Ժողովրդավարությունը արձանագրում է հերթական հաղթանակը: Քաղաքացիական հասարակությունը կարողանում է իր պահանջները հստակ ձևակերպել և քաղաքակիրթ պայքար վարել: Դա հաջողվում է, որովհետև ցույցերը ղեկավարվում են քաղաքացիական հասարակության կողմից, կուսակցական առաջնորդությունը պահանջված չէ, ցուցարարները հաստատ մնում են իրենց դիրքերում, իսկ հիմնական պահանջը չի ստանում քաղաքական ընդհանրացումներ: Առանձնապես գնահատելի է հասարակական և մշակութային հեղինակությունների, այդ թվում՝ հայ եկեղեցու սրբազան հայրերի մասնակցությունը: Այդպիսով, համերաշխությունը տարածվում է հասարակական բոլոր հարթություններում և արդարացի պահանջը վերածվում է համաժողովրդականի: Օրինաչափ ու սպասված է նաև շահագրգիռ կողմերի արձագանքը: Էլեկտրաէներգիայի թանկացման պահանջ ներկայացրած ընկերության շահերի պաշտպանի դերում հայտնված ռուսական ԶԼՄ-ներ ու ԱՄՆ դեսպանատան և եվրոպական կառույցների՝ ազատության վերաբերյալ պատկերացումներ ու հայտարարություններ ..Սա վկայում է, որ մեր երկիրը համաշխարհային տարաբնույթ հետաքրքրությունների թատերաբեմում է: Սակայն երիտասարդ ցուցարարները հաստատակամ ու կազմակերպված բացառում են ավելորդ շահարկումները: Եթե նրանք երբևէ դառնան քաղաքական գործիչներ, կարող են էականորեն փոխել ուժերի հարաբերակցությունն ու պետության որակը, խաղաղ և հավասարակշռված գործիքների միջոցով պաշտպանել պետության ու քաղաքացու շահերը: Իսկ ներկայում կարելի է արձանագրել, որ հրապարակային խաղաղ պայքարի նոր մշակույթն արդեն արմատավորված է: Դա վստահություն է ներշնչում, որ հասարակական համերաշխությամբ հնարավոր է բարդ կամ անլուծելի թվացող շատ խնդիրներ լուծել՝ առանց արյունոտ բախումների, մարդկային և նյութական կորուստների, առանց քաղաքական երանգավորման և միմյանց ոչնչացնելու մոլուցքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել