«Newmag» ամսագիրը փոխում է իր կառուցվածքը. այսուհետև հրաժարվելու է խորագրերից և ներկայացնելու է բացառիկ հարցազրույցներ։ «Հացառատ Fresca» կաֆե-համալիրում երեկ կայացավ «Newmag»-ի ամառային հանդեսի շնորհանդեսը, որի շապիկին ֆրանսիացի ժամանակակից գրող Բեռնար Վերբերն է: Այս առիթով կազմակերպվել էր գրական քննարկում Վերբերի ստեղծագործությունների վերաբերյալ, որն ուղեկցվում էր Անահիտ Մանասյանի և «Mojo blues band»-ի երաժշտական կատարումներով։ «Արմքոմեդիի» տղաները՝ Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանն էլ ներկայացրին «stand up» շոու։ BlogNews.am-ը ֆիքսել է երեկոյի հետաքրքիր պահերը:)

«Մենք այս տարվա հունիսից փոխեցինք մեր կառուցվածքը։ Նախկինում ունեինք մշտական խորագրեր, հիմա որոշեցինք հրաժարվել խորագրերից և անում ենք էքսկլյուզիվ հոդվածներ։ «Newmag»-ը կառուցված է հիմնական 2 սկզբունքով. առաջինը՝ մենք կուտակում ենք բացառիկ հարցազրույցներ, երկրորդը՝ դրանց հետ միասին փորձում ենք ժամանակին համահունչ լինել և փորձել այդ պահին ակտուալ թեմաներին անդրադառնալ»,- ասաց «Newmag»-ի գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանն ու հավելեց, որ իրենց հուլիսյան համարը տպարանի ճանապարհին է, իսկ շապիկին Նաստասյա Կինսկին է, ում հետ բացառիկ ֆոտշարք և հարցազրույց են արել։

Անդրադառնալով Բեռնար Վերբերին՝ նա ասաց, որ իր տպավորությամբ՝ Վերբերը, ամենակարևորը, տարբերվում է մյուսներից այնքանով, որ շատ աշխատասեր է։ «30-35 տարեկանում նա փոխել է մի քանի մասնագիտություն, սովորել է մի քանի քաղաքներում։ Նա շատ երկար գրել է, որքան էլ հետաքրքիր է, «Հրեշտակների կայսրությունը» գիրքը նա սկսել է գրել 6 տարեկանում՝ որպես դպրոցական շարադրություն, հետո զարգացրել է այն և խմբագրման մի քանի փուլ անցել»,- ասաց Արտակ Ալեքսանյանը և նշեց, որ Վերբերի դեպքում մենք գործ ունենք կոմերցիոն գրողի հետ։

Ըստ Արտակ Ալեքսանյանի՝ Վերբերի հաջողության գաղտնիքներից մեկն այն է, որ նա տարին մեկ անգամ անպայման գիրք է թողարկում։

«Newmag»-ի խմբագիր Գնել Նալբանդյանը խոստովանեց, որ Վերբերի ստեղծագործությունները չի սիրում։ Ըստ նրա՝ Վերբերը թրենդային գրող է։ Գրականագետ Արմեն Ավանեսյանը, ով խմբագրել է Վերբերի գրքի հայերեն թարգմանությունը, նշեց, որ Վերբերն իր համար հետաքրքիր գրող է, նա կարողանում է կենդանիների միջոցով ցույց տալ մարդկանց։ Միևնույն ժամանակ գրականագետը նշեց, որ իր համար Վերբերը ժամանակակից հայ գրողներից լավը չէ։

Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանն էլ ներկայացրին 10 վերնագիր, որ չեն կարող տեղ գտնել «Newmag»-ում, և ինչպես կարձագանքեին հայ քաղաքական գործիչները Վերբերի այցին Հայաստան:)

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել