Ժողովուրդը վերջապես սկսեց մեծ թափով ինտեգրվել դեմոկրատական արժեքներին ու հասկանալ, որ սոցիալական ցույցերի գլխին պարտադիր չէ, որ քաղաքական կուսակցություն լինի, մեկ էլ հոպ՝ երեկ մայրաքաղաքային ալիքներից մեկը տեղեկացրեց, որ Հայաստանի կոմկուսը որոշել է վաղուց մոռացված իր «ռայկոմներից» մի քանիսը վերականգնել: Գոնե 60-ականների «Մեծ բեկման» հիմնադիր Խրուշչովի (որ Գորբաչովյան «պերեստրոյկայի» նախապապն է կամ նախահայրը) նկարով վերադառնային՝ կասեինք՝ վերափոխված կոմկուսն է (հիշեցնենք, որ 60-ականների սկզբին՝ հենց սովետական տարիներին, քաղաքական գնահատական տրվեց ու կոմկուսի կողմից դատապարտվեց ստալինյան բռնաճնշումների քաղաքականությունը, 30-ականներին ու 40-ականներին էլ՝ Հայրենական պատերազմի հաղթանակից հետո, երբ միլիոնավոր մարդիկ աքսորվեցին սովետական Միության տարածքում, սպանվեցին դավադրաբար...), բայց, դատելով վերջին 20 տարիների հայաստանյան կոմկուսի վերադասների (պարբերաբար փոխվող ու միմյանց «գահընկեց» անող կամ զանազան հանցանքների մեջ միչմյանց մեղադրող) գործելակերպից, կարելի է եզրակացնել, որ հենց Ստալինի դրոշի ներքո էլ կոմկուսն ուզում է վերադառնալ կամ «տեղավորվել» քաղաքական հարթակում. ասվածի ապացույցը հեռուստատեսությամբ երբեմն ցուցադրվող կադրերն են՝ կոմկուսի եզակի կառույցների գրասենյակներից, ուր «պատվավոր տեղ» են զբաղեցնում Ստալինի մեծադիր լուսանկարները: (Ոնց որ իրենք իրենց հակաքարոզչություն անեն. միգուցե դա էլ ինչ-որ պատվե՞ր է՝ «այնպես արեք, որ ժողովուրդն ատի սովետական տարիներն ամբողջությամբ ու միայն վատը հիշի»): Հետո էլ զարմանում են, որ ժողովուրդը կոմկուսին ձայն չի տալիս. Ստալինի խրոխտ հայացքի ներքո վերադառնալ ցանկացող կոմկուսին ո՞ր մի առաջադեմ քաղաքացին ձայն կտա. թեպետ չի կարելի ուրանալ 70-ամյա պետության կարևոր ձեռքբերումները հայ ժողովրդի կյանքում: Վախենամ, մի օր էլ Հյուսիսային Կորեայի մոդելն ընտրեն կոմունիստները. հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայում «աշխատավորական կուսակցություն» միահեծան կուսակցության դրոշի ներքո մի այնպիսի ռեժիմ է գործում, որ դեսպոտիզմի չլսված դրսևորումներ են տեղի ունենում. ասենք՝ նիստի ժամանակ քնած պատգամավորին մահապատժի են ենթարկում կամ երկրի առաջնորդի մահվան համար լաց չլինող ու իրեն պատեպատ խփող անձին բանտ են նստեցնում... Մի խոսքով՝ զոմբիացած ժողովուրդ են... Միգուցե այս մեթոդը ձեռնտո՞ւ լինի հայաստանյան կառավարման համակարգում նստած որոշ ռեակցիոն ուժերին, եթե չվախենան «ժողովրդավարության» ու երկրի «զարգացման», «հրապարակայնության» ու «թափանցիկության» համար տրվող եվրոամերիկյան դրամաշնորհներից զրկվելուց...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել