Գրեթե վստահ եմ, որ արվեստը խորը տառապանքի, մտրակների, արյան ու քրտինքի մեջ է ծնվում: Այն պարարտ հողն է մարդկային այդ ցավը, որտեղ ծիլ են տալիս տեսիլքները հրեղեն ու դառնում թմրադեղ, սպեղանի մեր վերքերին: Էդպիսի մի պարարտ հող էր սովետական հասարակարգը: Ամենուրեք դուրս պրծած ցցեր ու գամեր, որ սպառնում էին ու ահաբեկում մարմինդ, մտրակ ու զսպաշապիկ, որ խեղդում էին երազներդ: Թերևս զարմանալու չէ, որ էս խառնարանում կոփվում է հոգին, բանականությունը ընդվզում է ժամանակի դեմ, ու արդյունքում ձուլվում են ժամանակի ղողանջները:

Վլադիմիր Վիսոցկի, Անդրեյ Տարկովսկի, Մարինա Ցվետաևա, Միխայիլ Բուլգակով, Սերգեյ Փարաջանով… Դեմքեր, որ չխոնարհվեցին անշունչ սոցռեալիզմի առաջ: 

Սերունդներին մեր հայրերի ևս բախտ վիճակվեց ունենալու իրենց կողքին դեմքերի, որ պիտի հնչեցնեին ժամանակի զանգերը, որ պիտի երգեին ժամանակն ու հույզերը: Նրանցից երկուսի մասին կուզեի փոքր-ինչ խոսել, քանզի նրանք այն երկուսն են, ովքեր երգում են նաև մեր մասին՝ հետխորհրդային սերնդի:

Արթուր Մեսչյան և Ռուբեն Հախվերդյան: Մի պոետ ու մի ճարտարապետ, այնքան իրարից տարբեր, այնքան իրար հակասող, այնքան իրար մերժող ու վերջապես այնքան միասին: Ես կփորձեմ համառոտ խոշորացույցի տակ առնել նրանց, թեպետ անշնորհակալ ու շատ բարդ գործ է արվեստաբանությունը, առավել ևս երբ մասնագիտական նրբություններին չես տիրապետում: Էնպես որ կանխավ ուզում եմ ներողություն խնդրել վերոնշված մարդկանց, եթե սխալվեմ որևէ մեկնաբանության մեջ:

Հախվերդյանը հանճարեղ բանաստեղծ է, նրա ոճը շատ նման է Բոբ Դիլանի, Վլադիմիր Վիսուցկու և Բերթոլդ Բրեխտի պոեզիային: Սակայն զուգահեռները վերջիններիս հետ միայն ոճով չեն ավարտվում: Բերթոլդ Բրեխտի էպիկական թատրոնի դրամատուրգիական կառուցվածքը շատ հաճախ կարելի է գտնել Հախվերդյանի երգերի մեջ: Նա հաճախ երկխոսության է բռնվում իր պերսոնաժների հետ՝ ձևավորելով երկխոսության սխեման էնպես, որ միաժամանակ հասկանալի դառնա հանդիսատեսին պերսոնաժի պատմությունն ու հանգամանքները. (Մեջ. ) «Զավակներդ չվեցին ու թռան օտար ափեր, Նույնիսկ չեն էլ մտածում, որ թողել են քեզ անտեր» («Բարի լույս, տիկին Արուս»), «Հին ընկեր, իմ անգին ընկեր, արդյոք նո՞ւյնն ես մնացել, Նիհարե՞լ ես դու, թե՞ լցվել ու հետույքդ հաստացրել» («Հին ընկեր»): Սրանից կարելի է հետևություն անել, որ Հախվերդյանը, այսինքն՝ նրա պերսոնաժը,  առկա է միշտ նրա երգերում, այսինքն՝ ամեն մի գործ գրեթե ինքնակենսագրական է: Սակայն ինչպես Բերթոլդ Բրեխտը, էնպես էլ նաև Ռուբեն Հախվերդյանը զերծ է մնում պատմությանը ամփոփիչ սեփական գնահատականներ տալուց: Օրինակ՝ Բրեխտի «Սեցուանի լավ մարդը» պիեսում, երբ վերջին տեսարանում գլխավոր պերսոնաժը աստվածների դատաստանի առջև է կանգնում, ընդհատվում է սյուժեն, և ներս է մտնում մի անկախ կերպար, ներողամտությունը հայցում հանդիսատեսի և հորդորում նրանց փնտրելու և գտնելու յուրովի սեփական գնահատականն ու «դատավճիռը»: էպիկական թատրոնին հատուկ վերջավորություն չպարունակող այս մոդելը հաճախ կարելի է գտնել նաև Հախվերդյանի մոտ: «Ծեր գնչուհին» երգի վերջում նա բաց է թողնում վերջին գնացքը, ճամփու է դնում հարազատներին, ընկերներին ու մենակ մոխրանում՝ չլքելով իր քաղաքը, իսկ եզրակացությունները թողնելով մեզ… Արժե՞ր որ:

Հախվերդյանի խոսքը պարզ է, հասարակ, նա հասկանալի է կոշկակարին, հանցագործին և դասախոսին: Նրա բառարանը չի ճանաչում ոչ մի սահմանափակում, անգամ ամենագռեհիկը նրա նախադասության մեջ դառնում է ոսկե պոեզիա: Դա նաև արդյունքն է նրա վարպետության՝ բառերը թարգմանելու համապատասխան հնչյունների:                                                                                                                      


Մեջ. «Սա մի կուսանո՞ց է, թե՞ սա բոզանոց է,

Ասե՛ք, ձայնազո՛ւրկ իմաստուններ:
Ո՞ւր է անգլուխը՝ քաղաքագլո՞ւխը,
Որն ունի ոռի վրա ծալքեր»:                                                                                                            

Եվ վերջում կուզեի արձանագրել մի բավականին հետաքրքրաշարժ փաստ, որը հաճախ չի նշվում, երբ խոսք է գնում Հախվերդյանի պոեզիայի մասին: Նա Ռոբերտ Սահակյանցի կողքին 21-րդ դարի հայ ամենահանճարեղ մոգական ռեալիստն է, երբեմն նաև սյուրռեալիստը:                                                                    
Մեջ. «Երբ գիշերն է իջնում մեզ վրա, մեր աչքերն են փակվում,
Մեր կապույտ նժույգները մեզանից հեռանում ու փնտրում են իրար…
Ես ու լուսինը միասին մոտեցանք սառած ջրափոսին….
Երևանի գիշերներում լուսնի ափսեն է գլորվում  
Ու հեռավոր արվարձանում, արծաթե հետքն է իր թողնում…
Նույնիսկ ընձուղտը տարօրինակ մի երգ է,                                                                                
Բայց որ փակված է վանդակում նա արդեն երգ չէ…»  Հրաշք ուղղակի:

Իհարկե, նրա պոեզիան արժանի է լուրջ քննադատական աշխատության, ոչ էսպիսի մակերեսային համառոտ մեկնաբանությունների, էդ իսկ պատճառով հորդորում եմ ես մեր ժամանակակից երաժշտագետներին լրջագույնս բացահայտել Հախվերդյանի արվեստի ետնախորշերը, մարգարիտներն ու լույսերը:

Անդրադառնալով Մեսչյանին՝ միանգամից պիտի նշեմ, որ նա որևիցե կապ չունի Հախվերդյանի ժանրի հետ, քանզի հաճախ զուգահեռներ են անցկացնում նրա և Մեսչյանի միջև: Արթուր Մեսչյանի հայտնի խոսքերը, որ նա երգիչ չէ, շատերի կողմից ընդունվում է որպես դեմագոգիա և անգամ ինչ-որ «ատամներ» ունեցող որոշ հումորային բալագաններ, «բոցեր» են վառում այդ մտքի վրա: Սակայն հասկանալու համար Մեսչյանի արվեստը լրջագույնս հարկավոր է անդրադառնալ այս խոստովանությանը:

Ուշադիր ուսումնասիրլու դեպքում հասկանալի է դառնում մի բան՝ հիմնականում Մեսչյանի երգերը չունեն սյուժե, փոխարենը տեսարանների կամ ավարտվող գործողությունների նկարագրում է:       Մեջ. «Դատարկվել են փողոցները, հարազատ ձեր դեմքերից և շրջում են չորս բոլորը լոք ստվերները անցյալից…», «Խուլ հառաչանքի, ցավի, մորմոքի միշտ նույն գիշերով սահմանված չես դու…»: Նրա երգերում առկա են իրարից անկախ դրվագներ, որոնք, վերջիվերջո ենթարկվելով մեղեդուն, ապաստան են գտնում մեկ ընդհանուր գաղափարի ներքո ու դառնում ամբողջություն: Էստեղ հենց բացահայտվում է «Ես երգիչ չեմ» թեզի որոշ եզրեր: Մեսչյանը երգերին մոտենում է որպես ճարտարապետ: Նա գծում է կառույցի հատակագիծը՝ մեկ համընդհանուր մեծ գաղափար: Նա կառուցում է, բացահայտում այդ «շինությունը» սենյակ առ սենյակ, խուց առ խուց,  որմնանկարում է յուրաքանչյուր սրահ, զարդարում սյուները և կամարներով կապում ամենը իրար: Ամենակարևորը՝ այդ ամենը կրում է համընդհանուր մի տանիք:

Ի տարբերություն Հախվերդյանի՝ Մեսչյանը հանգամանքներ նկարագրելուց բավականին զգուշորեն է այդ անում, նա փիլիսոփայորեն է մոտենում հարցերին, տալիս է ավելի շատ հարցեր: Մեջ. «Աշխարհը այս բաժանվել է, հազար ու մի տարբեր կտորների, ասում են՝ շատ վաղուց, ստում են երևի..                                                                     
Մենք հաղթեցինք պատերազմում, սակայն պարզվում է՝ պարտվեցինք…
Բել ոսոխին Հայկը հաղթեց կամ հակառակը երևի…
Ո՞ւր էիր Աստված, երբ թալանում էին չքնաղ մի երկիր…»

Հետաքրքրաշարժ է նաև այն փաստը, որ Մեսչյանի երգերի հերոսը (եթե էդպիսին լինում է) չունի պերսոնաժ, նա մարդ արարածն է, և նրան հուզում են համամարդկային խնդիրները՝ կյանքի իմաստ(«Երբ իմաստազուրկ է լինում», «Հաջորդ կյանքում»), արդարություն, եղբայրություն, հավասարություն («Աշխարհը այս բաժանվել է»«Դիմակահանդես», «Հույս»):

Մեսչյանի խոսքը բարդ է, երբեմն հանված հայերենի նկուղներից և անծանոթ նրա բառարանը, զետեղվելով նրա խորհրդավոր և միստիկ մեղեդու հնչյուններում, էլ ավելի խորհրդավոր է դարձնում նրա երգը: Պատահական չէ, որ նրա երգերի գործիքավորումը ուսումնասիրելուց հասկանում ես, որ գրեթե միշտ առկա է էլէկտրոնիկ երգեհոնի ձայնը: Եվ այնուամենայնիվ էնպես է կառուցում ու հյուսում նա երգը, որ անգամ հարվածային գործիքների սոլոն հանդիսատեսին խորհրդավոր է թվում և բազում հարցադրումների ու մարտահրավերների հանում:

Ինչևիցե… Նրանք երկուսն են մեր ժամանակում, այսքան իրարից տարբեր, իրար հակասող, իրարամերժ, բայց այնքան միասի՜ն: Այո, երկուսն ել միասին մեր ժամանակների հանճարներն են:

Հա ու քանի չեմ մոռացել, սոցցացներում հաճախ եմ կարդում վիրավորանքներ Ռուբենի հասցեին՝ պատճառաբանությամբ, որ նա այպանել է Մեսչյանին, բոլոր այդ comment-ներին ուզում եմ պատասխանել. «Հանգիստ կացեք, օրինակ՝ Չեխովը Շեքսպիրին համարում  էր ամենաանտաղանդ դրամատուրգը, դրանից ո՛չ Չեխովը վատ գրող դարձավ, ո՛չ էլ Շեքսպիրը»: :D

Վերջում տեղադրում եմ իմ ամենասիրած,  մեկական երգ՝  Մեսչյանից և Հախվերդյանից…

Ռուբեն Հախվերդյան – Հիշում եք տիկին

Արթուր Մեսչյան – Վերջին անգամ

Լսեք միայն լավ երաժշտություն… :)

Հովմարե…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել