Դերասան Վարդան Պետրոսյանի որդին՝ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը, շարունակում է հոր ճանապարհը. Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում երեկ նա ներկայացնում էր Շարլ Ազնավուրի երգերը։ Համերգին ներկա էր նաև BlogNews.am-ը։

Հայկի գործունեությանը ծանոթ մարդիկ գիտեն, որ նա շատ է սիրում Ազնավուրին և պարբերաբար ներկայացնում է նրա ստեղծագործություններն իր ընկալմամբ։ Այս երեկոն անցավ Ազնավուրի մասին պատմություններով ու նրա երգերով, սակայն Հայկը ներկայացրեց նաև իր ստեղծագործությունները։ Ազնավուրի «Ինչ տխուր է Վենետիկը» երգը նա ադապտացրել է Երևանին և երաժշտության հիման վրա գրել «Ինչ տխուր է Երևանը, երբ էլ սեր չկա» ստեղծագործությունը։ Նա ներկայացրեց նաև իր «Անցած օրեր» ստեղծագործությունը՝ հիշելով պատերազմից հետո մութ ու ցուրտ տարիներին մարդկային ջերմությունը և «Կորցրել ես քեզ» կատակերգը։

«Քանի որ մայիսի 22-ին Ազնավուրի 91-ամյակն էր, ցանկացա նրան նվիրված համերգ ունենալ՝ ի նշան այն հարգանքի, որ տածում եմ իր հանդեպ»,- ասաց Հայկը և ոգևորությամբ պատմեց, որ 3 անգամ ներկա է եղել Ազնավուրի համերգին, նույնիսկ հաջողացրել է բռնել թաշկինակը, որը նա նետում է հանդիսատեսի ուղղությամբ։ Հայկից իմացանք, որ մի անգամ էլ Ազնավուրի հետ կարճատև շփման հնարավորություն է ունեցել։ «Շանզ-Էլիզե-ի վրա գտնվող հեղինակավոր մի թատրոնում հայրս մոնոներկայացում էր խաղում, որին եկել էր նաև Ազնավուրը։ Նա եկավ մոտ 30 րոպե շուտ, բոլորը խառնվեցին իրար։ Դահլիճում նստած էր Ազնավուրը, կողքին՝ հորաքույրս, նրա կողքին՝ ես։ Վերջում նա եկավ կուլիսներ, որպեսզի հորս հանդիպի, ու իր ձեռքը սեղմելու հնարավորություն ունեցա:) Այլ առիթ չի եղել նրա հետ շփվելու, բայց կարող եմ ասել, որ շատ հաճախ եմ շփվում իր հետ, որովհետև տանը հաճախ եմ լսում իր երգերը, ինքս էլ երգում եմ, դա էլ է շփման մի ձև»,- նշեց երգիչ-դերասանը, ում կարծիքով՝ Ազնավուրին պետք է զգալով նվագես։

Հայկը բավականին պատրաստվել էր համերգին։ Երեկոյի ընթացքում նա մեջբերում արեց «Ազնավուրը՝ Ազնավուրի մասին» ինքնակենսագրական գրքից՝ փաստելով, որ աշխարհահռչակ շանսոնյեի հաջողության գրավականն իր համառությունն էր։ Հայկը նշեց, որ համառությունը շատ կարևոր է, սակայն առավել կարևոր է, որ նա շատ է սիրում կյանքը։ «Դուք նկատե՞լ եք՝ 91 տարեկանում նրա աչքերում որքան սեր կա»,- նկատեց դերասանը։ Ի լրումն այս ամենի՝ Հայկը մի հատված կարդաց հորից՝ Վարդան Պետրոսյանից ստացած նամակից։ Կալանավայրից հայրը գրել էր ճաղերից այն կողմ էլ երկինքը սիրելու մասին։ Կյանքը սիրելու մասին նրա տեսլականը շատ հուզիչ էր և արժանացավ ներկաների հոտնկայս բուռն ծափահարություններին։ Նամակի այդ հատվածը չենք հրապարակում՝ հաշվի առնելով Հայկի ցանկությունը։ «Դա անձնական նամակ է, թատրոնում հանդիսատեսի հետ շփումը ևս անձնական է։ Այստեղ մի պահ է գալիս, երբ ես բացում եմ իմ սիրտը, սակայն չեմ ցանկանում, որ դա դուրս գա թատրոնից։ Այս նամակը ստանալս համընկավ նախապատրաստական շրջանում մտորումներիս հետ և որոշեցի կիսել այն հանրության հետ։ Ես սցենար չէի գրել, որ խաղարկային ներկայանայի, որոշեցի պարզ խոսել մարդկանց հետ»,- նշեց նա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել