Tert.am-ը գրում է.

Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային խորհրդակցությունն աննախադեպ քայլ էր այն իմաստով, որ մենք մինչև հիմա տեսել ենք, որ բազմաթիվ, այսպես կոչված, ընդդիմադիր քաղաքական ուժեր դուրս են եկել հրապարակ, փորձել են ինչ-ինչ խնդիրներ ներկայացնել, սակայն այդ երիտասարդների նկատմամբ հարգալից վերաբերմունքը բացառիկ էր,  երբևէ որևէ իշխանության վերաբերմունքի համեմատ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը։

«Այսինքն` երկրի Նախագահը ունկնդիր եղավ, լսեց ցուցարարներին և հրապարակային աշխատանքային քննարկում կազմակերպեց։ Ուրիշ ի՞նչ պետք է առաջարկվեր այս իրավիճակում, երբ ասվում է, թե սակագնի բարձրացման ամբողջ ավելացած գումարը պետք է կառավարությունը վճարի։ Այսինքն` մեր շարքային քաղաքացին այդ գումարը չի վճարելու, իշխանությունը փորձեց ձևեր գտնել այդ հոգսը թեթևացնելու»,- ասաց նա և նշեց, որ դատելով Նախագահի խոսքից՝ հնարավոր է նույնիսկ ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխություն, ինչու ոչ՝ նաև ազգայնացում։ «Սա նշանակում է հարգալից վերաբերմունք բողոքող երիտասարդների և ամբողջ ժողովրդի նկատմամբ, որովհետև այդ պահանջը մեր բոլորի պահանջն է։ Հիմա իշխանությունները գործողությունների ծրագիր են առաջարկել և պատրաստ են այդ ծրագիրն իրականացնել ես կարծում եմ, որ բոլորը պետք է վստահեն այդ ծրագրին»,-ասաց նա։

Մեր դիտարկմանը, թե քիչ առաջ ակտիվիստները հայտարարեցին, որ իրենց չի բավարարում աուդիտ անցկացնելու որոշումը և իրենց պահանջը հստակ է՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման կասեցում, Մարգարիտ Եսայանը պատասխանեց. «Ես չեմ լսել այդ հայտարարությունը, սակայն կարծում, որ մինչև օրվա վերջ ինչ-որ բան կփոխվի։ Բոլոր այն առաջարկները, որոնք արվեցին Նախագահի կողմից, շատ ընդունելի առաջարկներ են և ճիշտ կանեն երիտասարդները դրանք ընդունեն։ Կարծում եմ, որ խնդիրը աստիճանաբար գնում է  դեպի լուծում»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել