BlogNews.am-ն արդեն պատմել է, որ դերասանուհի Տաթև Սարգսյանը նշանադրվել է: Այս անգամ դերասանուհու հետ խոսել ենք ամառային հանգստի մասին:
Դերասանուհին խոստավանեց, որ սա իր կյանքի ամենատաք և ամենավառ ամառն է, քանի որ այն սիրով է լեցուն. «Միանշանակ, հարսանիքից հետո կմեկնենք որևէ երկիր՝ լիցքաթափվելու: Հիմա դեռ ոչինչ չենք պլանավորել ապագա ամուսնուս հետ, քանի որ զբաղված ենք հարսանեկան նախապատրաստական աշխատանքներով, ինչը մեզ համար, իհարկե, շատ կարևոր և պատասխանատու առիթ է: Ամեն ինչ պետք է հնարավորինս կատարյալ լինի»:
Չնայած զբաղվածությանը՝ Տաթևը և ապագա ամուսինն արդեն հասցրել են գնալ քաղաքից դուրս. «Ես շատ եմ սիրում քաղաքից դուրս հանգստանալ, մեր բնությունն իսկական հրաշք է: Շատ սիրում եմ Տաթևը և Ծաղկաձորը, որտեղ շատ հաճախ եմ լինում: Սիրում եմ բացահայտել մեր բնությունը, այն վայրերը, որտեղ առհասարակ չեմ եղել: Հպարտ եմ, որ վանքերից մեկի անունն եմ կրում: Հիմա ուզում եմ Արևմտյան Հայաստան գնալ, լինել Երուսաղեմում և Հունաստանի Սանտորին կղզում, դրանք ինձ համար այլ «լեվըլ» են»:
Դերասանուհին ընտանեկան հանգստի սիրահար է, հատկապես սիրում է այդ ընթացքում լսել պապիկի պատմած պատմությունները. «Յուրաքանչյուր ճամփորդություն ասես մի ուրիշ կյանքի սկիզբ լինի, անգամ ճամպրուկները հավաքելիս դեմքիդ տարօրինակ քաղցր ժպիտ է գալիս: Վստահ եմ, որ բոլորն էլ հանգստից հետո վերադառնում եմ փոքր-ինչ փոխված: Եթե ճամփորդությունները լինեին անվճար, ապա ինձ այլևս ոչ ոք չէր տեսնի: Երազում եմ այնքան ճամփորդել, որ օդանավակայանի աշխատակիցները ճանաչեն և հարցնեն՝ իսկ հիմա՞ ուր»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի