Leonardo da Vincis sketches of a fetus
Լեոնարդո դա Վինչին մոր արգանդում գտնվող երեխայի գծանկարը 1510 և 1513 թվականների միջակայքում է արել։
Լեոնարդո դա Վինչիի կողմից արված մարդկային օրգանների 500-ամյա իլյուստրացիաները գրեթե բոլորը շատ մանրամասն ու ճշգրիտ են։ Բոլորը՝ բացի այն պատկերներից, որտեղ պատկերված են կանացի ռեպրոդուկտիվ օրգանները։
Բանն այն է, որ այդ ժամանակներում շատ դժվար էր կանանց դիակներ «Ճարել», որոնց դիահերձման արդյունքում կարելի կլիներ լիարժեք պատկերացում կազմել, թե ի՞նչ տեսք ունեն կանանց տարբեր օրգաններն ու հյուսվածքները։
Լեոնարդոն անկասկած ոչ միայն իր ժամանակների, այլև ողջ պատմության հանճարեղ մարդկանցից մեկն է եղել, ընդ որում՝ նա անգամ հանճարների շրջանակում է յուրահատուկ, որովհետև դրսևորել է բազմակողմանի զարգացվածություն։ Նա ուսումնասիրում էր մարդկային անատոմիան, որպեսզի հնարավորինս ճշգրիտ պատկերեր մարդկանց իր կտավներում, բայց իր ուսումնասիրությունները նա կատարում էր ոչ այնքան նկարչի ու արվեստագետի, ինչքան գիտնականի աչքերով։
Այդ ժամանակներում անատոմիան գտնվում էր նույն մակարդակի վրա, ինչ անտիկ աշխարհում էր, իսկ ամենալուրջ գիտական աշխատությունը 2-րդ դարի հռոմեացի անատոմ Գալենի աշխատությունն էր, ով հաճախ իր դիտարկումներն արել էր կենդանիներին ուսումնասիրելով։ Այսպիսով, նշվեց, որ միջին դարերում շատ բարդ էր դիահերձման համար կանացի դիակներ ճարել, որովհետև անտեր դիակները, որպես կանոն, պատկանում էին հարբեցող ու թափառաշրջիկ տղամարդկանց, մինչդեռ կանայք անհամեմատ քիչ էին այդ շարքում։
Բացի դրանից՝ խնդիրն է՛լ ավելի էր բարդացնում ժամանակի հետամնացությունը, որն արտահայտվում էր նաև նրանով, որ մարդիկ չէին տիրապետում դիակների բալզամավորման միջոցներին, և դրանք սկսում էին նեխել արդեն 2-3 օր հետո՝ անտանելի աշխատանքային պայմաններ ստեղծելով այդ թվում նաև Լեոնարդոյի համար։ Այնուամենայնիվ, Լեոնարդոն հանճար էր, և նա այն աստիճան մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարեց, որ նրա գծապատկերների ճշգրտությունը ցնցում է անգամ այսօրվա բժիշկներին ու պաթոլոգաանատոմներին։ Եթե ժամանակակից գիտությունը վերջին 60 տարվա մեջ է սկսել լրջորեն ուսումնասիրել մկանային հյուվածքների կառուցվածքն ու տեղաբաշխումը, ապա Լեոնարդոն դա արել է դեռ 500 տարի առաջ, նա է առաջինը պատկերել մարդու ողնաշարի համակարգը, ինչպես նաև առաջիններից էր, ով մոտեցել էր արյան շրջանառության առանձնահատկությունները հասկանալուն։
Լեոնարդոն առաջինն էր, ով պատկերել է մարդկային պտուղն արգանդում, բայց այստեղ մենք նկատում ենք բազմաթիվ թերացումներ ու սխալներ։ Ակնհայտ է այն փաստը, որ շատ անգամ Լեոնարդոն հիմնվում էր կենդանիների վերարտադրողական օրգանական համակարգի կառուցվածքի վրա, երբ պատկերում էր կանանց ռեպրոդուկտիվ օրգանները։
Վստահաբար կարելի է պնդել, որ նա պատրաստվում էր հրապարակել իր աշխատություններն անատոմիայի վերաբերյալ, սակայն նա այդպես էլ չարեց դա, և այժմ նրա աշխատություններն այս ոլորտում պահվում են Բրիտանիայի Արքայական թանգարանում և ցուցադրված են Թագուհու պատկերասրահում։
Ֆլորենցիացի հանճարը չէր տիրապետում այն գիտելիքներին, որոնք այսօր սովորական են, բայց, միևնույն է, նա դարերով առաջ էր անցել իր ժամանակաշրջանից, իսկ նյութի սկզբում դրված նկարը, որտեղ երեխան մոր արգանդում է, երևի առաջին քայլը կարելի է համարել դեպի ուլտրաձայնային սարքերի միջոցով արվող պատկերը տանող «ճանապարհին»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել