Մանեքենուհի Լյուսի Հայրապետյանն արդեն ներկայանում է որպես հաղորդավարուհի. նա վարում է ATV հեռուստաընկերության «Հրաշալի 7» հաղորդումը:

Մի շարք նախագծերում նաև որպես դերասանուհի ներկայացած Լյուսին BlogNews.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջերս մի ֆիլմի քասթինգի էր մասնակցել, ինչից հետո իրեն առաջարկել են մասնակցել նաև «Հրաշալի 7»-ի հաղորդավարուհու համար անցկացվող քասթինգին: «Ինձ շատ լավ եմ զգում ATV-ում: Շատ ընկերական, անմիջական միջավայր է, կարծես վաղեմի բարեկամներիս մոտ լինեմ:)»,- ոգևորությամբ նշեց նորաթուխ հաղորդավարուհին:

Լյուսիի փոխանցմամբ՝ միշտ էլ ցանկացել է ներկայանալ որպես հաղորդավարուհի: «Մի անգամ էլ եմ հաղորդում վարելու առաջարկ ունեցել, սակայն ես շատ էի կարևորում, թե ինչ հաղորդում կվարեմ: Ինձ համար կարևոր է նաև, որ «Հրաշալի 7»-ը վարել են այնպիսի մարդիկ, ում ճանաչում եմ՝ Աննա Գրիգորյանն ու Էմմա Բալբաբյանը: Նրանք շատ լավ էին ներկայանում»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ հասարակությունը հաճախ կոնֆլիկտային հարաբերություն է տեսնում մի նախագծի նախկին և ներկա դեմքերի միջև՝ Լյուսին արձագանքեց, որ «Հրաշալի 7»-ի նախկին հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը եղել է իրեն առաջինը շնորհավորողների ցանկում: «Աննայի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, հաճախ շփվում ենք, նա շատ արևոտ ու բարյացկամ մարդ է: Երբ ես իմացա, որ անցել եմ քասթինգը, գրեցի Աննային: Նա շատ ուրախացավ ինձ համար, ասաց՝ ինչ լավ է, որ դու ես վարելու հաղորդումը»,- ընդգծեց մանեքենուհին:

Խոսելով նոր կարգավիճակից բխող բարդությունների մասին՝ Լյուսին ասաց, որ դրանք հիմնականում կապված են արտասանության հետ, քանի որ հեռուստատեսությունն ունի իր պահանջները, սակայն օրեցօր զգում է տարբեությունը. «TV-ում պետք է հստակ ասել բառերի վերջավորությունները: Այդ ուղղությամբ աշխատում եմ ու արդեն առօրյայում էլ եմ սկսել հստակ ասել վերջավորությունները:) Եթերում արդեն 2 հաղորդում է եղել, և դրական արձագանքներ եմ ստացել: Ցավոք, ինքս չեմ հասցրել դիտել առաջին հաղորդումը, քանի որ այլ աշխատանքի էի, երկրորդն էլ մասամբ եմ նայել»:

Ինչ վերաբերում է ամուսնությանը՝ Լյուսիից տեղեկացանք, որ հնարավոր է՝ ինքն ու նշանածն առաջիկայում արդեն ամուսնանան, սակայն սկզբնական փուլում Հայաստանում կապրեն: Մեր նախորդ զրույցում Լյուսին ասել էր, որ ամռան վերջին մտադիր է մեկնել Հայաստանից, այս պահի դրությամբ, սակայն, նրա ծրագրերը հետաձգվել են: «Քանի որ եղավ այս առաջարկը, հիմա ցանկանում եմ մնալ Հայաստանում: Ապագայում կտեսնենք՝ ինչպես կստացվի»,- նշեց նա:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել