Tert.am-ը գրում է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննարկմանը, ըստ որի՝ 200 մլն ԱՄՆ դոլար է տրամադրվում ՀՀ-ին ռուսական արտադրության ռազմական միջոցներ ձեռք բերելու համար «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը նկատեց, թե իր խորին համոզմամբ այս պայմանագիրը վայելում է խորհրդարանի ճնշող մեծամասնության աջակցությունը:

«Բոլորս շատ լավ հասկանում ենք վարկի դերն ու կարևորությունը, որ ոչ միայն ՀՀ-ի, այլև Հարավային Կովկասում երկարատև խաղաղ, կայուն զարգացումների ապահովման համար է»,-ասաց նա:

Ըստ նրա՝ խորհրդարանի նման քննարկումը տրամաբանական է. «Ես ուղղակի չեմ հասկանում մի բան, երբ մենք հին երգը երգելու շատ մեծ ցանկությամբ՝ առանց հաշվի առնելու հետևանքները և դրանից բխող խնդիրները, կարող ենք անպատասխանատու հայտարարություններ անել այս ամբիոնից. ես դա չեմ ընդունում: Խնդիրը վերաբերում է անվտանգությանը, հետևաբար ցանկացած ելույթ առաջին հերթին պետք է առնվազն տեսանելի ապագային վերաբերող հնարավոր զարգացումների և աշխարհի տրամաբանության մեջ դիտարկվի, ոչ թե հենց այնպես. քննադատություն պիտի անեի՝ արեցի: Էս հարցում եկեք ձեռնպահ մնանք նման մոտեցումներից»,-ասաց նա:

Զաքարյանը հիշեցրեց, որ դեռ 2013 թվականին խորհրդարանում քննարկվել ու վավերացվել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը, որի համաձայն՝ երկու երկրների միջև շարունակվելու է ռազմատեխնիկական համագործակցությունը:

«Այս համաձայնագիրը ոչ միայն վարկային բաղադրիչ ունի, այլ նաև 2013 թվականին ստորագրված պայմանագրի տրամաբանական շարունակությունն է»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել