Ինձ թվում է՝ հաջողությունը շատ հարաբերական է:
Ամեն մարդու մոտ դա տարբեր է, և մի մարդու կյանքում կարող են լինել տարբեր ոլորտներում հաջողություններ` կարիերա, սեր, ընտանիք և ընկերական շրջապատ:
Ամեն ոլորտում էլ կարևոր է հասնել հաջողության:
Հաջողություն եմ համարում նպատակի իրագործումը կամ ինչ-որ քայլով մոտեցումը դեպի այդ նպատակը:
Ըստ իս՝ մեծ հաջողությունը կազմված է փոքր հաջողություններից:
Հաջողությունը մի ճանապարհ է, որը պետք է անցնել, իսկ այդ ճանապարհը ուղիղ համեմատական է հաջողության հետ, այսինքն՝ ինչքան մեծ հաջողության եք ուզում հասնել, կամ ինչքան մեծ է նպատակը, այդքան ավելի երկար է այդ ճանապարհը:
Ճանապարհը անցնելու համար այն պետք է բաժանել մասերի և պլանավորել ըստ քայլերի: Իհարկե, հնարավոր չէ այնպես պլանավորել, որպեսզի ամեն ինչ կանխատեսվի: Ճանապարհին միշտ էլ հանդիպում են աննախատեսելի խոչընդոտներ: Սակայն կարևորը դրանց ուշադրություն չդարձնելն է:
Իմ անցած ճանապարհից հասկացել եմ մի բան, որը հստակ է ինձ համար` երբեք պետք չի հանձնվել, ցանկացած խոչընդոտ կարելի է հաղթահարել:
Հաջողությունը նպատակի իրագործումն է, և իրագործելով ինչ-որ հաջողություն՝ պետք է նոր նպատակ դնել և շարունակել ճանապարհը դեպի նոր կետը:
Ցանկացած ճանապարհ անցնելու համար կարևոր է ևս մի բան` հավատ:
Մեծ հաջողության հասնելու համար, կարծում եմ, պետք է զբաղվել սիրելի գործով, քանի որ անցնելով մի քանի փուլ՝ չսիրելով դադարում ես աշխատել. պետք է սիրել գործը:
Ինչպես տեսաք, չկան հաջողության գաղտնիքներ ինձ համար, ուղղակի կան նպատակներ, պլաններ և ժամանակի և աշխատանքի ներդրում հաջողության հասնելու համար:
Հաջողությունների շատ մարդիկ են հասնում, բայց կյանքում հաջողության հասնում են քչերը: Օրինակ՝ երբ դեռահասն անվճար ԲՈՒՀ է ընդունվում, դա հաջողություն է, բայց դա դեռ կյանքի հաջողություն չէ, և դրանով նրան դեռ չի կարելի հաջողակ մարդ անվանել: Կամ, եթե ֆուտբոլային թիմը հաղթում է երկրի առաջնությունում, դա նույնպես հաջողություն է, բայց դրանով այդ թիմը դեռ «հաջողակ թիմ» չէ, քանի որ մեկ կամ մի քանի հաջողությամբ հաջողակ չեն դառնում:
Եթե վերցնենք կարճաժամկետ տեսանկյունից, հաջողությունը «հաղթանակն» է: Հաջողությունը ֆինանսական հաջողությունը չէ: Իհարկե, կա նաև ֆինանսական հաջողություն ասվածը, ինչպես, օրինակ, անձնական կյանքում հաջողություն կամ ուսման մեջ հաջողություն: Բայց երբ մենք խոսում ենք հաջողության մասին, մենք չենք խոսում ֆինանսական հաջողության մասին, չնայած դա շատ կարևոր է, այլ խոսում ենք ավելի գլոբալ՝ հաջողության մասին: Այսինքն, կարճաժամկետ տեսանկյունից հաջողությունն ավելի պարզ է, և շատ մարդիկ են բազմաթիվ հաջողությունների հասնում: Հաջողություն կարելի է համարել, օրինակ, ամուր ընտանիք կազմելը, լավ աշխատանքի ընդունվելը, օլիմպիադայում հաղթելը, շահութաբեր բիզնես սկսելը, երազանքների ճանապարհորդության մեկնելը և այլն:
Կյանքի հաջողությունն այլ է: Կյանքում հաջողության հասնելը շատ ավելի դժվար է, քան առանձին հաջողությունների դեպքում: Բայց դրանց մեջ մի կապ կա: Երկարաժամկետ տեսանկյունից հաջողությունը կազմված է կարճաժամկետ տեսանկյունից բազմաթիվ հաջողություններից: Ինչպես է, օրինակ, առանձին կետերից կազմվում շրջանը, այնպես էլ առանձին հաջողություններից կազմվում է կյանքի հաջողությունը: Երբ նայում ես երկարաժամկետ տեսանկյունից, ապա հաջողությունն ու երջանկությունը գրեթե հոմանիշներ են, այսինքն՝ հաջողակ է այն մարդը, ով երջանիկ է, և երջանիկ է այն մարդը, ով հաջողակ է: Հետևաբար, եթե ուզում ես դառնալ հաջողակ կյանքում, պետք է ձգտես դառնալ երջանիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել