Կյանքը մրցակցություն է, և կարևոր չէ՝ դա ինչ ոլորտում կլինի՝ քաղաքական, բիզնես, սպորտ և այլն: Աշխարհին ծանոթ լավագույն մոդելներից մեկը մրցակցությունն է, ինչը խրախուսվում է և իրականում տալիս արդյունքներ: Եթե դաշտում կան հզոր խաղացողներ, ովքեր, մեկը մյուսին հերթ չտալով, փորձում են շահել ժողովրդի վստահությունը, ապա այդ երկրում զարգացումը ապահովված է, որտեղ շահող կողմը ժողովուրդն է: Եթե դաշտում չկան խոշոր խաղացողներ, ապա ժողովուրդը դուրս է մղվում որպես շահող կողմ և բարիքներից որոշ չափով օգտվում են համեմատաբար փոքր խաղացողները: Սա կյանքի օրենքն է՝ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»: Զարգացած երկրներում դրա դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը մրցակցությունն է, որտեղ պետք է գործեն մինիմում երկու խոշոր խաղացող: Իսկ այդ խոշոր խաղացողներին պետք է միանան թույլերը: Պարզ օրինակ են ԱՄՆ-ում հանրապետականները և դեմոկրատնները, «Coca-cola» և «Pepsi» ընկերությունները, և այսպես կարող եմ թվել բազմաթիվ անուններ: Այս պահին մենք գտնվում ենք այդ փուլում, որտեղ բացի մեկ խոշոր խաղացողից ևս մեկ խաղացող է գալիս քաղաքական դաշտ, ով ցանկանում է մրցակցել ամենախոշորի հետ: Հիանալի է, այս քայլի համար պետք է շնորհակալություն հայտնել ԲՀԿ-ի առաջնորդներին և կուսակցության անդամներին: Շնորհակալություն պետք է հայտնել նաև իշխանության առաջնորդններին և ՀՀԿ-ի կուսակցության անդամներին, քանի որ երկրի զարգացման ապագան տեսան հենց մրցակցության մեջ և ճանապարհ հարթեցին նոր ուժի ստեղծման համար: Այս քայլը միայն ողջունելի է, իսկ պտուղնները կքաղենք տարիներ անց: Բայց այսօր պակասում է մի քանի կարևոր և պարտադիր պայման, որոնք բացակայում են ոմանց մոտ: Մրցակցության մեջ պետք է տարվի քաղաքակիրթ պայքար, ինովացիաներով, այլ ոչ թե հայհոյելով գրավել ժողովրդի վստահությունը, դաշտում աշխատել մաքսիմալ թափանցիկ, քննադատելուց հետո առաջարկել իրատեսական լուծումներ, այլ ոչ թե զբաղվել պոպուլիզմով: Այս ամենից հետո դաշտ պետք է բերել գլխավոր խաղացողներին (ժողովրդին), այսինքն՝ պետք է զարգացնել քաղաքացիական հասարակությունը, որ կլինի քաղաքական դաշտի խնդիրները բարձրաձայնողը: Վերջին տարիներին մեր երկրում նկատվում է քաղաքացիական հասարակության աշխուժացում, ինչը միանշանակ ողջունելի է: Եվ այս ամենից հետո որպես հսկող և վեևահսկող մարմին պետք է դաշտ բերել ԶԼՄ-երի, ովքեր կլինեն անկախ և կհրապարակեն դաշտում անարդար խաղացողների ստվերային և անօրինական խաղերը: Ահա մի մոդել, որը լուրջ զարգացում կբերի մեր երկրին, և մենք տարիներ հետո կունենանք ամուր հիմք, և հենց այդ ժամանակից կմեկնարկի թռիչքային զարգացման փուլը: Եվ եկեք մեզ կույրի տեղ չդնենք և համաձայնվենք, որ այս զարգացումները տեղի են ունենում երրորդ նախագահի պաշտոնավարման ընթացքում: Իսկ անցյալից խոսողները լավ կլինի՝ ասեին, թե ի՞նչ ներդրում են ունեցել իրենց երկրի զարգացման գործում և պատասխանեն, թե ինչո՞ւ էին միակ և դոմինանտ ուժը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել