Հաղորդավարուհի Անի Դաշյանն այս օրերին պատրաստվում է իր հարսանիքին։ Մի քանի օրից նա և Լյուդվիգ Կարապետյանը միմյանց հավերժ սիրելու երդում կտան։ Նախապատրաստական բուռն ընթացքում Անին մանրամասներ պատմեց BlogNews.am-ին։

«Կարծում էի՝ ինձ համար շատ բարդ կլինի հարսանեկան զգեստ ընտրելը, սակայն 3 զգեստ փորձելուց հետո գտա այն, ինչ ցանկանում էի։ Ինձ համար 3 բան էր շատ կարևոր. որպեսզի զգեստը զերծ լիներ ավելորդ փայլերից, ոչ թե ճերմակ լիներ, այլ կաթնագույն, և առաջին անգամ ես հագնեի այդ զգեստը»,- ասաց Անին, ով հավատարիմ է մնացել ավանդույթին և ապագա ամուսնուն ցույց չի տվել իր զգեստը։

Հաղորդավարուհու փոխանցմամբ՝ նախապատրաստական ընթացքը խառնաշփոթային չէ, ինչպես լինում է շատ հարսների մոտ։ «Նշանածս այստեղ չի ապրում, սակայն դա մեզ չէր խանգարում խորհրդակցել բոլոր հարցերի մասին։ Հարսանիքի թեմատիկան ճամփորդությունն է, հավանաբար որովհետև երկուսս էլ ցանկանում ենք շատ ճամփորդել։)»,- նշեց նա։

Անիի փոխանցմամբ՝ ավանդական և ժամանակակից հարսանիքների միքս են անելու։ Հայկական ավանդական երթուղին նրանք չեն պահպանելու և հանդիպելու են եկեղեցում։ «Ընդհանուր առմամբ մոտ 170 հյուր կունենանք։ Մեծ հարսանիք չենք անում, քանի որ ցանկանում ենք՝ մեր կողքին լինեն միայն ամենամտերիմ մարդիկ»,- ասաց Անին ու հավելեց, որ կունենան նաև հայտնի հյուրեր։

Անիի հարսանեկան պարը բեմադրել է Վիկա Մարտիրոսյանը։ Երգչուհի Քրիստինե Պեպելյանի խորհրդով նա պարելու է «Ուզուն դարա». «Կարծում եմ՝ դա հարսանիքի ամենագեղեցիկ պահերից մեկն է»։

Ամուսնությունից հետո Անին տեղափոխվելու է Մոսկվա՝ ամուսնու մոտ, սակայն գործունեությունը չի դադարեցնելու։ «21TV-ն պայմանագիր ունի MKR մեդիաընկերության հետ, և ես 21TV-ի համար շարունակելու եմ աշխատել Մոսկվայից»,- հայտնեց հաղորդավարուհին։

Անին ու Լյուդվիգն իրենց մեղրամիսը կվայելեն ծովափնյա երկրում։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել