Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովում լրագրողները հանրապետական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանից խնդրեցին գնահատել հոսանքի թանկացման շարժման ողջ գործընթացը:

Նաղդալյանը նշեց, որ այն երևույթը, որ շուրջ տասը օր փակ և պարալիզացված է քաղաքի կարևորագույն փողոցը, ինչը լավագույն իլյուստրացիան է, թե որքանով է ժողովրդավար երկիր Հայաստանը:

«Իմիջիայլոց երկրի նկատմամբ նման մոտեցում կար նաև մեր միջազգային գործընկներից շատ շատերի մոտ, ովքեր հասկանում են, որ ժողովրդավարությունը հենց մարդկանց ազատությունն է՝ հավաքներ և ցույցեր իրականացնելու, և տասը օր շարունակ այս իրավիճակն է Հայաստանում»,-ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է հունիսի 23-ին տեղի ունեցած բռնություններին, նաև լրագրողների նկատմամբ, ապա Նաղդալյանը նշեց, որ ծառայողական քննությունը, որ իրականացվում է հնարավորություն կտա պատասխանել բազմաթիվ հարցերի:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե եզրակացություն արե՞լ է ՀՀԿ-ն, երբ կենդանի պատի տեսքով նախաձեռնության ժամանակ ՀՀԿ-ականներ կային և որոնց նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը ոչ միանշանակ էր: Նաև հարցրեցին, թե ինչպե՞ս է գնահատում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վարքը, ով նույնիսկ պատգամավորների վրա էր հոխորտում:

Նաղդալյանը նշեց, թե դժվարանում է խոսել ոստիկանապետի վարքից, քանի որ տեղյակ չէ և հասկանալի պատճառներով երկրում չէր՝ մասնակցում էր ԵԽԽՎ ամառային նստաշրջանին:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների այցին, ապա նա դա համարեց համարձակ քայլ:
«Քաղաքական գործիչը ժողովրդի կողքին պետք է լինի և հասկանա, թե ինչ են մտածում մասսաները, և պարոն Աշոտյանի քայլը և մյուս մեր  գործընկերոջ քայլը դրանով եմ բացատրում և համարում եմ, որ սա մոտեցում էր, որը իրավունք ունի տեղի ունենալ»,-ասաց նա: 

Հարցին, թե Հերմինե Նաղդալյանը պատրա՞ստ է կրկնել «այդ սխրանքը», նա պատասխանեց, որ եթե պատրաստվի դա անել, լրագրողները տեղյակ կլինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել