«Սիրո գերին» հեռուստասերիալը վերջերս ավարտվեց։ Այս նախագծից հայտնի դարձած Մարինկա Խաչատրյանն առայժմ չգիտի՝ նոր եթերաշրջանում էկրաներին կլինի՞, թե՞ ոչ։

BlogNews.am-ին տված հարցազրույցում Մարինկան ասել էր, որ դեռ չի կողմնորոշվում՝ կվերադառնա՞ դիմահարդարի իր մասնագիտությանը, թե՞ կշարունակի աշխատել որպես դերասանուհի։ Նրանից հետաքրքրվեցինք՝ սերիալի ավարտից հետո հստակ որոշում կայացրե՞լ է. «Չեմ բացառում, որ կզբաղվեմ դիմահարդարմամբ, սակայն ամեն բան կախված է առաջարկներից, որոնք կունենամ։ Եթե ունենամ նոր առաջարկներ, կնախընտրեմ մնալ այս ասպարեզում»։ Ինչ վերաբերում է Թատերական ընդունվելու ցանկությանը, Մարինկան նշեց, որ այս առումով էլ դեռ հստակ որոշում չունի։

Սերիալային դերասանուհուց տեղեկացանք, որ այժմ ունի գեղարվեստական ֆիլմում խաղալու առաջարկ, սակայն մանրամասների մասին կխոսի ավելի ուշ։

Այժմ նա վայելում է ամառային հանգիստը. «Ամառը շատ եմ սիրում և փորձում եմ վայելել այն, հանգստանալ, թեև չեմ կարող ասել, որ շատ էի հոգնել, քանի որ սերիալում նկարահանվելն ինձ համար շատ սիրելի ու թեթև գործընթաց էր»։

Մարինկան դեռ չգիտի՝ այս տարի կգնա՞ հանգստանալու, թե՞ ոչ. ամեն բան կախված է աշխատանքային առաջարկներից։ Հանգստի մեկնելու հնարավորության դեպքում սերիալային դերասանուհին ցանկություն ունի գնալ Իսպանիա կամ Անթալիա։ «Հնարավոր է նաև Բաթումի գնամ, որպեսզի մոտ լինեմ Երևանին»,- ասաց Մարինկան ու հավելեց, որ ամառային հանգիստ ասելով՝ հասկանում է ծով և արևայրուք։

«Լողալ չգիտեմ, բայց շատ եմ սիրում ջուրը։ Այստեղ էլ փորձում եմ գնալ լողավազաններ։ Չեմ թաքցնի, որ լողավազան գնում եմ նաև արևայրուքի համար ու արդեն հասցրել եմ փոխել մաշկիս գույնը։)»,- նշեց Մարինկան, ով օրերս լողավազանային լուսանկար էր հրապարակել սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանի հետ։ Դերասանուհուց տեղեկացանք, որ ինքն ու Ժաննան պատահական էին հանդիպել լողավազանում։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել