Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Լիլիթ Հովհաննիսյանի հայցն ընդդեմ «BlogNews.am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանի՝ պատասխանողի կողմից իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և պատասխանի հրապարակման պարտավորեցնելու պահանջների մասին։

02.04.2014-ից Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Լիլիթ Հովհաննիսյանի գործն ընդդեմ Արամ Անտինյանի։ Լիլիթ Հովհաննիսյանի ներկայացուցիչը հայցադիմումով հայտնել էր, որ BlogNews.am կայքի միջոցով հրապարակվել և համացանցում տարածվել էր Լիլիթ Հովհաննիսյանի հասցեին վիրավորական արտահայտություններ պարունակող հոդված՝ «Լիլիթ Հովհաննիսյանը և Արամեն շատ խիստ նեղացրել են Վլադիվոստոկի հայերին» վերնագրով։ Հոդվածում հղում էր կատարված «Անկախ Հայաստան» օգտատիրոջ վրա։ Լիլիթ Հովհաննիսյանն Արամ Անտինյանից պահանջել էր հեռացնել գրառումը, հրապարակել ներողություն և պատասխան հրապարակել։

Ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները՝ դատարանը գտավ, որ հայցը ենթակա է մերժման, քանի որ միայն գլխավոր խմբագիր լինելու փաստի ուժով Արամ Անտինյանը չի կարող պատասխանատվություն կրել ենթադրյալ վիրավորանք հասցնելու համար, քանի դեռ չի ապացուցվել, որ նա է կատարել վիրավորանք հասցնելուն ուղղված գործողություններ։ Դատարանը գտավ, որ հայցապահանջն Արամ Անտինյանի դեմ ուղղված լինելու ուժով անհիմն է և ենթակա է մերժման։ Դատարանը գտավ նաև, որ հայցը մերժելու պայմաններում դատական ծախսերի մասով հայցվորի ներկայացրած պահանջը ևս ենթակա է մերժման։

BlogNews.am-ը շնորհակալություն է հայտնում «ELL PARTNERSHIP» փաստաբանական գրասենյակին՝ հանձինս ղեկավար Տարոն Սիմոնյանի և փաստաբան Արամայիս Մելքոնյանի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել