Ավելորդ է, կարծում եմ, խոսել շարժման անկազմակերպվածության վերաբերյալ, որն ինչ-որ տեղ ունի նաև օբյեկտիվ բացատրություն՝ համակարգող խմբի անփորձություն, ոչ հստակ ձևավորված օրակարգի բացակայություն, իրավիճակի ոչ սթափ գնահատում և այլն: Սա հատկապես երեկ երևաց, բայց եթե հաշվի առնենք, որ Հայաստանում էս պահին իրոք պրոցես է ընթանում (էստեղ 2 կարծիք լինել չի կարող), ապա դժվար է ասել, թե այն ինչ ավարտ կունենա: Փաստորեն, ունենք էսպիսի իրավիճակ՝

1. կա բավականին ստվար ռադիկալ զանգված, որը պատրաստ է ելնել պայքարի, ընդ որում՝ իր առջև դնելով ամենաբարդ ու ռիսկային խնդիրներ, սակայն վերջիններս իրենց բազմամարդությունն ու վճռականությունն ապահավում են առանց հստակ ընդգծված առաջնորդի: Այսինքն՝ կա ժողովուրդ, բայց չկա առաջնորդ: Եվ կարծես սա դառնում է շարժման հիմնական կոնցեպտը, հանկարծ ու հանկարծ եղած քաղաքական գործիչներից կամ քաղաքական ուժերից մեկը չփորձի իր վրա վերցնել նախաձեռնությունը, թեպետ էլի ինչ-որ չափով քիչ թե շատ ընդունելի թեկնածուն, պատգամավորը և պարզապես քաղաքական ֆիգուրը, ոնց հասկացա երեկ ամբողջ գիշեր էնտեղ անցկացնելուց հետո, տակավին մնում ա Նիկոլ Փաշինյանը ցուցարարների համար: Բայց, կրկնում եմ, նրա հանդեպ էլ չկա միանշանակ դիրքորոշում՝ ըստ իս:
2. Գնա՞լ, թե՞ չգնալ Սերժ Սարգսյանի մոտ, այս էր խնդիրը: Գնալու դեպքում, թեկուզ միայն այո կամ ոչ լսելու պարագայում, այսպես ասած իրավիճակը հղի էր ապակայունացման լուրջ վտանգով: Մի կողմից՝ առկա էր նորից ծեծուջարդի ենթարկվելու վտանգը, իսկ մյուս կողմից՝ Բաղրամյան 26 գնալու որոշումն ակնհայտորեն չէր արտահայտում մասսայի տրամադրությունը, որը երեկ ակնհայտորեն եկել էր ավելի ռադիկալ քայլերի (եզրակացությունները թողնում եմ ձեզ): Այսինքն, եթե թեկուզ Սարգսյանի մոտ գնալու որոշումը ճիշտ էր, միևնույն ա՝ լեգիտիմ համարվել այդ պահին չէր կարող:
3. Ընդդիմադիր պատգամավորների, մշակույթի, շոու բիզնեսի ներկայացուցիչների հայտնվելը հրապարակում իշխանության մեջ միգուցե առաջացրեց մտավախություն, չլինի՞ թե... Այսինքն՝ րոպեական էյֆորիայի տակ կարող էր փոխվել նախօրոք սահմանված պահանջն ու վերածվել ավելի մասշտաբային միջոցառման: Այդ իսկ պատճառով Արմեն Աշոտյանի գործուղումը Բաղրամյան պողոտա, կարծում եմ, կապված էր նաև սրա հետ: Աշոտյանը թեկուզ իր համար տհաճ մթնոլորտում, կարծում եմ, հասկացավ տրամադրությունները, հսկայական էներգետիկան, ինչից հետո իշխանությունն արեց հետևություն՝ այս անգամ ուժ չկիրառել ցուցարարների նկատմամբ: Գրագետ գործեցին նաև ներկա գտնվող պատգամավորները՝ զերծ մնալով կտրուկ մեկնաբանություններից:

Ամեն դեպքում ամենամեծ խնդիրը մնում է ներքին ինքնակազմակերպման հարցը: Միգուցե կան մարդիկ, որոնց համար սա աստեղային ժամ է, ինքնահաստատվելու, որոշում կայացնելու, քաղաքական հետագա կարիերայի համար պարարտ հող ստեղծելու համար: Սակայն, քանի որ մեծ է նաև շարժումը գլխավորող ընկերներիս թիվը (անձամբ ես ընդամենը գործին միացող եմ), շատ կարևոր է հասկանալ ու գիտակցել պատասխանատվությունը, քանի որ յուրաքանչյուր որոշում ընդունելու և նրա ձախողված լինելու պարագայում պատասխանատվության խնդիր է առաջանում:

Մեկ էլ մի բան, սիրելի հայրենակիցներ, կրկնում եմ, անկախ իր վերջնական արդյունքից՝ Հայաստանում այսօր պրոցես է ընթանում, ինչի վառ ապացույցը ռուսական, միջազգային մամուլի արձագանքներն են Երևանում տեղի ունեցող գործընթացներին: Ավելորդ տեղը մի՛ անլրջացրեք էս ամեն ինչը, ջրցան մեքենաների տակ պաչվել, նեղ մաջալին ինստագրամում նկար դնել, տնից լացել, թե՝ վա՜յ, էս ինչ էղավ, կամ ձեր ցավը տանեմ, ապրեք դուք: Գալիս եք, եկեք, չեք գալիս, Աստված ձեզ պահի, մեկնաբանությունները պահեք ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել