Tert.am-ը գրում է.

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դժգոհություն է առաջացրել, մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի: Կառավարությունը, երկրի ղեկավարությունը կոչ է անում, հրավիրում է ցուցարարներին երկխոսության. այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ի պատասխան «Սպուտնիկ» ռադիոկայանի հարցին՝ կապված երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունների, ցույցերի հետ, Մինսկում Արևելյան գործընկերության նախարարական հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

- Պարո՛ն նախարար, չե՞ք կարծում արդյոք, որ Հայաստանի նկատմամբ կիրառվում են երկակի ստանդարտներ՝ հանրությանը պառակտելու նպատակով:

- Անկեղծ ասած՝ այդքան էլ լավ չհասկացա՝ ինչ նկատի ունեք տվյալ պարագայում՝ ասելով «երկակի ստանդարտներ»: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դժգոհություն է առաջացրել, մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի: Կառավարությունը, երկրի ղեկավարությունը կոչ է անում, հրավիրում է ցուցարարներին երկխոսության: Այս առումով ընդունվեցին որոշակի որոշումներ: Կառավարության կողմից որոշում կայացվեց փոխհատուցել թանկացումները նրանց համար, ովքեր ունեն սահմանափակ եկամուտ:

Այնուհետև առաջարկվեց աուդիտ անցկացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում՝ միջազգային անկախ փորձագետների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ բողոքի ակցիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Որովհետև ցուցարարների կողմից որոշակի դժգոհություն, անվստահություն կար՝ այդ ընկերության նկատմամբ: Այս գործընթացը որոշակի ժամանակ կպահանջի: Մինչ աուդիտի ավարտը, որը լույս կսփռի, կպատասխանի հասարակությանը հուզող հարցերին, կառավարությունն իր վրա է վերցնում էլեկտրաէներգիայի թանկացման բեռը:

Այնպես որ, կառավարության, երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ երկխոսության հաստատման, ծագած հարցերի լուծման համար: Այդ մասին կոչ են անում նաև միջազգային հանրության ներկայացուցիչները: Նրանց կողմից արտահայտված անհանգստությունը մենք դիտարկում ենք որպես աջակցություն մեր երկրում ժողովրդավարական գործընթացին: Մենք մեր հերթին վերահաստատեցինք, որ Հայաստանը եղել և մնում է հավատարիմ՝ մարդու իրավունքների պաշտպանությանը, հիմնարար ժողովրդավարական ազատություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել