Միջուկային խնդրի շուրջ բանակցություններն ու Իրան-«վեցյակ» հանդիպումն, ըստ էության, այս պահին համաշխարհային նշանակության թիվ մեկ իրադարձությունն է:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն, անդրադառնալով կողմերի միջև ձեռք բերված համաձայնագրին, նշել է, որ վիթխարի աշխատանք է կատարվել, որը կարող է կարևոր ներդրում ունենալ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ կայունության և խաղաղության հաստատման համար։

Միջազգային լրատվամիջոցներն, անդրադառնալով Իրանի և «վեցյակի» միջև ընթացող բանակցություններին, հրապարակել են համաձայնագրի մի շարք մանրամասներ, ըստ որոնց՝ Իրանը համաձայնել է Թեհրանի կողմից «վեցյակի» հետ համապարփակ համաձայնագիրը չկատարելու դեպքում ՄԱԿ-ի կողմից 65 օրվա ժամկետում պատժամիջոցների վերականգնման հնարավորությանը:
Հաղորդվում է նաև, որ Իրան-«վեցյակ» համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևի ընդունումից 90 օր անց, իսկ բանակցությունների ավարտից անմիջապես հետո բանաձևի համապատասխան նախագիծը կուղարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ անհապաղ ընդունման համար:

Հարկ է նկատել, որ համաձայնագրի կնքումից հետո Իրանին կթույլատրվի քաղաքացիական ինքնաթիռներն ու դրանց պահեստամասերը վաճառել ամերիկացիներին պատկանող, սակայն ոչ ամերիկյան կազմակերպություններին: 
Ինչ վերաբերում է Իրանին զենքի մատակարարմանը, ապա որոշվել է, որ սկզբում կթույլատրվի պաշտպանական, իսկ ավելի ուշ նաև հարձակվողական զենքի վաճառքը, իսկ 800 իրանցի անհատներ ու իրանական կազմակերպություններ դուրս կբերվեն պատժամիջոցների «սև ցուցակից»:

Հ.Գ. Իրանի և «վեցյակի» միջև համաձայնության լուրերից հետո նկատվել է նավթի համաշխարհային գների անկում: Վերլուծաբանների կարծիքով՝ շուկան այդպես է արձագանքում իրանական միջուկային հարցի շուրջ ձեռք բերված համաձայնությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել