Միջազգային տարբեր առարկայական օլիմպիադաներում մեր աշակերտները շարունակում են լուրջ հաջողություններ գրանցել և նվաճած մեդալների քանակով մնալ տարածարջանի առաջատարը: Սկսած 2010թ.-ից՝ հայ դպրոցականների նվաճած մեդալներն աճում են, և նույնիսկ եղավ պահ, երբ մերոնց մեդալների քանակն ավելին էր, քան մեր հարևաններ Վրաստանի և Ադրբեջանի նվաճածները միասին վերցրած: Անշուշտ, սա խոսում է այն մասին, որ մեր դպրոցը տարածաշրջանում ամենաուժեղն է, անշուշտ սա նշանակում է, որ հայ դպրոցը տարեցտարի դառնում է ավելի ուժեղ, սակայն սա չի նշանակում, որ մեզանում խնդիրները քիչ են, կամ որ մենք՝ կրթական ոլորտի պատասխանատուներս, կարողանում ենք մեր աշակերտների հաջողություններին համարժեք հաջողություններ արձանագրել բազմաթիվ խնդիրների լուծման հարցում:

Ինչևիցե, որպես կրթության նախարար և որպես ուղղակի հայ մարդ՝ հպարտությամբ եմ հետևում մերոնց հաջողություններին, դեռևս կան միջազգային առարկայական չորս օլիմպիադաներ, որտեղ մեր երեխաներն իրենց ասելիքը կասեն, բայց արդեն իսկ լուրջ ցուցանիշներ ունենք, այն է՝ 11 մեդալ միայն ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից, ընդունեք, որ սա լուրջ ձեռքբերում է ոչ միայն մեր հարևանների հետ համեմատության մեջ: Տարբեր երկրների լրատվական հոսքերում կարելի է կարդալ օլիմպիադաներին իրենց դպրոցականների մասնակցության արդյունքները խիստ քննադատության ենթարկող հոդվածներ, և սրանք երկրներ են, որոնք մեզանից մի քանի անգամ ավելի մեծ գումարներ են ծախսում մեկ աշակերտի հաշվարկով:

Այսքանից հետո կարելի է ուղղակի ասել մեկ բան՝ կեցցե հայ դպրոցը, հայ աշակերտն ու հայ մանկավարժը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել