Tert.am-ը գրում է.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարի ուղեկցությամբ Վրաստանի Արդարադատության ու Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարները Հայաստանում աշխատանքային այցի ավարտին այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը, վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրերին, իր ցավակցությունն է հայտնել Վրաստանի աղետալի ջրհեղեղի վերաբերյալ՝ նշելով, որ հետևել են դեպքերին՝ աղոթելով զոհվածների հիշատակի և վիրավորների շուտափույթ ապաքինման համար:

Վեհափառը կարևորել է հարևան եղբայրական, քրիստոնյա Վրաստանի հետ առկա բարեկամական ջերմ հարաբերությունները և դրանց զարգացմանն ու խորացմանը նպաստող տարբեր ձևաչափերի միջոցառումները՝ գոհունակություն հայտնելով մասնավորապես արդարադատության ոլորտում երեք նախարարությունների միջև ձևավորված սերտ հարաբերությունների և զարգացող համագործակցության առիթով:

Զրույցի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ–ն անդրադարձել է Վրաստանի հայ համայնքի հավատավոր զավակների հոգևոր կյանքի կազմակերպմանն առնչվող որոշ խնդիրների, այդ թվում՝ հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու հարցին:

Հանդիպման վերջում Նորին Սրբությունն, ներկաներին տալով իր հայրապետական օրհնությունը,   ողջույններ է փոխանցել Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել