Tert.am-ը գրում է.

Եվրասիական տնտեսական միությունը ինստիտուտ է, որի շրջանակներում այս երկրները փորձում են ձևավորել ընդհանուր շուկա՝ տարբեր ոլորտներում: Մենք չպետք է ֆիքսենք մի պահ և ասենք, որ այդ օրվա դրությամբ մենք ամեն ինչ պետք է ստացած լինենք, այդպես չի լինում. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, նախարար Արա Նռանյանը ի պատասխան հարցի, թե ամիսներ անց՝ վերջ ի վերջո ինչ ստացավ Հայաստանը ԵՏՄ անդամակցությունից։ Նա նաև նշեց, թե ԵՏՄ շրջանակում պետք է դիտարկել փոխգործակցությունը ոչ միայն ապրանքների, այլ նաև ծառայությունների ոլորտում, որը Հայաստանում կարծեք ավելի պասիվ վիճակում է:

-Դուք նշում եք, որ պետք չէ կասկածի տակ դնել ԵՏՄ-ի կայանալու հարցը, քանի որ այն արդեն կայացած է, այլ պետք է քննարկել, թե Հայաստանն ինչպես կարող է առավելագույնս օգուտ ստանալ այդ անդամակցությունից: Արդեն քանի ամիս է՝ անընդհատ խոսվում է այդ մասին՝ ինչպես օգուտ քաղել։ Ամփոփելով այս ամիսները՝ ի՞նչ ունենք այսօր:

-Ցանկացած ինտեգրացիոն գործընթաց ունի սկիզբ, սակայն չի ունենում ավարտ, և ազատականացման, միասնական շուկայի ձևավորման, փաստաթղթերի ճանաչման գործընթացները անցնում են փուլերով: Առաջին փուլում ընդհանուր շուկա է ձևավորվում մարդկանց տեղաշարժի առումով, երկրորդ փուլում՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի տեղաշարժի առումով: Այսինքն` Եվրասիական տնտեսական միությունը ինստիտուտ է, որի շրջանակներում այս երկրները փորձում են ձևավորել ընդհանուր շուկա՝ տարբեր ոլորտներում: Մենք չպետք է ֆիքսենք մի պահ և ասենք, որ այդ օրվա դրությամբ մենք ամեն ինչ պետք է ստացած լինենք, այդպես չի լինում:

-Բայց Հայաստանը այս պահի դրությամբ  կարողացե՞լ է առավելագույնը ստանալ:

-Կան առավելություններ, որ մենք կարողացանք ստանալ: Ռուսաստանը իր հումքային ռեսուրսների նկատմամբ կիրառում է արտահանման տուրք, Ռուսաստանից առանց այդ տուրքը վճարելու ոչ մի երկիր չի կարող արտահանել ցորեն, նավթամթերք, փայտ: ՀՀ-ն, դառնալով ԵՏՄ անդամ, արդեն Ռուսաստանից այդ հումքային ռեսուրսները ձեռք է բերում առանց արտահանման տուրքի: Մենք  ունենք գործարարներ, որոնք գարնանը ներկրեցին ցորեն, փայտ, վառելիք ավելի մատչելի գնով:  Այսինքն նրանք, ովքեր գործնական են տրամադրված,  կարողանում են այդ տեղերը գտնել: Բնական է, որ Ռուսաստանի ռուբլու արժեզրկումը վնասեց մեր արտահանմանը, սակայն ինքը նպաստեց մատչելի գներով հումքային ռեսուրսների ձեռքբերմանը: Տնտեսությունը երկկողմանի ճանապարհ է, չպետք է միշտ դիտարկվի միայն արտահանման կամ միայն ներմուծման մասը, հարկավոր է տեսնել, որ պահին տնտեսությունը ինչ կարիք ունի: Պետք է աշխատանքը վերակազմակերպել՝ ըստ տվյալ տնտեսական վիճակի:

-Անդրադառնալով Ռուսաստանի տնտեսական վիճակին. սկզբում, երբ պատժամիջոցներ կիրառվեցին այդ երկրի նկատմամբ, Հայաստանի իշխանությունները նշեցին, որ ՀՀ-ն դրանից կարող է օգտվել՝ մեծացնելով արտահանման ծավալները, սակայն ստացվեց, որ Հայաստանն էլ իր չափով թեկուզ ոչ ուղղակիորեն տուժեց: Այս դեպքում Ռուսաստանի տնտեսական այս խնդիրները որքանո՞վ կազդեն մեր՝ ԵՏՄ-ից օգուտներ ստանալու հարցի վրա:

-Ռուսաստանի տնտեսական վիճակն ազդել է արտաքին առևտրի վրա ոչ միայն Հայաստանի հետ, այլ նաև Բելառուսի, Ղազախստանի, ԵՄ երկրների հետ: Օրինակ՝ Գերմանիայի և Իտալիայի հետ միլիարդավոր դոլարների անկում ունեն: Այսինքն` այս իրավիճակը, որ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ այդ երկրների ցուցանիշների անկումը բոլորվին էլ չի զիջում Հայաստանի անկման ցուցանիշներին:  Ես կարծում եմ, որ արդեն Ռուսաստանը  հասել է այն համապատասխան ներքևի կետին, որից հետո պետք է սկսի վերելքը. արդեն գնում է բարելավման գործընթաց, որն ավելի երկար է տևելու: Ընդհանրապես տնտեսությունը շատ արագ է անկում ապրում, սակայն երկար վերականգվում:

-Արդյունքում ԵՏՄ անդամակցության մեր սպասելիքները չեն չեզոքանո՞ւմ և որ մասով է, որ վերանայման անհրաժեշտություն կա, որ այդ հարցում կարող է ոչ թե օգուտ ստանանք, այլ ճիշտ հակառակը՝ տուժենք:

-Կան տնտեսական իրողություն, և դու պետք է այդ տնտեսական իրողության մեջ աշխատես, դա պետք է որևէ հուսահատության տեղիք չտա, առավել ևս, որ մենք գիտենք, որ դա ինտեգրացիոն գործընթացի հետ առնչություն չունի: Եթե մենք ԵՏՄ անդամ չլինեինք, նույն խնդիրներն էինք ունենալու: Դեռ դեկտեմբերին արդեն մեր կոնյակ արտահանողները խնդիրներ ունեին:

-Խոսելով Հայաստանի տնտեսական աճի մասին, տարբեր կանխատեսումներ կան, ըստ որոնց՝ այն բյուջեով նախատեսվածից նվազ կլինի, ընդհուպ մինչև 0 տոկոս տնտեսական աճ են նախատեսում, սակայն լավատեսական հիմքերը կառավարությունը պահպանում է: Հիմա ԵՏՄ անդամակցությունը որքանո՞վ կազդի Հայաստանի տնտեսական աճի վրա՝ հաշվի առնելով ԵՏՄ-ի ներկա վիճակը:

-Ցանկացած ինտեգրացիոն գործընթաց դրական ազդեցություն է ունենում, որովհետև ԵՏՄ-ի օրինակով մենք կարողանում ենք ավելի էժան հումք ձեռք բերել և կարողանում ենք ավելի հեշտ ճանապարհով արտահանել մեր պատրաստի արտադրանքը: Մենք այստեղ պետք է ոչ միայն ապրանքների ոլորտը դիտարկենք, այլ նաև ծառայությունների ոլորտը, որը Հայաստանում կարծեք ավելի պասիվ վիճակում է: Ես համոզված եմ, որ ԵՏՄ-ն տալու է մեզ հնարավորությունը, որի կարիքը մեր տնտեսությունը զգում է: Ցավոք սրտի ոչ մի այլ ինտեգրացիոն միավորում պատրաստ չէ ընդունել ՀՀ-ի կողմից տրված պետական սերտիֆիկատները: ԵՏՄ-ում ՀՀ-ն այդ նվաճումը ունի, սա մի առավելություն է, որից Հայաստանը նախկինում զրկված է եղել և ոչ բոլորի մոտ է ստացվում մտնել շուկա և ստանալ մուտքի այդ կարգի առավելությունը:

-Առավելությունների շրջանակում՝ շատ տնտեսագետների կողմից նշվում է, որ մեր տնտեսական օրենսդրությունն ավելի լիբերալ է, քան ԵՏՄ անդամ երկրների օրենսդրությունը։ Արդյոք վտանգ չեք տեսնո՞ւմ, որ ունեցած այդ առավելությունները, ոչ թե կարող են օրինակ ծառայել մյուս անդամ երկրների համար, այլ մենք մեր օրենսդրությունը իջեցնենք ցածր մակարդակի:

-Մենք ԵՏՄ-ում որդեգրել ենք մի հստակ քաղաքականություն: Ցանկացած կանոնակարգ, ցանկացած որոշում կայացնելիս մենք առաջնորդվելու ենք ԵՏՄ անդամ երկրների լավագույն փորձի օրինակով: Այսինքն՝ որևէ երկիր չի պնդելու, որ բոլոր երկրները որպես կանոնակարգման հիմք ընդունեն իր ազգային օրենսդրությունը, այլ կատարվում է վերլուծություն, և եթե որևէ երկրի մոտ առկա է գործարարության համար ավելի նպաստավոր կանոնակարգ, հիմք է ընդունվում հենց այդ կանոնակարգը: Այդ առումով ԵՏՀ-ի կոլեգիայի անդամները, նախարարները նույնպես ասում են, որ Հայաստանի փորձը իրենց համար կարող է լինել շատ հետաքրքիր, որովհետև մենք այս տարիների ընթացքում շատ մեծ քայլեր ենք կատարել՝ պակասեցնելով բյուրոկրատիան, թղթաբանությունը, և հիմա բոլորը փորձում են հենց այդ  ճանապարհով գնալ: Այո, ՀՀ օրենսդրությունն ավելի լիբերալ է, ինչն ընդունում են նաև մյուս երկրները և իրենք պատրաստ են հաշվի առնել Հայաստանի փորձը, որովհետև տեսնում են, թե Հայաստանում որքան է բյուրոկրատիան պակասել և շատ ոլորտներում գործում են էլեկտրոնային կառավարման համակարգեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել