Tert.am-ը գրում է.

Հուսահատությունից արտասվող տարեց հույն Յորղոս Չաթցիֆոտիադիսի լուսանկարը, որի հեղինակը AFP գործակալության լրագրողն է, բուռն զգացմունքներ է արթնացրել համացանցում, գրում է РИА Новости-ն:

Հունաստանի Սալոնիկ քաղաքից 77-ամյա թոշակառուն մի քանի բանկերում հերթ է կանգնել՝ կնոջ թոշակը հանելու հույսով: Սակայն ամեն տեղ մերժում է ստացել: Չորրորդ անգամ նա նստել է գետնին և լաց եղել: Տղամարդը պատմել է, որ ինքը «կոտրված» է, քանի որ ուժ չունի տեսնելու՝ ինչպես է իր երկիրը հայտնվել նման աղքատ վիճակում:

«Ես տեսնում եմ՝ ինչպես են իմ համաքաղաքացիները մի քանի ցենտ խնդրում՝ հաց գնելու համար: Ես տեսնում եմ՝ ինչպես են ավելի ու ավելի շատ ինքնասպանություններ տեղի ունենում: Ես զգացմունքային մարդ եմ: Ես չեմ կարող տեսնել իմ երկիրը նման վիճակում»,- ասել է տղամարդը:

Նա նշել է, որ Եվրոպան և Հունաստանը սխալներ են գործել, սակայն անհրաժեշտ է լուծում գտնել: Տղամարդը պատմել է նաև, որ ինքը գումար չունի՝ ընտրատեղամաս հասնելու համար, որը իր տանից 80 կմ հեռավորության վրա է գտնվում:

Հիշեցնենք, որ Հունաստանի իշխանությունները փակել են բանկերը հուլիսի 1-ից, սակայն թույլ էին տվել որոշ բանկերի բացվել՝ թոշակառուներին սահմանափակ գումար տրամադրելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել