Այս շրջանում Արարատյան դաշտում ակտիվորեն ընթանում են մթերման և արտահանման գործընթացները: Այս տարի ավելի շատ պտուղ-բանջարեղեն է մթերվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Ներկայիս տվյալներով մթերվել է 650 տոննա բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 510 տոննայի դիմաց:

Արտահանման ծավալները նույնպես գոհացնող են: Մասնավորապես, ընթացիկ տարում Հայաստանից արդեն արտահանվել է 43 հազար 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 հազար 847 տոննայի դիմաց: Հաշվի առնելով նախորդ տարվա ցուցանիշները` կարելի է ասել, որ շուտով այդ ցուցանիշը կգերազանցի նախորդ մեկ տարվա ցուցանիշները:

Խոսելով ծիրանի մասին` պետք է նշել, որ երեկվա դրությամբ արտահանվել է 17 հազար 86 տոննա ծիրան՝ նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց: Ինչ վերաբերում է կեռասին, ապա այն արտահանվել է 1589 տոննայի չափով՝ նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:

Արտահանման ծավալների ավելացումը ենթադրում է նաև տրանսպորտային միջոցների ավելացում: Խոսելով Լարսի ճանապարհից` պետք է նշել, որ այնտեղի անցակետն աշխատում էր օրվա մեջ ընդամենը 12 ժամ: Նման պայմաններում ավելորդ հերթերից և քաշքշուկներից խուսափելու համար հարկավոր էր ավելացնել աշխատանքային ժամերի քանակը:

Մի քանի օր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ քննարկվել է վերը նշված ճանապարհի աշխատանքային ռեժիմի փոփոխությունը: Վրացական կողմի հետ քննարկումը հաջող է անցել, և որոշվել է երեք ժամով երկարացնել աշխատանքային ժամանակը:

Հասկանալի է, որ անցակետի աշխատանքային ժամաքանակի քիչ լինելը կապված է բացառապես անվտանգության հետ, սակայն նոր համաձայնությամբ մինչև 21:00-ն ճանապարհն անցած տրանսպորտային միջոցները չեն սպասի մինչ առավոտ և կանցնեն անցակետը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել