Երբեմն հիշեցնում եմ, որ այս պրոցեսն ունի այլ կողմեր։ Սա չէի կարդացել։ Ահա ՀԷՑ-ն էլ իր շահերն ունի։
Չեմ ուզում մանրամասնել, ինքս որոշ ժամանակ ուսումնասիրել եմ և՛ ՀԷՑ-ի հաշվետվությունները, և՛ էներգետիկ շատ ցուցանիշներ։
Միայն մի երկու բան կասեմ։

Ա) Նույնիսկ Հայաստանում իշխանափոխություն լինի, նույնիսկ հրաշքով թալանը վերանա, նույնիսկ ՀԷՑ-ն ազգայնացնեն կամ ծախեն երրորդ կողմին. պարտքերը կան ու կան։ Իզուր չէի ՀԷՑ-ին համեմատում Հունաստանի հետ։ Ասեմ նաև, որ ազգայնացման դեպքում Ինտեր-ՌԱՕ-ն, չի բացառվում, ֆինանսական օգուտ անի, քանի որ մոտ երեսուն միլիոն Եվրոյի վարկ է տվել ինքն իր դուստր կազմակերպությանը։

Բ) Խնդիրն իրականում շատ ավելի խորն է, ու ահա հենց վերոհղված լուրը կարելի է ի ցույց օգտագործել այդ խորությունը ցույց տալու համար։ Իսկ խորությունն ամբողջ համակարգի խելքի բերելն է, ՀԷՑ—ն ուղղակի այսբերգի երևացող մասն է։ Էներգակիրներ, Արտադրողներ, Բաշխումը, Բարձրավոլտն ու նոր միայն ՀԷՑ-ը։ Ու սա միայն մասնակիցները, կա նաև Օրենսդրական, վերահսկողական, կառավարման, մեթոդոլոգիայի լիքը բացթողումներ։

Գ) Կան շատ հին թալանած/կերած, ինչպես նաև լեգիտիմ պարտքեր, որոնց պոչը չես գտնի։ Իզուր չի ՀԷՑ-ը նշում 1999 թվականից սակագնի չբարձրացման փաստը, մինչդեռ սեփականաշնորհվել է երեք տարի անց։ Պարտքերն էլ հետն են տվել, ու ձնագնդիկով գլորել են։ Ձնագնդիկը սխալ եմ ասում, եթե ձնագնդիկ լիներ, հեշտ կլիներ։ Հին պարտքը փակել են, ու այն պարտքը, որ գոյացել է երեկ չէ առաջին օրը, վճարել են երկվա փողով, երեկվա պարտքը վճարել են այսօրվա փողով, ու այսօրվա պարտքը թողնվել է։ Մի մասն էլ փակել են մեծածավալ վարկերով՝ դրա սպասարկումը դարձնելով այսօրվա պարտք։ Սա այն հիմնական պատճառն է, որ ինձ միշտ զսպել է այս ոլորտ մտնելուց՝ կեղտը տասնամյակներով է, համարյա մինչև անկախության սկիզբ։ Դե գնա ու գտիր պոչը՝ անհնար է։

Դ) Ինֆորմացիայի պակաս։ Ուրեմն ՀԾԿՀ-ն ոնց որ ծախված մամուլ լինի, որ միայն ինֆորմացիայի մի մասն է տալիս։ Նույնիսկ սակագնի երկու տարբեր թվերի հայտ վերցնենք, ֆորմատով իրենք տարբեր են։ Թվերը համադրելի չեն։ Շատ դժվար է վերլուծել։

Ե) Էներգետիկ տվյալների պակաս։ Սրա մի մասը կա ՀԾԿՀ-ում, մի մասը բաշխիչի մոտ է (իսկ սա կարևոր է, քանի որ սակագնի վրա ազդող գործոններն օրական են)։ Սակագնային տվյալների պակաս՝ սրա մասին գրել եմ։ Բայց մի բան ասեմ, ուրեմն տնտեսական գործունեությունն ու ֆինանսական գործունեությունը տարբեր բաներ են։ ՀԾԿՀ-ն մինչև հիմա խնդրին նայել է՝ զուտ տնտեսական գործունեությունից ելնելով։ Սա սխալ է։ Քանի որ կորուստները ոչ միայն տեխնիկական են, կամ չվճարումներն ու հոսանքի գողանալը, այլ նաև ֆինանսական մենեջմենթը, որը նոր պատկերը ամբողջացնում է։ Էլ չասեմ, որ էներգետիկայի նախարարությունն ընդհանրապես ինֆորմացիոն ժուժկալ է։

Զ) Գամ էներգետիկայի նախարարությանը։ Ոչ մի խելքը գլխին ստրատեգիա չկա։ Ապագան անորոշ է, իսկ սենց բան չի կարելի անել, քանի որ սակագինը ձևավորվում է կամ ավելի ճիշտ հնարավոր է նվազեցնել նոր ներդրումների միջոցով, նոր ձևերով. պետք է հասկանանք՝ ուր ենք գնում։ Խնդիրը մի օրանոց ու մի տարիանոց չի։ Ու այսօր էլ հասել ենք այս վիճակին ստրատեգիայի բացակայության հետևանքով։ Այս պահին այդ նախարարության իմաստն անիմաստ ոնց որ լինի, մինչդեռ իրենք պիտի լինեն դաշտի ճիշտ կանոններ սահմանողը։

Է) Գրածներս բարդ խնդիրներ են։ Բնական է, որ սա բնակչության հետ հարթակում անհնար է ժողովրդավար ձևով քննարկել ու համատեղ բողոքների վերածել։ Մարդկանց ուզածը պարզ է՝ սակագինը բարձր է։ Սա հեշտ է պահանջել/բողոքել, ու բողոքն էլ այդպիսին պիտի մնա։ Ուղղակի փորձեցի մասնագիտորեն որոշ նյուանսներ ասել, որ նրանք, ովքեր փորձեն բացել ՀԷՑ-ի բազմաէջ թվերը, հաշվի առնեն։

Հ.Գ.
Եթե վերոնշյալ հղումս չեք բացել ու կարդացել, արեք այն։ Կտեսնեք, թե ինչպես է ՀԷՑ-ն էլ իր կողմից պաշտպանվում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել