան պողոտայում վերջին մոհիկաններին տարածքից հեռացնելիս փոխոստիկանապետը հոգևորականի ոճով ասում էր՝ «Գրկում ենք՝ տանում ենք, մեր եղբայրներն են, մեր քույրերն են, գրկում ենք-տանում ենք»: Բա թող «էն գլխից» գրկեին-տանեին (թեպետ հազիվ թե գրկվողները դրանից մեծ ուրախություն զգային), ոչ թե «շլանգն առած» ջրեին ու մահակածեծ տային սկզբից:

Բա որ մենք մեր երկրի տերը լինենք, հերթական թանկացումը կկոտրեի՞ն մեր գլխին: Մենք նույնիսկ մեր քաղաքի տերը չենք, ով որտեղ ուզում՝ քանդում է քլունգն առած, նախկինում «Լոռվա գեղեցկուհի» տիտղոսով «Իմ Կիրովական» երգում մեծարված քաղաքը վեր է ածվել 40 տարվա մաշված ու թեփրահան եղած կավատի, քանի որ քաղաքի կենտրոնական հատվածներն, անգամ համատարած, շինարարական մեծ աղբանոց են դարձել, իսկ շուկայամերձ տարածքներում, հաճախ էլ շուկայում կոյուղաջրերի գարշահոտությունից մարդիկ շնչահեղձ են լինում՝ ավելացրած թափառող շների մշտական առկայությունը: Շինաքանդարարները երևի թե առաջնորդվում են «Այս հին աշխարհը կքանդենք մենք, մինչև հիմքերը և հետո...» ինտերնացիոնալի կարգախոսով. իսկ «հետո»-ն չկա. փողոցների տարբեր հատվածներ քանդում են, բայց հետո կամ նորմալ չեն ասֆալտապատում, կամ ընդհանրապես այդպես էլ թողնում են՝ երևի թե մտածելով՝ «Մեկ է՝ մի երկու օրից էլի ենք քանդելու»: Որտեղ ասֆալտ կա՝ ջուր է դուրս գցում տեղ-տեղ, որտեղ ասֆալտ չկա, ուրեմն արդեն մի քանի անգամ քանդել են ու լավագույն դեպքում խճապատել: Իսկ իրական վթարների մասին ահազանգերը, դատելով հեռուստատեսային մշտական բողոքներից, մնում են անարձագանք: Անցած ամիս էլ կանայք էին բողոքում, որ ոչ միայն կոշիկներն են վտանգի ենթարկում, այլև ոտքերը. մի երիտասարդ կին էր դժգոհում, որ անբարեկարգ փողոցում ոտքը վնասելու արդյունքում 40 օր տնից  չի կարողացել դուրս գալ: Մի խոսքով՝ «Բողոքում են երկինքն ի վեր» վիճակ է, բայց «վերևներում» լսող չկա: Հետաքրքիր է, այդ բողոքները մարզպետարան չե՞ն հասնում: Վանաձորից ընտրված պատգամավորի էլ բողոքները մնացին «առկախված»: Քաղաքապետն էլ մի երկու անգամ ասուլիս տվեց ու հասկացրեց, որ լծակներ չունի քանդաշինական գործընթացը կանխելու, քանի որ անունը դրել են «գերմանական վարկային ծրագիր», բայց ինչ-որ անորոշ հավաստիացումներ տվեց 2 ամիս առաջ, թե կպարտավորեցնի քանդածը բարեկարգել կամ կփորձի տուգանքների միջոցով նրանց քանդածը բարեկարգել տալ, բայց մինչև նա կմտածի բարեկարգել տալու մասին, մի անգամ քանդածը նորից ու կրկին են քանդում. հիմա էլ հերթական անգամ հերթը հասավ Շիրվանզադեի փողոցին ու նրան հարող Լազյանին ՝«Լաչինի միջանցք» կոչվող բացօթյա առևտրի վայրին: 10 օր առաջ վերին հատվածները քանդեցին՝ կիսատ փակեցին, մի քանի օր առաջ էլ հերթը կրկին հասավ ներքևներին, 1 տարի է՝ մարդիկ փոսերի վրայով են քայլում ու փոխանակ փոսերը փակեին, սկսեցին նորից քանդել՝ երկարությամբ, լայնությամբ, կողքից, խաչաձև, զիգզագաձև, ու առևտրականներն էլ, գնորդներն էլ պարբերաբար հայտնվում են փոսերի մեջ: Հետաքրքիր է, մարզային իշխանության որևէ ներկայացուցիչ երբևէ չի՞ այցելում այս տարածք, որ տեսնի, թե հայ ժողովուրդն ինչ անմարդկային պայմաններում է այդտեղ օրվա հացի խնդիր լուծում: Շինաքանդարարները՝ մի կողմից, ապօրինաշինարարները՝ մյուս կողմից են քաղաքն այլանդակում. անգամ մայթի հաշվին շենք են կառուցում, մինչդեռ ավելի վաղ կառուցված շենք-շինությունները տարիներով գնորդ չեն գտնում: Մինչև ե՞րբ է շարունակվելու բնակչության նկատմամբ այս կենցաղային «ահաբեկչությունը»: Եվ այս պայմաններում գլուխ գովալ, թե «Մենք ենք տերը մեր երկրի», նշանակում է իշխանություններին պարզապես ծիծաղեցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել