Ինտերնետային կայքերից մեկը հերթական «թոփն» էր գլորել ու «հայ-հավարը» կապել՝ ադրբեջանական լրատվականներին հղում կատարելով, թե «Ղարաբաղն արդեն հետ են հանձնում» ԵԽԽՎ-ի մակարդակով, ու գործի «քավորն» էլ ԵԽԽՎ վեհաժողովին մասնակցող Գեղամյանն է, ով իբր կողմ է քվեարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Մի քանի ժամ անց նույն հարցին վերաբերող տեղեկատվություն հնչեց «Ազատություն» ռ/կայանով, և ի՞նչ պարզվեց. իրականությունը լրիվ հակառակն է. Գեղամյանն, ընդհակառակը, դեմ է գնացել ԵԽԽՎ հայտարարությանը, թե հռչակագրին կամ բանաձևին դեմ է քվեարկել. մասնավորապես այն օրինագծին, որով դատապարտվել են Ռուսաստանի «բռնությունները Ուկրաինայում» (այսինքն՝ Ղրիմում). կողմ քվեարկելու պարագայում կնշանակեր Հայաստանի կողմից հավանության արժանացնել նաև Ղարաբաղը չճանաչելը: Ինչպե՞ս կարելի է նույն փաստի առթիվ 2 իրարամերժ տեղեկատվություն հրամցնել հանրությանը: Եվ քանի որ «Ազատությանն» անմիջապես Գեղամյանն էր պարզաբանումներ տվել, և այդ ալիքը երբևէ աչքի չի ընկել ստախոսությամբ, ուստի հակված ենք ավելի շուտ վերջինիս հավատալ և ոչ թե նախորդ տեղեկատվությանը՝ համացանցում հայտնված, որում հղում էր կատարվել ադրբեջանական կայքերին: Ընդհանրապես, որքանո՞վ է տեղին ադրբեջանական կայքերի վկայակոչումն այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է Հայաստանին կամ Ղարաբաղին: Հատկանշական է, որ համացանցում հաճախ են հանդիպում այնպիսի տեղեկատվություններ, որոնք կարծես ստուգելիս լինեն հասարակության զգոնության աստիճանը. երեկ էլ գրել էին, թե ՀԾԿՀ նիստից հետո ՀԷՑ-ի տնօրեն Բիբինն ապտակել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին: Ու մինչ հիմա լուրը հերքող կարծես թե չի եղել. թեպետ դա, հավանաբար, այն լուրերից է, որոնք կարելի է տեղավորել ժողովրդական հեքիաթների շրջանակում. «Ով էնպիսի սուտ ասի, որ ասեմ՝ սուտ է, թագավորությանս կեսը կտամ»: Ինչ վերաբերում է Գեղամյանի շուրջ խոսակցություններին, ապա, փաստորեն, վերջինս, որպես հայաստանյան ներկայացուցիչ, ավելի եղբայրական վերաբերմունք է ցուցաբերել Ռուսաստանի նկատմամբ՝ վերջինիս վերաբերող դատապարտիչ հայտարարություններին չմիանալով, այլև, ի պաշտպանություն Ռուսաստանի, ԵԽԽՎ-ում 7 լեզվով գրքեր է բաժանել՝ «Չի կարելի Ռուսաստանից հրեշի կերպար ստեղծել» վերնագրով: Միգուցե դրանից հետո գոնե Ռուսաստանն սթափվի՝ իր ռազմավարական գործընկերոջ հանդեպ ոչ այնքան եղբայրական վերաբերմունքը վերանայելով, և ոչ թե Ադրբեջանին զենք վաճառի, այլ Հայաստանին. դեռ վրադիր՝ Ռուսաստանին պատկանող ընկերության միջոցով Հայաստանում պարբերաբար հոսանքի գին բարձրացնի ու ասի՝ «Դա ձեր ներքին խնդիրն է, ինքներդ կարգավորեք»: Ստացվում է՝ ռուսական հայտնի ասացվածքը՝ «Ես քեզ՝ ամբողջ հոգով, դու ինձ՝ ամբողջ թիկունքո՞վ»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել