Որևէ մեկը կարո՞ղ է հստակ պատասխանել, թե ՀՀ քաղաքացիները սեպտեմբեր ամսին որ գնան օգոստոս ամսվա հոսանքի վարձը մուծելու, արդեն բարձր սակագնո՞վ են մուծելու, թե՞ վարձ ընդունողը պետք է ասի՝ «սպասեք՝ տարբերությունը հաշվեմ, կառավարությունն այդ բեռն իր վրա է վերցնելու»: Այս համատեքստում ինչպե՞ս հասկանալ, որ ՀՀ նախագահն ասել էր, որ «Էներգիայի սակագնի չեղյալ համարումը ծայրահեղ վտանգավոր է», բայց միաժամանակ հավաստիացրել, որ «կառավարությունն իր վրա կվերցնի հոսանքի բարձրացման ամբողջ բեռը»: Ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմով, դիցուք՝ նպաստառու խավի նպաստներին ավելացում է լինելու 2000-ական դրամով, որն էլ մխիթարական չէ, բա մյուսների՞ հարցը, մի՞թե սա կարելի է համարել «հաղթանակ» ու Բաղրամյանի վրա պարել դրա համար: Ամենայն հավանականությամբ, «Հաղթանակ» գոռացողներն էլ հենց ամենաիսկական սադրիչներն են եղել (բացառությամբ որոշումը միգուցե լավ չընկալած քաղաքացիների մի մասի): Ինչո՞ւ են փորձում մոլորեցնել ժողովրդին ու մեղադրել ցուցարարներին, թե ինչու են նրանք շարունակում դժգոհել: Մինչդեռ ցուցարարների բողոքը տեղին է. պետք է չեղյալ համարվի հոսանքի թանկացումը, և ոչ թե բառախաղերով պետք է փորձեն ժողովրդին մոլորեցնել: Այդ ինչպե՞ս պատահեց, որ ՀԾԿՀ-ի իրավասությունն ու «դուխը հերիքեց»՝ օրերս ՀԷՑ-ին տուգանելու համար, բայց չեղարկելու համար բավականաչափ կամք ու պատրաստակամություն չի դրսևորում: Հիշեցնենք, որ քանիցս էլ ՏՄՊՊՀ-ն է տուգանել ՀԷՑ-ին՝ տարատեսակ չարաշահումների համար: Ի՞նչ է, ազգովի հացադուլի պետք է նստե՞ն, որ կառավարությունը համոզվի, որ ժողովուրդն այլևս այսպես գոյատևել չի կարող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել