Ինքներդ ապամոնտաժեք աղբամանները և բացեք պողոտան. Օսիպյանի հորդորը մերժվեցSlaq.am-ը գրում է.

Բոլորդ գիտակից մարդիկ եք, ձեր ձեռքով ինքնուրույն ապամոնտաժեք աղբամանները եւ գնացեք: Այսօր առավոտյան, Բաղրամյան պողոտայում արդեն 13 օր շարունակվող նստացույցի մասնակիցներին է դիմել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Եկել եք 100 հոգով փակել եք Երեւանի կենտրոնական փողոցներից մեկը: Դա ճիշտ չէ, դուք ինքներդ հեռացրեք աղբամանները եւ բացեք պողոտան»,-նշել է Օսիպյանը:

Նա նաեւ խորհուրդ տվեց երիտասարդներին մասնագիտական խումբ ձեւավորել տնտեսագետներից, իրավաբաններից եւ մասնակցել ՀԷՑ-ի աուդիտի ընթացքին, հավելելով, որ Բաղրամյան պողոտայում մնալով ցուցարարներն իզուր ժամանակ են կորցնում:

Ի պատասխան ցուցարարները նշեցին, որ Բաղրամյան պողոտան կլքեն այն ժամանակ, երբ իրենց երեք պահանջները կատարվեն: «Մեր 100 հոգին կարող է 10 հազար դառնալ»,-ասել են նրանք:

Հարակից շենքերի բնակիչներից մեկն էլ գանգատվեց Օսիպյանին, որ նստացույցի պատճառով իրենց ամբողջ շենքի մեքենաները կագնեցնում են հարակից փողոցներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել