Երեկ Մանկավարժական համալսարանի գրադարանի կոլեկտիվի հետ գնացել էինք Արզնու ձորը։ Չէ, նպատակս այն չէ, որ նկարագրեմ, թե ինչպես անցկացրեցինք օրը։ Անկախությունից ի վեր առաջին անգամն էի այդտեղ լինում։ Թալանված ու ավերված առողջանային շենքերը, ձորի հակասանիտարական, աղքատ, անխնամ, տխուր վիճակը ստիպեցին մեկ անգամ նորից հիշել մեր երկրի ձեռք բերած անկախության գինը, Լևոն Տեր Պետրոսյանին, Վազգեն Մանուկյանին, ՀՀՇ-ի ողջ անձնակազմին, սեփականաշնորհման խայտառակ գործընթացը, ձևական վաուչերները, որոնք գրոշներով խլվեցին հասարակ աշխատավորից, միլիոնատեր դարձրեցին տասնյակ անարժանների։ Մի խոսքով՝ Հայաստան երկրի ավերումը։ Սիրտս նորից մղկտաց։ Դե արի ու մի բարի խոսքով, հարգանքով հիշիր այդ մարդկանց, դե արի ու վստահիր նրանց։ Իսկ նրանք այդպես էլ պատասխան չտվեցին Հայաստանն ավերակների թանգարանի վերածելու համար։ Երկար ու ձիգ տարիներ են անցել, բայց ավերումի հետքերը, լուռ վկաները շարունակում են կանգնած մնալ ամեն մի գյուղում, ավանում, քաղաքում; Ո՞նց նորից մեկ անգամ էլ չասես՝ ԱՄՈԹ ՁԵԶ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել