Ես այդ քաոսի մի մասնիկն եմ… Բաղրամյանում արդեն մի քանի օր է, ինչ չես հասկանում՝ ինչ ա կատարվում… Չեմ ուզում ասել, թե դրանից առաջ ամեն ինչ իդեալական ու համակարգված էր, բայց բոլոր դեպքերում քաոս չէր… Ամեն պատահած, ով, վստահ եմ, դժվար կարողանա մի քանի գրագետ նախադասություն իրար ետևից ասել, վերցնում է բարձրախոսը և կոչեր է անում… Մեջբերում եմ. «պարում ենք ու պարելու ենք», «երգում ենք ու երգելու ենք», «տժժում ենք ու տժժալու ենք» ու նման բազմաբնույթ կոչեր… Սիրելիս, մենք չենք եկել, որ տժժանք, սա գիշերային ակումբ չէ, ավելին՝ մայրաքաղաքի գլխավոր փողոցներից մեկն է, որտեղ արդեն 8-9 օր է՝ ժողովուրդը փակել ա այն և պահանջում ա ոչ թե տալ իրեն տժժալու իրավունք, այլ չթանկացնել էլեկտաէներգիան… Բոլորս էլ գիտենք, որ կան որոշ խմբեր, ում նպատակն է այստեղ ուտել բրդուճներ, հաստատել նոր ծանոթություններ, անել սելֆիներ` հետագայում գլուխ գովալու համար, ամառվա շոգից խուսափելու համար քնել դրսում… և ամենակարևորը՝ ինքնահաստատվել… Ես էդ «կարգապահություն պահող տամոժնիկների» 14-16 տարեկան անչափահասների ձեռն ավելի շատ տառապեցի ու ծերացա, քան տառապում էի ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի ձեռը… Վստահ եմ, որ դրանց անտակտ ու բռի վարքից շատ շատերն էլ չեն գալու Բաղրամյան… Ի՞նչ է նշանակում՝ «մերոնքական ես, թե չէ, եթե մերոնքական ես, անցի», չէ, եղբայր, ես ձերոնքական չեմ, ես չեմ էլ լինի ձերոնքական, ես չեմ եկել էդտեղ, որ դառնամ ձերոնքական, իմ ու շատերի նպատակը ձեր նպատակին չի համապատասխանում… Մենք էստեղ ենք, որ չթանկացնեն հոսանքը, ու կուզեմ, որ դուք էլ դրա համար էստեղ լինեք… Սառույցն արդեն հալվում էր, ձեր անտեղյակությամբ, ծուլությամբ, անկարգապահությամբ, ցուցարարներին հիասթափեցնելով՝ այդ ամենը մի՛ վերածեք քաոսի… Հոգուս մեղք չանելու համար երբեք չեմ ասի, որ դա մտածված է արվում, բայց ինչ էլ որ արվում ա, մեր նպատակին հասնելու ճանապարհը չի կարճանում դրանից, տեղում դոփում ենք, տղեք… Եթե դուք չեք կարողանում, ուրեմն բերեք մեկին, ով հավաքվածներին կքաջալերի, ոչ թե ասելով՝ «տժժում ենք», այլ հիշացնի, թե ինչի համար ենք էստեղ, ոգևորի` հիշեցնելով, թե ովքեր ենք մենք, թե մեր մեջ ում գենն է, թե ինչերի ենք հասել, երբ միասնական ենք եղել, թե ինչ պատմություն ու հերոսներ ունենք, թե ինչ մշակույթի կրողներ ենք և դեռ ինչերի կկարողանանք հասնել, եթե միասնական լինենք ու մնանք այստեղ… Ասելիքս շատ է երկարում, ու եթե շարունակեմ թվարկել, ժամեր կքաշեն… Թող չթվա, որ ասածս վերաբերում ա բոլոր կազմակերպիչներին կամ կարգապահությունը վերահսկող անձանց, բայց, ցավոք, նշածս մարդիկ ճնշող մեծամասնություն են կազմում… Ուղղակի ուզում եմ, որ գիտակցեք. պահանջների իրականացման համար ոչ մի քայլ չանելը, շարունակ տեղում դոփելը և էդ ամեն ինչը քաոսի վերածելը երկու բանի ա հանգեցնելու… Առաջինը, որ ժողովուրդը, աստիճանաբար կորցնելով վստահությունը, հեռանալու ա` Բաղրամյանը թողնելով ոստիկաններին, և երկրորդ՝ որ մեր հաշվին բարձրանում ա նրանց անունը՝ որպես աշխարհում ամենամարդասեր ու ժողովրդավար իշխանությունների, որոնք ոչինչ չեն ձեռնարկում մայրաքաղաքի գլխավոր փողոցն արդեն 10 օր փակած ցուցարարներին ցրելու ուղղությամբ… 
Այսքանից հետո չեմ կարող ժխտել, որ ես այդ քաոսի մի մասնիկն եմ և մինչև վերջ էլ մնալու եմ Բաղրամյանում` հույս ունենալով, որ աստիճանաբար կվերացվի այս իրավիճակը, ու կհասնենք լիակատար հաղթանակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել