Երբ երիտասարդ ակտիվիստները կամ ցուցարարները էմոցիոնալ ֆոնին հակառուսական կոչեր են հնչեցնում, երբեմն ոչ օբյեկտիվ, ինչ որ տեղ հասկանալի է, բայց անընդունելի և դատապարտելի է, երբ դա անում են իրենց վերլուծաբան կամ հասարակական-քաղաքական գործիչ համարող անհատները, ովքեր շատ լավ հասկանալով, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը ուղղակիորեն վնասում է Հայաստանի պետական շահերին, անում են նմանատիպ հայտարարություններ: Մի կողմից զարմանում ենք, որ ռուսները մեր արդար բողոքի պահանջն ընկալում են որպես հակառուսական Մայդան, մյուս կողմից անում հակառուսական կոշտ հայտարարություններ, վիրավորում ռուս լրագողներին և լրատվամիջոցներին, ինչն ուղղակի անհեթեթ և անթույլատրելի պահվածք է: Եթե սա իրոք պայքար է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, ապա եկեք պայքարենք սակագնի իջեցման համար և քիթներս չմտցնենք այնտեղ, որտեղ չի կարելի: Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է և շատ բնական է, որ անհանգստացած է երևանյան դեպքերով, իսկ Մայդան Հայաստանում չկա և չի լինելու, իսկ հակառուսական տրամադրություններ սերմանողները եղել են և միշտ լինելու են մեր հասարակության շատ աննկատ, փոքրիկ և ոչինչ չորոշող մի հատված, որոնց մի մասը ՛՛խելացի երևալու՛՛, մի մասը գրանտ լափելու, մյուս մասն ինքն էլ չգիտի, թե ինչու, բայց խոսում է Ռուսաստանի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել