Հունական «ողբերգության» ԻՄ պատմությունը, կամ իմ սիրելի բարեկամ Համլետ Աբրահամյանի խնդրանքով հույն ժողովրդի ՈՉ-ի իմ մեկնաբանությունը:

Ով համբերություն և հետաքրքրություն ունի թող կարդա.

1994 թվականի վերջին ճակատագրի բերումով և իմ որոշմամբ հայտնվեցի Հունաստանում: Հունաստանը այն քիչ երկրներից է, որտեղ դեռ հինգերորդ դասարանում Հին աշխարհի պատմությունն ուսումնասիրելիս եմ երազել լինել... Եվ այսպես ես այստեղ եմ, բոլորովին ուրիշ աշխարհում, որը ոչնչով նման չի իմ «իմացած» Հունաստանին: Չեմ մանրանա նկարագրելով կրածս դժվարություններն ու դրանցից ծնված իմ ապրումները, միևնույն է նոր կամ կարևոր բան ասած չեմ լինի...
1994-96 թվերին մինչև հունարենին տիրապետելս դժվարագույն պայմաններում, ամեն տեսակի աշխատանք կատարելով պահեցի հրաշալի ընտանիքս, այնուհետև սկսեցի աշխատել կարի ֆաբրիկայում, սկզբում որպես օժանդակ բանվոր և կարճ ժամանակ անց՝ որպես պահեստապետ: 85 աշխատող ունեցող ֆաբրիկայում միակ օտարերկրացին էի և դա չի խանգարել, որ դառնամ բոլորի սիրելին: Մտերմացա գործընկերներիս հետ, տարբեր առիթներով զրույցների ու բանավեճերի էլ էինք բռնվում, հիշում եմ, որ մեկը միշտ հեգնանքով շեշտում էր իմ լեզվին չտիրապետելու մասին, մյուսն էլ ինձ պաշտպանում էր, որ չնայած կիսատ-պռատ խոքերիս՝ միանգամայն իմ քննադատից ավելի հասկանալի եմ բացատրում ամեն ինչ... 
Այսպես հետևում էի հույների նիստուկացին և ճիշտն ասած զարմանում, որ այդ թանկ ու կրակ երկրում նրանք մեկ աշխատանք կատարելով ամեն ինչից օգտվում էին ու ես իմ կատարած երեք աշխատանքների բավականին պատշաճ աշխատավարձերով չնչին գումար էի հատկացնում զվարճանքին, հետո՜ պիտի հասկանայի որ տեղացիները դրամատնային քաղաքականության զոհեր են և պարտքերով են զվարճանում: 1996-2005 թթ երեք աշխատանք էի կատարում՝ վաստակելով 500,000 դրախմա, այն դեպքում,երբ միջին ամսեկան աշխատավարձը 100,000 էր, պահելով ընտանիքս Հունաստանում և օգնելով հայրենաբնակ արյունակիցներիս՝ գնեցի Երևանի բնակարանս ու Բյուրականի ամառանոցս: Իհարկե շատ դժվար էր երեք աշխատանք կատարելը, սակայն ջահել էի, իսկ ո՞ր ջահելն է բանի տեղ դնում իր առողջությանը, պահպանում կամ մտահոգվում դրա մասին... ջահել էի, հորից որբ էի մեծացել, աշխատանքն էր կարևորն ու զրոյից սկսած կյանքիս հիմքերն էի կառուցում, տատիս ասած «ատամով կաշիս բռնած» միայն աշխատում էի ու աշխատում, բարիքներ ստեղծելով ընտանիքիս ու հարազատներիս համար, դա էր իմ կյանքի նպատակն ու վայելքները... 
Այսպիսով հասանք չարաբաստիկ 2001 թվական, երբ Հունաստանը իր գերմանամետ վարչապետ Սիմիտիսի «ջանքերով» ինքն էլ չհասկանալով ինչպես՝ հայտնվեց եվրագոտում: Հույները ցնծությամբ ընդունեցին «աշխարհի ամենակայուն և հզոր» դրամը՝ եվրոն, մինչդեռ ես կասկածանքով էի վերաբերվում դրան... ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ և հետոյի դրամի անկայունության դառն փորձերիցս համոզված էի, որ սա լավ ավարտ չի ունենալու, կասկածներս չէի թաքցնում հույներից... Հիշում եմ, երբ ասացի, որ այս նոր դրամով մեր վերջը լավ չի լինելու՝ շատերը ծիծաղում ու հիշեցնում էին, որ սա ԽՍՀՄ-ը չէ, սա ԵՄ-ն է: Շատ չէի վիճում, բայց ասում էի, որ տաս տարվա մեջ եվրոն կցուցադրի իր անողոք, կեղծավոր (իսկական) դեմքը, սպասենք և հուսամ, որ սխալված լինեմ... Անվերջ միտքս զբաղացնում էր, թե ինչպես են ներմուծում գերմանական և ֆրանսիական արտադրության այսքան մեքենաները, փոխարենը չունենալով զարգացած արդյունաբերություն, նույնիսկ գյուղատնտեսությունը ԵՄ պարտադրանքով սահմանափակ էր, փոքրիկ օրինակ՝ ծխախոտի մշակումը Հունաստանում արգելված էր ԵՄ ինչ որ օրենքի ինչ որ կետով և այդպես շատ բաներ սկսած գյուղատնտեսությունից, վերջացրած թեթև և ծանր արդյունաբերություններով, ինչքա՜ն նարինջ պիտի վաճառեր Հունաստանը, որպեսզի ՄԵԿ մեքենա ներմուծեր, օրինակ եմ բերում մեկ դեպք՝ տեղացի հարևանիս ընտանիքի անդամները երեքն էին, բայց ունեին հինգ մեքենա: Հասկանալի էր, որ սա փուչիկ է ու մի օր կպայթի՝ իր հետ օդ թռցնելով ժողովրդի «երազանքները» (տուն, մեքենա, շոր, արձակուրդներ գոնե հինգ օրով թանկ ու կրակ երկրներում ու հունական ոչ պակաս, հաճախ և ավելի թանկ կղզիներում)... սա էր մինչ ճգնաժամային Հունաստանի միջին հույնի նպատակն ու երազանքը...
2009-ին ամերիկամետ Հարվարդի համալասարանի սան Հունաստանի տխրահռչակ վարչապետներից տխրահռչակը՝ Գեորգեոս Պապանդրեուն հայտարարեց, որ երկիրը գտնվելով սնանկացման եզրին ստիպված քայլեր կատարելու անհրաժեշտություն ունի՝ «փրկվելու», այսինքն Արժույթի միջազգային հիմնադրամից վարկեր վերցնելով: Անմիջապես՝ առանց ժողովրդին մանրամասնորեն դրա լավն ու վատը բացատրելու համաշխարհային վաշխառուները տեղացի վաշխառուների հետ թաքուն իրենց պիղծ ափերը շփելով՝ սկսեցին իրենց «փրկարար» աշխատանքները Հունաստանում: 2010-ին հույն ժողովուրդը հասկացավ, որ փուչիկը պայթել է, սակայն ուշ էր արդեն, ոչինչ հնարավոր չէր շտկել, այլևս հայտնվել էին վաշխառական գերության մեջ, հույների միակ հույսն ու ապավենը Եվրոպական «եղբայր» միությունն էր... Այստեղ էլ սակայն դավեր էին պատրաստել հույների համար բրիտանա-գերմանա-ֆրանսիական եռյակը, անցնող երկու տարիների մեր կյանքը մեզ ապացուցել էր եռյակի հավատարմությունն ու համերաշխությունը: 2012-ի հերթական արտահերթ ընտրություններում հաղթեց Հունաստանի «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը: Հարվարդի համալսարանի Պապանդրեուի ուսումնակից Սամարասը դարձավ Հունաստանի մեկ այլ տխրահռչակ վարչապետը, որի կառավարությունը անմիջապես թևերը քշտած սկսեց իր հերթական «փրկարար» աշխատանքը Հունաստանում: Նրա ղեկավարած տարիներին գործազրկությունը հասավ 60 տոկոսի, հարկատվական օրենքները 8 անգամ փոփոխության ենթարկվեցին՝ ի վնաս ազգաբնակչության: 2008-ին էր, երբ փակվեց ֆաբրիկան որտեղ ես էի աշխատում, «հունական» կյանքիս ընթացքում չորրորդ անգամ հայտնվեցի գործազուրկի սարսափելի վիճակում, 50-ին մոտ էի, այլևս աշխատանք փնտրելն ու գտնելը հեռավոր երազի էր նման, գտա գիշերային աշխատանք, որտեղ 10-14 ժամ աշխատելով՝ նույնիսկ նախկին աշխատավարձիս կեսը չէի վաստակում, գիտակցում էի, որ այլևս այսպես ապրելն անիմաստ է, հարկավոր էր գործել և ստիպված, 2011-ին, արյուն-քրտինքով Երևանում գնած բնակարանս վաճառեցի ու այդ գումարով փոքրիկ ձեռնարկություն հիմնեցի՝ Մինի մարքեթ: Ճգնաժամը խորացել էր, կյանքումս երկրորդ անգամ էի ապրում աշխատանք ունեցողի ամոթի ու մեղքի զգացումը, քանի որ նախկին գործընկերներս գործազուրկ ու պարտքերում թաղված էին (նույնը ապրել էի 90-ականների Երևանում): Սամարասի կառավարության ընթացքում իմ մինի մարքեթի համար վճարում և դեռևս վճարում եմ այնքան, որքան սուպեր կամ հիփեր մարքեթի հարկն է, ինձ նման միլիոնավոր հույներ նույնն են անում: Հազարավոր փոքր ձեռնարկություններ հինգ տարում օր օրի փակվեցին ու սնանկացան, մարդիկ անտուն ու անաշխատանք հայտնվեցին փողոցներում, երիտասարդները արտագաղթեցին «եղբայրական» եվրոպական երկրներ՝ բախտ որոնելու... որը մնաց, որն էլ ետ եկավ՝ փողոցում, կամ ծնողների ու պապերի թոշակներով ապրելու, այն թոշակներով որոնք արդեն չորս անգամ կրճատվել ու կրկին կրճատվելու էին: Կրճատվել ու կրճատվելու էին նաև բյուջետային աշխատողների աշխատավարձերն ու աշխատատեղերը: Անհատական ձեռնարկությունները վաղուց փակված էին՝ փողոցում թողած միլիոնավոր աշխատավորների, որոնք պետության կողմից հրավիրվում էին վճարելու իրենց կոմունալ ծախսերը, հիփոթեքային վարկերը, պետական հարկերը: Ովքեր կարողացան փրկվել՝ փրկվեցին, ովքեր չկարողացան՝ ինքնասպանություն գործելով «ազատվեցին» իրենց խեղդող պարտքերից ետևում թողնելով չափահաս ու անչափահաս երեխաներ, ցավից մռնչացող ծնողին ու կողակցին... Ինքնասպանների թիվը 5 տարում անցել է 20,000 հոգուց: 
Սա էր 2009-2015 Հունաստանի տնտեսական ճգնաժամի իմ պատմությունը սիրելի բարեկամներ, այնուհետև 2015թ. հունվարի 25-ի արտահերթ ընտրություններին հաղթեց կոմունիստական «Սիրիզա» կուսակցությունը՝ Ալեքսիս Ցիպրասի ղեկավարությամբ: Հույն ժողովուրդը Սամարասի և նրան նախորդած «դեմոկրատական» ուժերի վզակոթին տալով գահընկեց արեց, չնայած նրանցից շատերը իրենց հափշտակած փողերի շնորհիվ, ձայներ առնելով՝ կրկին խորհրդարանում հայտնվեցին, սա իհարկե ժամանակի խնդիր է, նրանց բոլորին բանտ կնետի հույն իմաստուն ժողովուրդը, սրանում իր ժողովրդին կօգնի իր արժանի զավակը՝ Ցիպրասը, որը կոնկրետ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ՝ փոփոխություններ մտցնելով նման քաղաքականների անձեռնմխելիության մասին օրենքներում, միայն թե համբերություն ունենանք և դիմանանք հերթական եվրոպական «դեմոկրատների» «հումանիտար» ճնշումներին, որոնք յոթ ամիս շարունակ Ցիպրասի համբերությունն են փորձարկում... Ցիպրասը յոթ ամիս դիմացավ, սակայն նրա համբերությունն սպառվեց և որոշեց հանրաքվե հայտարարել «ԵՄ, ԱՄՀ ներկայացրած պայմաններին կողմ թե՞ դեմ» քվերակելու իրավունքը տալով հույն ժողովրդին, որն էլ իր «ՈՉ»-ն արտահայտեց հուլիսի 5-ին...

***
Իմ պատմությունը մեղմ պատմություն է, ունեմ մտերիմ հույն բարեկամներ, որոնց պատմությունները ուղղակի դրամատիկ բնույթ են կրում, ես նրանց համար եմ մտահոգված....

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել