Exclusive

Երգչուհի Հասմիկ Կարապետյանն ու  երաժիշտ, DJ, պրոդյուսեր Շանթ Կիրմիզյանն այսօր ամուսնացել են: BlogNews.am-ի հետ զրույցում Հասմիկն ասաց, որ ինքն ու Շանթը մոտ երկու տարի է՝ միասին են ապրում, պարզապես այսօր գնացել են ԶԱԳՍ և օրինականացրել հարաբերությունները, Հասմիկը վերցրել է ամուսնու ազգանունը:

«Ես և Շանթը միջոցառում չենք կազմակերպել այս առիթով, քանի որ մենք թղթին չենք տալիս այն կարևորությունը, որը տալիս ենք եկեղեցական արարողությանը»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ պսակի արարողություն էլ անպայման ունենալու է, սակայն առայժմ չի կարող ասել՝ դա երբ կլինի և որ երկում: Հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում ամուսնու հետ մեկնեն ԱՄՆ, Հասմիկը պատասխանեց, որ ոչ, իրենք Հայաստանում են ապրելու:

«Մենք մեզ վաղուց արդեն ամուսնացած էինք համարում, պարզապես որոշեցինք օրինականացնել հարաբերությունները: Երբեմն մարդիկ զարմանում էին, որ մենք միասին ենք ապրում, սակայն չենք օրինականացել հարաբերությունները, դա ինձ համար ծիծաղելի էր, սակայն այս քայլը միգուցե նաև նրա համար էր, որ շատ մարդիկ ստոր բաներ չմտածեն»,- նկատեց երգչուհին:

Ինչ վերաբերում է հարցին՝ իրենց ընտանիքում առաջիկայում համալրում սպասվո՞ւմ է, քանի որ Հասմիկը քանիցս խոսել է մայրանալու մեծ ցանկության մասին, երգչուհին ասաց, որ ինքը մայրանալու մեծ ցանկություն ունի, սակայն չի շտապում: «Ես կարծում եմ՝ իմ կյանքում ամեն բան իր ժամանակին է լինում, և վստահ եմ, որ դա էլ կլինի այն ժամանակ, երբ պետք է: Մարդիկ, ովքեր կյանքի փորձ ունեն, ինձ կհասկանան. եթե ժամանակը չի եկել, անգամ եթե բարձրանաս երկինք, իջնես ներքև, դա քեզ չի տրվի: Ես չեմ շտապում: Իհարկե, առողջ, լիարժեք ընտանիք ունենալու ցանկություն ունեմ, սակայն թե երբ դա կտրվի, Աստծո կամքն է»,- եզրափակեց նա:

BlogNews.am-ը երջանկություն է մաղթում Շանթին և Հասմիկին:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել