Հունիսի 27-ին ՆՓԱԿ-ում տեղի տեղի ունեցավ լուսանկարիչ, գրաֆիկական դիզայներ Արվին Քոչարյանի «Միստիկուս» (MYSTICUS) ցուցահանդեսը: Սա արդեն լուսանկարչի երրորդ ցուցահանդեսն է, որի ընթացքում նա ներկայացրել էր հիսուն լուսանկար: Արվինի հերոսները հայտնի և ոչ միայն հայտնի մարդիկ էին, այնպիսիններ, ում լուսանկարիչը պատկերացրել էր միստիկ կերպարում. «Այս բոլոր կերպարներն ինձ համար շատ հարազատ են, և լուսանկարները ստեղծել եմ՝ ըստ իմ տրամադրության: Երբ աշխատանքն ավարտում եմ, մի քանի օր հետո թարմ աչքով նայում եմ, հետո խոսում եմ այն մարդկանց հետ, ում վստահում եմ և ում կարծիքը հաշվի եմ առնում, առաջին հերթին իմ կնոջ և իմ մոտիկ ընկերոջ՝ Անդրե Սիմոնյանի»,-Blognews.am-ի հետ զրույցում նշեց Արվին Քոչարյանը։

Ցուցասրահում անջատված էին լույսները, և վառվում էին միայն մոմերը, ինչն ավելի խորհրդավոր էր դարձնում լուսանկարները:

Մոդել Աննա Գրիգորյանը, ով ևս լուսանկարվել էր այս ֆոտոշարքում, խոստավանեց, որ միստիկ ոճն իրենը չէ, սակայն այս դեպքում շատ է ցանկացել մասնակցել դրան. «Երբ իմացա, որ ցուցահանդես է պլանավորում, զանգեցի և ասացի՝ ինչպե՞ս, ես չե՞մ լինելու քո ֆոտոշարքում: Նա էլ ասաց՝ ախր մենք այդպիսի ֆոտոշարք չունենք: Ես չէի դիմանա դրան, և մենք որոշեցինք, որ այդ բացը պիտի լրացնենք: Այս նկարում ես արծվի կերպարում եմ, փետուրներով: Հիմա շատ ուրախ եմ, որ համագործակցության արդյունքում ծնվեց այս լուսանկարը»:

 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել