Սերիալների մասին ես սերիալավարի գրել եմ: Պաթոսած ցավով եմ գրել, անպաթոս մտահոգությամբ եմ գրել, հուսահատ ու ընդվզած եմ գրել: Գրել եմ սիրտ հանգստացնելու, այս ցավին դարման անելու, մեր սերունդի ոգեղեն աշխարհը … «ամորձատումից» փրկելու հույսով: Գոնե՝ այդ համոզվածությամբ եմ գրել: Բայց վերջերս սկսել եմ հասկանալ ասես, որ այս՝ սերիալահեղափոխության հեղինակները հեչ անգետությունից, անբանությունից կամ անճաշակությունից, անգամ փողատենչությունից չէ, որ օրումեջ այսքան ու այսչափ սերիալ են …արտաթորում: Իմ մաշկի վրա զգացածով ասեմ: Լինում է չէ՞, որ նայածդ հաղորդումը ավարտվում ու միանգամից սերիալն է սկսվում ու դու, մինչ կհասցնես փոխել ալիքը, նրանք՝ սև մայկաներով, քաչալ գլուխներով ու բկաչափ հաստությամբ ոսկե շղթաներով հաստավիզներն՝ իրենց գարշանք բառաֆոնդով, մորթել-խժռել-սատկացնելու արյունասփյուռ գիշատիչատենդով, հիվանդանոցի պատերով, քաղցկեղով հիվանդներով խուժում են տունդ, խուժում տանտիրոջ, չէ՝ սեփականատիրոջ իրավունքներով, ու միանգամից ոչ ավել, ոչ պակաս, պարալիզում էս երկրում ապրելու հավեսդ: Տեր Աստված, մի՞թե այլևս այս է մեր երկիր Նաիրին… Մի՞թե սրանք են լեգենդար հայորդաց ցեղի շարունակողները: Մի՞թե սրանք են հայ օջախների սյուն-տղերքը: Մի՞թե սրանցով ենք ներկայանալու աշխարհին: Ինքներս՝ մեզ: Մի՞թե հեչ պետք չէ վատ զգալ այս երկոտանիների մասին խոսելիս «սրանք» ասելիս: Հակառակ պարագայում կվիրավորենք ինքներս մեզ: Հիմա՝ ինչո՞ւ են փաթեթներով սերիաները կրնկակոխ հետապնդում մեզ: Որ… Որ մարդկանց մեջ փշրեն հույս, հավատ, սեր ասվածները, որ մարդկանց մեջ գլխատեն լավի ամեն սպասում, որ… Որ Աստծուն փառք տանք, մի կտոր հաց ունենալու համար-անգլխացավանք հաց ունենալու համար, որ…հասկանանք, թե ովքեր են այս երկրի «ասող»-ները, թե ինչ կսպասվի մեզ, եթե բան է հանկարծ… Այնպես որ, ես ասես հասկանում եմ, որ սերիալահեղափոխությունը լուրջ, շատ լուրջ քաղաքականություն է, որ շատ կարգին էլ իրականացվում է, որ այս գործով զբաղված են կյանքի վայելքի իրական գինը հասկացող մարդիկ, մարդիկ, որոնց ձեռքին է թե՛ երկիրն այս, թե՛ այս երկրի բախտի տնօրինման իրավունքը… Այնպես որ, դեռ սերիալներ են գալու: Շա՜տ… Գրադարակների գրքերն էլ, ի վերջո, լեթարգիական քուն են մտնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել