Exclusive

Իսպանիայից Հայաստան վերադարձած երգչուհի Աստղիկ Սաֆարյանը վերջերս հանրությանը ներկայացրեց իր նոր՝ «Շալոմ» («Բարև») երգի տեսահոլովակը, որում հերոսուհին հանդիպում է այլազգի տղայի, տվյալ դեպքում՝ հրեայի հետ, և ցույց է տրվում, թե շփման մեջ ինչպես են ազդում մեկը մյուսի վրա։

Տեսահոլովակի պրեմիերայից հետո կարծիք է տարածվել, որ այստեղ իրականում ներկայացված է Աստղիկ Սաֆարյանի և հրեա տղայի իրական սիրո պատմությունը։ BlogNews.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ երգի խոսքերը գրելիս նկատի է ունեցել իր հրեա ընկերոջը, սակայն նրա հետ սիրային հարաբերություն չի ունեցել։

«Ես ի սկզբանե չէի որոշել, որ սա երգ է դառնալու։ Խոսքերը գրել էի՝ նկատի ունենալով հրեա ընկերոջս կերպարը։ Երբ Արտյում Հակոբյանը՝ Արտեմ Վալտերը, ինձ ուղարկեց այս երգի բիթը, օրեր առաջ գրածս խոսքերն ակամայից տեղավորվեցին այդ ռիթմում, և ծնվեց երաժշտությունը։ Բնականաբար, երգին զարգացում եմ տվել, և փոքրիկ սյուժե է ձևավորվել։ Գուցե մարդկանց թվա, թե սիրո պատմություն է, բայց իրականում այդպես չէ, ուղղակի նրա կերպարից ոգեշնչված էի գրել խոսքերը»,- ասաց նա ու հավելեց, որ այս դեպքում շեշտը դրված էր ոչ թե կոնկրետ հրեայի, այլ օտարազգի մարդու հետ հարաբերություններ ունենալու վրա։

«Մեր օրերում շատ են դեպքերը, երբ հայ աղջիկները կամ տղաները միավորվում են օտարազգիների հետ։ Երգի գլխավոր իմաստն այն է, որ որքան էլ դիմացինդ հոգեհարազատ լինի քեզ, կարևոր է, որ պահես քո տեսակը՝ հայկականը։ Երգում էլ է ասվում՝ եթե ուզում ես ինձ հետ լինել, պիտի մտնես իմ աշխարհ, իսկ իմ աշխարհը հայկականն է։ Եթե մենք պատրաստ ենք և կարող ենք ընդունել ձեր «շալոմ»-ները, «օլա»-ները, «բոնժուղ»-ները և հասկանալ ձեր մշակույթն ու ազգային առանձնահատկությունները, դուք էլ պետք է ընդունեք մեր «բարև»-ները, ազգայինն ու մշակույթը։ Տեսահոլովակի վերջում երիտասարդը հայտնվում է «Բարև» շապիկով, ինչը նշանակում է, որ նա ընդունել է հայկականը»,- ընդգծեց երգչուհին։

Երիտասարդության շրջանում մարդն ավելի հաճախ է սիրահարվում, BlogNews.am-ի հարցին՝ մի քանի տարի ապրելով Իսպանիայում՝ հարաբերություն, սիրահարվածություն չի՞ ունեցել օտարազգի տղայի հետ, Աստղիկը պատասխանեց. «Գուցե  զարմանալի թվա, բայց իսկապես չի եղել նման դեպք։ Ես բնույթով միասեր եմ, շուտ չեմ սիրահարվում. պետք է ինձ շատ հոգեհարազատ մարդ լինի, որպեսզի սիրեմ։ Նման բան չի եղել, չի եղել նաև սիրահարվածություն։ Որքան էլ ես ընդունեմ օտարազգի մարդու տեսակն ու մենթալիտետը, կան բաներ, որոնք ինձ համար անընդունելի են։ Ես գերադասում եմ սիրել հայերեն»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել