Առաջին դեպքը չէ, երբ տրանսֆերային պատուհանի ժամանակ ակտիվանում են շշուկներն ամենաանհավանական տրանսֆերների վերաբերյալ: Վառ օրինակ` վերջին հինգ տարվա ընթացքում միշտ խոսում են, որ Ռոնալդուն ու Մեսսին հեռանալու են իրենց թիմերից` Ռեալից և Բարսելոնայից համապատասխանաբար: Այս տարի ևս խոսակցություններն առկա են, բայց դրանք մղվել են ետին պլան. մեղավորներն արքայական ակումբի երկու լիդերներն են, և այս երկուսի մեջ բացակայում է Ռոնալդուն: Իկեր Կասիլյասն ավագն ու դարպասապահն է, ու Սերխիո Ռամոսն փոխավագն ու լավագույն պաշտպանն է: 

Եվրոպական ֆուտբոլի գերհսկան նոր չէ, որ հայտնի է իր տրանսֆերային ինչպես գրագետ, այնպես էլ տգետ քաղաքականությամբ: Տգետ քաղաքականության վառ օրինակը Ռաուլին վաճառելն էր, բայց դա այլ թեմա է: Վերջին տասը օրվա թեման Կասիլյասի և Ռամոսի` Ռեալից հավանական հեռանալն է: Կասիլասը, կարծես, բռնել է Պորտու տանող ճանապարհը, Ռամոսը` Մանչեսթեր Յունայթեդ: 
Ինչո՞ւ է Ռեալը վաճառում իր լեգենդներին: Այս ակումբի տրանսֆերային քաղաքականության մեջ մտած է գումար վաստակել բոլոր հնարավոր ձևերով: Արաբ շեյխերի փողերը տեսնելով՝ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի աչքերը ջեքփոթ բռնեց. լեգենդար «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնը կարող էր վերանվանվել «Աբու Դաբի Սանտիագո Բեռնաբեու», սակայն այս մասին բանակցությունները կարծես փակուղի են մտել: Ինչևէ:
Թիմի աստղաբույլից ակումբը վաստակում է անհավանական գումարներ մարզահագուստների վաճառքից, գովազդային պայմանագրերից, սպորտային ընկերությունների հետ կնքած համագործակցություններից և այլն: Ռեալը հարձակողական ֆուտբոլիստի պակաս այս մրցաշրջանում չի զգում, ու ակումբի ղեկավարները, չակերտավոր ասած, թիրախի տակ են առել դարպասապահին: Նոր դարպասապահ, այն էլ` աստղային (Ռեալը ցանկանում է գնել Դավիդ դե Խեային (Մանչեսթեր Յունայթեդ)) գնելու դեպքում կշատանան մարզաշապիկի վաճառքից ստացված գումարները: 
Մինչև Ռեալն այս ընթացքում ցանկանում է տարեց, բայց փորձառու Կասիլյասի փոխարեն տեսնել երիտասարդ ու ոչ պակաս փորձառու Դե Խեային, Յունայթեդին մնում է օգտվել արքայական ակումբի վատ տրանսֆերային քաղաքականությունից. տրանսֆերի մեջ ներառել Սերխիո Ռամոսին: Ստացվում է, որ Ռեալը հանուն ինչ-ինչ փողերի, նոր պայմանագրերի, թիմի կազմն էլ ավելի երիատասարդացնելու համար հրաժարվում է ակումբի լեգենդներից: Իհարկե, հասկանալի է, որ երիտասարդ ֆուտոլիստներով Ռեալն ավելի շատ գումարներ կվաստակի, բացի այդ, մարզական առումով, թարմ ու եռանդուն խաղացողներ պետք են, բայց պետք չէ այդպես անարժան վարվել այնպիսի ֆուտբոլիստների հանդեպ, որոնք իրենց ամենավերջին բջիջով նվիրել են մի ընդհանուր հասկացողության, երևույթի: 
Ռեալն աստիճանաբար կորցնում է հարգանքն իսկական արժեքների նկատմամբ, ու սա առավել ցավոտ է ակումբի հին երկրպագուների համար: Ռեալը շատ մոտ է վերջնականապես բիզնես հարթակ դառնալուն, ու այդ ամենի մեղավորն, իհարկե, նորին գերազանցություն փողն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել