Տարվա մեջ 1 օր՝ հուլիսին, ինչ-որ ավազակամետ հակումներով երեխաներ կամ երիտասարդներ դույլերով ջուրը «շպպացնում» են իրենց լրիվ անծանոթ մարդկանց վրա՝ վայրենի ճիչերով հարձակվելով, ավտոմեքենաներ են առնում, «շուրջկալի» մեջ ու անունը դնում «Վարդավառ»՝ խիստ ազգային տոն՝ հեթանոսությունից եկող, որի պատճառով այդ օրը շատերը տնից դուրս չեն գալիս: Երեկ հեռուստատեսությամբ, մի տարեց կին՝ մայրաքաղաքից, միանգամայն իրավացիորեն նկատեց. «Եթե երեխան իմ տարիքի կնոջ վրա ջուր է նետում, դա խոսում է նրա վատ դաստիարակության մասին»: Բայց ինչո՞վ են մեղավոր ավելի երիտասարդ տարիքի մարդիկ, որոնց վրա էլ կարող են դույլով կամ շշով ջուր լցնել՝ առանց վերջինիս ցանկությունը հաշվի առնելու: Իսկ պատկառելի տարիքի որոշ մարդիկ հեռուստատեսությամբ փորձում էին արդարացնել երևույթը՝ այն համարելով ազգային սովորույթ: Թող ջրեն ու ջրվեն նրանք, ովքեր դրա ցանկությունն ունեն, ովքեր հասակակիցներ են, երեխաներն իրենց բակերում խաղան՝ իրար վրա ջուր լցնեն, իսկ մեծահասակները գնան Սևան՝ «ջրվելու», ոչ թե դույլերն առած հարձակվեն անպաշտպան մարդկանց վրա, ովքեր կարող է այդ պահին բացառապես ցանկություն չունեն «զվարճանալու», որոնք միգուցե սգո հանդիսության են գնում... Երբ հարևանը հարևանի տունը «ջրում» է անփութության կամ ջրի վթարի հետևանքով, նրանց միջև կռիվ-ղալմաղալ է ընկնում, բայց, փաստորեն, փողոցում «կարելի» է ջրել անգամ անծանոթ մարդկանց: Երեկ էլ մի Առաքելական եկեղեցու հոգևորական էր խոսում հեռուստատեսությամբ՝ հպարտանալով ու խոստովանելով, որ ինքն էլ է մասնակից լինում այդ ծեսին՝ դրա համար մերկանալով. այսինքն՝ հատուկ նախապատրաստվում է, ու նաև դատապարտեց, որ երևույթը հաճախ բռնությամբ է տեղի ունենում՝ առանց մարդկանց ցանկության հետ հաշվի նստելու: Վատն այն է, որ հաճախ փոխանակ հեռուստատեսությամբ նախօրոք դատապարտեն ու զգուշացումներ անեն, կրոնական այդ ծիսակարգի հետ կապված հաջորդ օրերին են այդ մասին խոսում: Մարդուն առանց ցանկության ջրելը պարտադրանք է ու բռնություն, միգուցե մարդն առողջական խնդիրներ ունի, ու նրան հակացուցված է սառը ցնցուղը, որ կարող է անգամ կաթվածի հասցնել... Ու հանուն ինչի՞՝ ինչ-որ մեկի վայրի հրճվանքի ու ինքնահաստատմա՞ն... Ազգովի տեսանք, թե ինչ ահավոր տեսարան էր, երբ ոստիկանները Բաղրամյան պողոտայի ցույցը ցրելու նպատակով վաղ առավոտյան ջրի հզոր շիթերով հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա, որոնցից շատերն անգամ քնած են եղել (այդ տեսարանն ինձ հիշեցրեց «Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ» ֆիլմը, երբ մարդիկ աղեկտուր ճիչերով փորձում էին պաշտպանվել դինոզավրերից...): Ու եթե նմանատիպ գործողությունները դատապարտում ենք, ինչպե՞ս կարող ենք այն արդարացնել «Վարդավառի» պարագայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել