Օրերս համացանցում լայն տարածում գտավ Միշոյի և ՀՏ Հայկոյի լուսանկարը, որն ազդարարում էր ռեփերների նոր համագործակցության մասին։ Ռեփերները միասին հանդես են գալու «Շարմ» հոլդինգի նոր՝ «Հյուսիս-հարավ» ֆիլմում, որի ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է։

BlogNews.am-ը ներկա է եղել ֆիլմի նկարահանումներին և զրուցել Դավթի հետ։ Ֆիլմի հիմքում 4 տղայի ընկերությունն է. նրանցից մեկը փորձանքի մեջ է ընկնում, իսկ ընկերներն օգնում են  «ջրից չոր դուրս գալ»։ Հենց այստեղ էլ սկսվում են արկածային պատմությունները։ Ընկերներին մարմնավորում են Միշոն, ՀՏ Հայկոն, Սոս Ջանիբեկյանը և Դավիթ Թովմասյանը, Մկոն ֆիլմի՝ սարսափ առաջացնող կերպարն է։ Ֆիլմում խաղացել են նաև Դիանա Մալենկոն, Սոնա Շահգելդյանը, Մարջան Ավետիսյանը, Էվա Խաչատրյան և այլք։ Էպիզոդիկ դերերում ևս նկարահանվել են պրոֆեսիոնալ դերասաններ։ Նկարահանումները տևել են մոտ մեկուկես ամիս, հունիսի վերջին դրանք կավարտվեն։

ՀՏ Հայկոյի և Միշոյի կոնֆլիկտից հետո սա նրանց առաջին համագործակցությունն է։ Մեր հարցին՝ տղաները հե՞շտ համաձայնեցին միասին հանդես գալ, Դավիթ Բաբախանյանը դրական պատասխան տվեց։ «Նկարահանման հրապարակում ես տեսել եմ շատ լավ, ջերմ հարաբերություններ Միշոյի և Հայկոյի միջև։ Կոմերցիոն առումով, կարծում եմ, մարդկանց հետաքրքիր կլինի նրանց միասին տեսնել ֆիլմում, սակայն մենք Հայկոյին և Միշոյին ընտրել ենք ըստ սցենարի, նրանք մեզ հետաքրքիր էին այս պերսոնաժներով»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է ՀՏ Հայկոյի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուն՝ հաշվի առնելով, որ նա դուրս է եկել ոլորտից և վերջին տարիներին հրաժարվում է որևէ հարցազրույցից, նկարահանումից, Դավիթը նշեց, որ Հայկոն ասել է՝  ֆիլմը բացառություն է և չի հակասում իր որոշմանը. «Կարծում եմ՝ նա սա արեց նաև իր հաճույքի համար»։

Ռեժիսորից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է՝ հենց ՀՏ Հայկոն և Միշոն կատարեն ֆիլմի սաունդթրեքը. «Մենք մտածել էինք այդ մասին, սակայն Հայկն արդեն դուրս է եկել այդ ոլորտից, նա բիզնեսմեն է դարձել և չի ցանկանում վերադառնալ։ Մենք հարգում ենք նրա կարծիքը»։ Թե սաունդթրեքն ով կկատարի, Դավիթն այժմ չգիտի, քանի որ վերջնական որոշում դեռ չունեն։

Ֆիլմի անսպասելի հերոսուհիներից է նաև երգչուհի Սոնա Շահգելդյանը, ով ներկայանում է որպես ռեստորանային համալիրի տնօրեն-մենեջեր։ «Երբ կերպարը կերտում էինք, Սոնայի հետ նմանություն կար։ Մենք  փորձել ենք չհեռանալ Սոնայի էներգետիկ տեսակից, և սցենարը գրվել է նրա իրական կերպարին մոտ, դրա համար Սոնայից դերասանական մեծ վարպետություն չէինք ուզում։ Կարծում եմ՝ հանրությանը հետաքրքիր կլինի»,- ասաց ռեժիսորը։

Դավթի փոխանցմամբ՝ սա բացառիկ ֆիլմ է, որտեղ տանը նկարահանումներ չեն արվել, նկարահանումները հիմնականում արվել են դրսում։ Մեր ֆոտոռեպորտաժի օրն էլ նկարահանումներն իրականացվում էին բաց երկնքի տակ։ Չնայած կիզիչ արևին՝ ստեղծագործական կազմն աշխատում էր առանց տրտնջալու։ Ֆիլմի օպերատորը Վազգեն Մուրադյանն է, նկարիչը՝ Արմեն Ղազարյանը, մոնտաժողը՝ Մանվել Հովսեփյանը, գործադիր պրոդյուսերը՝ Արման Միտոյանը, պրոդյուսերը՝ «Շարմ» Հոլդինգը՝ ի դեմս Կարեն Ղազարյանի։ Ֆիլմն էկրան կբարձրանա սեպտեմբերի առաջին կեսին։

http://www.sharmholding.com/blog/wp-content/uploads/2015/06/IMG_4979.jpghttp://www.sharmholding.com/blog/wp-content/uploads/2015/06/IMG_4906.jpghttp://www.sharmholding.com/blog/wp-content/uploads/2015/06/IMG_5476.jpghttp://www.sharmholding.com/blog/wp-content/uploads/2015/06/IMG_3306.jpghttp://www.sharmholding.com/blog/wp-content/uploads/2015/06/IMG_3305.jpghttp://www.sharmholding.com/blog/wp-content/uploads/2015/06/IMG_5463.jpghttp://www.sharmholding.com/blog/wp-content/uploads/2015/06/IMG_4550.jpghttp://www.sharmholding.com/blog/wp-content/uploads/2015/06/IMG_4085.jpghttp://www.sharmholding.com/blog/wp-content/uploads/2015/06/IMG_4353.jpghttp://www.sharmholding.com/blog/wp-content/uploads/2015/06/IMG_4355.jpghttp://www.sharmholding.com/blog/wp-content/uploads/2015/06/IMG_4358.jpghttp://www.sharmholding.com/blog/wp-content/uploads/2015/06/IMG_4359.jpghttp://www.sharmholding.com/blog/wp-content/uploads/2015/06/IMG_4348.jpg

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի և «Շարմ» հոլդինգի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել