Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ Երրորդ Ռայխի ոսկու անհետացած պաշարների առեղծվածը հանդիսանում է նախորդ դարի մեծագույն գաղտնիքներից մեկը։ Նացիստների ոսկու մասին բազմաթիվ միֆեր ու լեգենդներ են շրջանառվում, իսկ Գերմանիայում առ այսօր հայտնաբերվում են Նացիստական Գերմանիայի ոսկու պաշարի տարբեր մասեր՝ պահված գաղտնի թաքստոցներում, ինպես նաև դատարկ թաքստոցներ։ Գոյություն ունեն մի քանի տարբերակներ, թե որտեղ կարող էր անհետանալ նացիստների ոսկին, և ինչպես փնտրել այն։ Սակայն ամեն ինչ հերթով…

Իսկ ոսկի եղե՞լ է

Համաձայն վարկածներից մեկի՝ Նացիստական Գերմանիան վատնել է ոսկու իր ողջ ռեզերվը պատերազմի տարիներին, ուստի համաձայն այս վարկածի՝ նացիստների կորած ոսկին միֆ է։ Սակայն հստակ հայտնի է, որ նացիստները պատերազմի վերջին տարիներին ոչ միայն պատրաստվում էին իրենց ռեժիմի կոլափսին, այլև պատրաստվում էին շարունակել պայքարը պատերազմի ավարտից հետո ու դա պատրաստվում էին անել այդ ոսկու միջոցով։ Հենց այս պատճառով Մարտին Բորմանը ոսկին հայտարարեց Ռայխի անձեռնմխելի ռեզերվ, ու տարբեր հաշվարկներով այդ ռեզերվի արժեքը պատերազմի ավարտին կազմում էր այն ժամանակվա գներով 400-500 միլիոն դոլար։

Ի՞նչ էր մտնում Ռայխի ոսկու ռեզերվի մեջ

1938 թվականին նացիստները տիրացան Ավստրիայի, Չեխոսլովակիայի ու Դանցիգի ոսկու պաշարներին։ Հետագայում դրանց գումարվեցին նաև Բելգիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Լեհաստանի ու այլ գրավյալ տարածքների ոսկու պաշարները։ Պատմաբան Ալեքսանդր Մոսյակինն իր «Թալանված Եվրոպա» գրքում գրում է, որ միայն օկուպացված խորհրդային Ուկրաինայի խնայբանկերից նացիստները երեք վագոն ոսկի են հանել։ Սրան պետք է գումարել այն ամենը, ինչ նացիստներն առգրավել են մասնավոր բանկերից, ոսկերչական խանութներից, եկեղեցիներից, թանգարաններից ու Նացիստական Գերմանիայի եկամտի ամենազարհուրելի աղբյուրից՝ հրեաներից (համակենտրոնացման ճամբարում հրեաներից խլում էին ոչ միայն նրանց զարդերը, այլև ատամների ոսկյա շապիկները)։ Հայտնի է, որ միայն Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարից 8 տոննա ոսկի է ստացվել։

Համակենտրոնացման ճամբարների գերիների ոսկին

Նացիստների ու ամերիկյան հատուկ ծառայությունների առաջին գաղտնի բանակցությունները տեղ գտան 1943 թվականին Բեռն քաղաքում։ ՍԴ-ի 4-րդ բաժանմունքը՝ «Աուսլանդը», որը գլխավորում էր Վալտեր Շելլենբերգը, ՍՍ-ի ռայխսֆյուրեր Հիմլերին ներկայացրեց զեկույց՝ արքայազն Մաքս Էգոն ֆոն Գոգելոեի ու ԱՄՆ-ի Ռազմավարական ծառայությունների վարչության պետ Ալլեն Դալլեսի հանդիպման վերաբերյալ։

Համարվում է, որ այդ բանակցությունները ոչ մի արդյունք չեն ունեցել, սակայն հնարավոր է, որ այդ ժամանակ նացիստները պարզապես շոշափում էին այն տարբերակները, որոնք կարող էին իրենց թալանած ոսկին դուրս բերել Եվրոպայի տարածքից։ Իրավիճակը նացիստների համար էլ ավելի սրվեց 1944 թվականին, այդ աշնանը արևելքից դեպի արևմուտք էին տեղափոխվում թալանով լցված շարասյուները։ Օրինակ՝ միայն Բուդապեշտում 80 վագոններից բաղկացած երկաթուղային շարասյուն կազմվեց, որոնցից 38-ը լցված էին համակենտրոնացման ճամբարների գերիների գանձերով։

Նույն թվականի դեկտեմբերին շարասյունը մեկնեց Վեսպրեմ-Ֆերտեբոզ-Վենա-Զալցբուրգ երթուղով։ Մինչև 1945 թվականի վերջը գնացքը կայանված էր Ավստրիայի սահմանին, իսկ հետո դեգերում էր Ավստրիայում մինչև մայիսի 11-ը, երբ Զալցբուրգի մոտի թունելում ընկավ ամերիկացիների ձեռքը։ Այդ թալանի առյուծի բաժինը հասավ ԱՄՆ-ին։ Ոսկիների մի մասը վերադարձրեցին Հունգարիային (օրինակ՝ սուրբ Ստեֆանոսի թագը), բայց ոսկե սալիկները, ինչպես նաև համակենտրոնացման ճամբարների գերիների ոսկիներն ամերիկացիներն իրենց պահեցին։

1948 թվականին գեներալ Մարկ Կլարկը հրաժարվեց վերադարձնել այդ վագոնները՝ հիմնվելով այն բանի վրա, որ անհնար է պարզել դրանցում առկա ոսկու սեփականատերերին։ Շատ հարմար դիրքորոշում է, առավել ևս, եթե հաշվի առնենք այն, որ այդ ժամանակ Հունգարիան արդեն ԽՍՀՄ-ի ազդեցության տակ էր։ Այս ոսկու շարասյան հետագա ճակատագիրն անհայտ է։

Անհետացած գնացքներ

Ավստրիայի սարերում միայն այս մի գնացքը չէ, որ անհետացել է։ Այստեղ էին բերում նաև Ռայխսբանկի պահոցներում պահպանվող հազարավոր տոննա ոսկին, պլատինը, կիլոգրամներով ադամանդներ, որոնց մեծ մասը թալանել էին Բելգիայում ու ԽՍՀՄ-ում։ 1945 թվականի հունվարի 31-ին Նացիստական Գերմանիայի ֆինանսների նախարար Վալտեր Ֆունկի առաջարկով որոշվեց էվակուացնել կայսերական բանկի ողջ ոսկու պաշարը։ №277 գնացքը, որն ուներ 24 վագոն, դուրս եկավ Բեռլինից ու մեկնեց դեպի Օբերզալցբերգ ու կրկին անհետացավ։

Բադ-Աուսզե հանգստավայրի երկաթուղային կայարան էին բերվել Մուսոլինիին պատկանող 120 տոննա ոսկին, հորվաթական բռնապետ Պավելիչին պատկանող 100 տոննա ոսկին, ՍՍ-ի կազակական կորպուսին պատկանող 50 տոննա պլատինը և Սլովակիայի բռնապետ Տիսոյի զմրուխտները։ Այս ողջ հարստությունն անհետացավ։

Ալտզեե լճի մոտ կորում են Խորհրդային Ուկրաինայից թալանած 3 տոննա ոսկու հետքերը, Բադ-Աուսզեեի մոտ կորում են Ռումինիայից տեղափոխված ոսկու պաշարների հետքերը։ Անհետացել են նաև ՍՍ-ի թաթարական լեգիոնին պատկանող մեկ տոննա ոսկե «չերվոնեցները», Վերին Ավստրիայի գաուլյայտեր Այգրուբերի ադամանդները և էստոնական ՍՍ-ականներին պատկանող 200 կգ ոսկին։

Փոխարենը, հստակ հայտնի է, որ նացիստ Հորսթ Ֆուլդներն Արգենտինա է տեղափոխել 400 միլիոն դոլար, իսկ 1945 թվականի օգոստոսի 17-ին U-977 սուզանավով Արգենտինա տեղափոխվեց 3 միլիարդ դոլարի ոսկի։ Հայտնի է նաև, որ պատերազմից հետո ամերիկացիները կարողացել են գտնել նացիստների ոսկու միայն մեկ հինգերորդ մասը։

Ամեն ինչում բանկիրնե՞րն են մեղավոր


Իսկ գուցե բոլոր այդ գնացքները զուտ ուշադրություն շեղելու համա՞ր էին, իսկ գործնականում ոսկին տեղափոխում են բանկերի միջոցով։ Ոչ, դա այդպես չէ։ 1944 թվականի ամռանը փորձեցին 10 միլիարդ դոլարի ոսկի ու պլատին տեղափոխել Արգենտինա, Պերու ու Չիլի՝ շվեյցարական բանկերի միջոցով, բայց դա տեխնիկապես անհնար դուրս եկավ։ Կան վարկածներ, համաձայն որոնց՝ ոսկու անհետացման հարցում դերակատարություն է ունեցել իտալական մաֆիան։

Պատմաբան Գերհարդ Զաուները համարում է, որ այս առեղծվածում մեծ դերակատարություն է ունեցել եպիսկոպոս Ալոիզո Հուդալը, ով համակրում էր նացիստներին և, կապեր ունենալով կամորրայի հետ, կարող էր դուրս հանել ոսկին Ռայխի տարածքից։

1946 թվականին դա հայտնի դարձավ բրիտանացիներին, ու դաշնակիցները նույնիսկ փորձեցին խուզարկել Վատիկանին պատկանող վանքերը, բայց Վատիկանը թույլ չտվեց անել դա։ Հնարավոր է նաև, որ ոսկու անհետացման հարցում դեր խաղացած լինի իսպանացի բռնապետ Ֆրանկոն, ով միակն էր ֆաշիստական առաջնորդներից, որ պահպանեց իշխանությունը պատերազմի ավարտից հետո։ Հայտնի է, որ Մարշալի պլանի գործարկումից հետո Իսպանիայից ԱՄՆ գրավի կարգավիճակով մեծ քանակությամբ ոսկի է տեղափոխվել, իսկ այդ ոսկու սալիկների վրա եղել են Նացիստական Գերմանիայի էմբլեմները, որոնք արվել են Ռայխսբանկի կողմից։

Ոսկու փնտրտուքները

1945 թվականին Պոտդստամի գագաթնաժողովում որոշվեց, որ Նացիստական Գերմանիայի ոսկու պաշարը պետք է կիսվի ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջև։ 1946 թվականին դաշնակիցները ստեղծեցին եռակողմ հանձնաժողով՝ նացիստական սեփականության վերականգնման հարցերով։ Այս հանձնաժողովն աշխատում էր երկար, բայց կարողացավ գտնել միայն 60 միլիոն դոլարի ոսկի։ 1997 թվականի դրությամբ հայտնաբերված էր Ռայխի ոսկու պաշարներից ընդամենը 329 տոննան։

Հայտնի է, որ նացիստների ոսկին պահպանվում էր Թուրքիայի, Պորտուգալիայի ու Արգենտինայի բանկերում, բայց բանկիրները կտրականապես հրաժարվում են կիսվել իրենց ունեցած տվյալներով։ 1995 թվականին Համաշխարհային հրեական կոնգրեսը մեղադրեց շվեյցարական բանկերին նացիստական ոսկիներ պահելու մեջ։ Այն բանից հետո, երբ ստուգվեցին 1934 թվականից բացված բոլոր հաշիվները, շվեյցարական բանկերում հայտնաբերեցին շուրջ 2.5 միլիարդ դոլարի նացիստական ոսկի, ինչի արդյունքում 1997 թվականին շվեյցարական բանկիրները հարկադրված էին վճարել 270 միլիոն ֆրանկ Հոլոքոսթի հիմնադրամին։

ԽՍՀՄ ներկայացուցիչները Եռակողմ հանձնաժողովում ընդգրկված չէին ինչ-ինչ պատճառներով։ 1945 թվականին ԽՍՀՄ ՊԱԿ-ը սկսեց սեփական հետաքննությունը։ Ոսկու որոնումների օպերացիան ստացավ «Խաչ» անվանումը, ու դրա միջոցով պետք է պարզեին Նացիստական Գերմանիայից ոսկու տեղափոխման ուղիները, ինչպես նաև ցարական Ռուսաստանի անհետացած ոսկու ճակատագիրը, սակայն Ստալինի մահից հետո «Խաչ» օպերացիան կասեցվեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել