Ավետ Մարկոսի Ավետիսյան, Ավետյան (իսկական ազգանունը՝ Ոսկանյան):

ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Ավետ Ավետիսյանը ռեալիստական ուղղության խոշոր վարպետներից է հայ թատրոնում: Անգերազանցելի են Սաղաթելի և Զամբախովի նրա դերակատարումները: Ծնվել է 1897թ.-ին Թիֆլիսում: 1918-1921-ին խաղացել է Թիֆլիսում, Բաքվում, Ղարաքիլիսայում:

Դեպքերի բերումով 1918-ին Ավետ Ավետիսյանը ընկնում է Բաքու և հայտնվում Հովհաննես Աբելյանի թատերախմբում՝ որպես սիրող դերասան, ուր և ի հայտ են գալիս նրա դերասանական տվյալները: Աբելյանի ղեկավարությամբ անփորձ դերասանի ստեղծած Ոսկանի («Չար ոգի») անձնավորումը ճակատագրական եղավ, և նա շուտով խաղաց Ամո Խարազյանի թատերախմբում, այնուհետև՝ Երևանի շրջիկ թատրոնում:
Ավետ Ավետիսյանը Երևանի Առաջին պետթատրոն հրավիրվեց 1922-ին՝ նրա հիմնադրման առաջին օրերին և առաջին անգամ բեմ բարձրացավ 1922թ փետրվարի 7-ին Շիլլերի ‹‹Ավազակներ››-ում՝ Ռոլլերի փայլուն դերակատարումով:
Թատրոնի պատմության մեջ Ավետ Ավետիսյանը խաղացանկի ամենազբաղված դերասանն էր, ով միայն Սունդուկյանի անվան թատրոնի բեմում խաղաց մոտ 170 դեր:
Նրան հանձնարարում են իր խառնվածքին ավելի հարազատ դերեր: Ազգային դերերի վարպետ Ավետ Ավետիսյանը հաջողություն է ունեցել ոչ միայն հայկական դրամատուրգիայի գործերում: Նրան մեծ ճանաչում բերեցին Պանտանոլեն (Գոլդոնի ‹‹Երկու տիրոջ ծառա››), Զեմլյանիկան (Գոգոլի ‹‹Ռեվիզոր››), Օրգոնը (Մոլիերի ‹‹Տարտյուֆ››), սակայն նա միանգանից հռչակվեց Սաքոյի դերակատարմամաբ (Դեմիրճյանի ‹‹Քաջ Նազար››):
1928-ին Ավետ Ավետիսյանը համարվում է ‹‹թատրոնի հիմնական ուժերից մեկը››, երբ իր ստեղծագործական ամբողջ ուժով հանդես է գալիս Զամբախովի դերում՝ (Սունդուկյանի ‹‹Խաթաբալա››):
Ավետիսյանի արվեստը զննելու արվեստ չէ, այլ տեսնելու, որովհետև այնտեղ չկան կիսատոներ, չկան հազիվ տարբերակվող երանգներ: Դա թանձր գույների, ուժեղ կոնտրաստների, խոշորագիծ պատկերման արվեստ է, ուր ամեն ինչ ասվում է մինչև վերջ և առանց վերապահման:Սունդուկյանական կերպարների իր անթերի մեկնաբանություններով՝ Զումբախով, Պեպո, Սարգիս, իր բոլոր յուրահատկություններով՝ Ավետ Ավետիսյանը մեծ դրամատուրգի քննադատական կերպարի խոշորագույն մեկնաբանն էր այդ ժամանակի հայ թատրոնում, այնքան խոշոր, որ իր անունը կապեց այդ կերպարների հետ:
Այդպես են դերասանի անձնավորած ոչ միայն սունդուկյանական կերպարները: Այդպես են կերպարանավորվել նաև Պռոշյանի Միկիտան Սաքոն (‹‹Հացի խնդիր››), Լերմոնտովի Շպրիխը (‹‹Դիմակահանդես››), Գորկու Դոստիգաևը (‹‹Դոստիգաևը և ուրիշները››), Շիրվանզադեի Սաղաթելը (‹‹Պատվի համար››), Մարութխանյանը (‹‹Քաոս››), Շեքսպիրի Գրումիոն (‹‹Անսանձ կնոջ սանձահարումը››), Քաղաքապետը (Գոգոլ՝ ‹‹Ռեվիզորը››), Ջոն կուկան (Դյումայի ‹‹Քին››), Վազգենը (Դեմիրճյանի ‹‹Կապուտան››), Սաղաթելը (Շիրվանզադեի ‹‹Պատվի համար››), Յագոն (Շեքսպիրի ‹‹Օթելլո››), Ռոբինզոնը (Օստրովսկու ‹‹Անօժիտը››), Մատվեյ Եգորիչը (Վ. Փափազյանի ‹‹Ժայռ››), Անտոնիոն (Ֆիլիպոյի ‹‹Շաբաթ, կիրակի, երկուշաբթի››), Հազկերտը (Դեմիրճյանի ‹‹Վարդանանք››) և այլն:
Իր ամբողջության մեջ Ավետ Ավետիսյանի ստեղծագործությունը ցայտուն, պարզորոշ, շեշտված արվեստի արտահայտություն է, ուժեղ շտրիխների, պրկված ռիթմերի, շարժման ու խոսքի ակներևորեն կտրուկ, զիգզագաձև անցումների, թանձր կերպարանագծումների դերասան Ավետ Ավետիսյանը նշանավոր էր թատրոնում, որի պատմության մեջ նա աչքի ընկնող տեղ էր գրավում իր զորեղ տաղանդով և վարպետությամբ, տարիներով ամբարած ստեղծագործական ահագին հարստությամբ:
Վերջին տարիներին Ավետ Ավետիսյանը խաղաց Անտոնիոյի դերը՝ Ֆիլիպո ‹‹Շաբաթ, կիրակի, երկուշաբթի››, մի քիչ ցնորված, բայց անհունորեն բարի մի ծերունի, ուր փայլատակեց մեծ դերասանն իր ողջ շքեղությամբ: Ավետ Ավետիսյանի վերջին դերը եղավ Սերմնացանը՝ Զարզանդ Դարյանի ‹‹Հանրապետության նախագահը›› պիեսի աճեմյանական բեմադրության մեջ (1970, 30-ը մայիսի):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել