Հունիսի 23–ի առավոտյան՝ 5։30–ին, խաղաղ նստացույցի մասնակիցներին ջրցան մեքենաներով և ֆիզիկական ուժի կիրառմամբ ցրելուց հետո «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն ու հարյուրավոր քաղաքացիներ որոշեցին նույն օրը երեկոյան՝ 18։00–ին, հավաքվել Ազատության հրապարակում և քայլերթով շարժվել Բաղրամյան պողոտա։ Մինչ այդ արդեն հրապարակվել էին բերման ենթարկվածների անուններն ու գտնվելու վայրերը։ Ընդհանուր առմամբ բերման էր ենթարկվել 237 քաղաքացի, այդ թվում լրագրողներ։ Բերման ենթարկված քաղաքացիներից 7-ին ոստիկանության բաժիններում բուժօգնություն էր տրամադրվել, նրանցից 3-ը տեղափոխվել էր հիվանդանոց: Ցույցը ցրելու ընթացքում տուժել և վնասվածքներ էին ստացել 11 ոստիկան:
Միջազգային արձագանքները բազմաթիվ էին. համաշխարհային մամուլից մինչև Պուտինի մամլո խոսնակ, ով վստահեցրեց, որ իրենք հետևում են դեպքերի զարգացման ընթացքին։ Միջազգային ԶԼՄ–ները տեղի ունեցածը ներկայացրեցին այնպես, ինչպես բխում էր իրենց պետության շահերից։
Զանգվածային բերման ենթարկելուց հետո ազատության մեջ գտնվող ակցիայի մասնակիցները երկու պահանջ էին ներկայացրել՝ ազատ արձակել ոստիկանական բաժանմունքում գտնվող ցուցարարներին և վերանայել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումն էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ: Իշխանությունը փաստացի կատարեց ցուցարարների առաջին պահանջը, և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ոստիկանական բաժանմունքներից բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, և նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի:
Լրագրողների հարցերին պատասխանեց նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով կարծում էր, որ ոստիկանության աշխատանքները համաչափ էին, քանի որ լուրջ վնասվածքներ առկա չեն։ Ինչպես նաև ոստիկանապետը ներողություն խնդրեց լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բռնության համար և խոստացավ վերականգնել լրատվամիջոցներին հասցված նյութական վնասը։ Իսկ ֆիզիկական ուժն ու պաշտոնական դիրքը չարաշահած ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն կիրականացվի։
Արձագանքեցին նաև խորհրդարանականները։ Լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում, որ ժամեր առաջ ոստիկանությունը ջրցան մեքենաների օգնությամբ ցրել է խաղաղ ցուցարարներին, ՀՀԿ–ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) հայտարարել էր, որ «Շոգ ա, ջուր են շփել, ի՞նչ ա եղել որ»։ Նման տեսակետն առավել վրդովվեցրեց հասարակությանը։
Ժամը 16։30-ին հայտարարվեց, որ Հայաստանում առաջին քաղաքացիական հաքերային հարձակման արդյունքում ՀՀ ոստիկանության կայքէջն անհասնելի է։
Երեկոյան՝ ժամը 18։00–ին, Ազատության հրապարակը բազմամարդ էր։ Հավաքի մեկնարկից մոտավորապես մեկ ժամ անց մասնակիցների մի մասը սկսեց ինքնաբուխ քայլել դեպի Բաղրամյան 26, սակայն նրանց առաջխաղացումը կասեցրել էր ոստիկանական զորքերի շղթան, և նրանք հետ վերադարձան Ազատության հրապարակ։ Զուգահեռաբար բողոքի ակցիաներ էին ընթանում Գյումրիում և Վանաձորում։
Ժամը 20։30–ի սահմաններում Ազատության հրապարակի ցույցի մասնակիցները կրկին շարժվեցին Բաղրամյան պողոտա՝ նախագահի նստավայր: Նրանց կրկին դիմավորեցին ոստիկանական շղթաները, և ցուցարարները կրկնեցին նախորդ օրվա սցենարը. նստացույց արեցին հենց Բաղրամյան պողոտայում և պլաստմասե աղբամաններից բարիկադներ պատրաստեցին։ Նրանց պահանջը պարզ էր. չեղյալ համարել էլեկտրաէներգիայի վարձի թանկացման որոշումը։
Ժամը 23–ի սահմաններում ակցիայի մասնակիցներին կրկին առաջարկվեց մի քանի հոգուց բաղկացած խումբ կազմել և բարձրանալ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ` քննարկելու պահանջները, այս անգամ արդեն լրատվամիջոցների ներկայությամբ։ Բայց հավաքի միասնական առաջնորդի բացակայության և ներսում տեղ գտած տարաձայնությունների պատճառով առաջարկն արդեն երկրորդ անգամ մերժվեց։
Ժամը 0։00–ի սահմաններում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ արեց ԱԺ նախկին ու ներկա պատգամավորներին, մտավորականներին, շոու բիզնեսի ներկայացուցիչներին, փաստաբաններին, լրագրողներին և հոգևորականներին ժամը 00.45-ին գալ Ազատության հրապարակ՝ Թումանյանի արձանի հարակից տարածք՝ միասին գնալու Բաղրամյան պողոտա՝ ցուցարարների և ոստիկանների միջև կենդանի պատ կազմելու համար: Առաջարկը տարածվեց միանգամից, և նշված ժամին Հայաստանի քաղաքական դաշտի գրեթե բոլոր ընդդիմադիր պատգամավորներն ու քաղաքական գործիչները, ինչպես նաև շոու բիզնեսի ներկայացուցիչներն Ազատության հրապարակում էին։ Ինչպես նշվել էր հայտարարության մեջ` նրանք պետք է կենդանի պատ կազմեին ոստիկանների և ցուցարարների միջև` հնարավոր բախումը կանխելու նպատակով։ Մեկ ժամ շփոթված Բաղրամյան պողոտայով վեր ու վար անելուց հետո նշված անձինք վերջապես գտան իրենց տեղը, և պատը կազմված էր։
Ընդդիմադիր գործիչներից զատ՝ կենդանի պատին որոշել էին միանալ նաև ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Նրանց ներկայությունն ակնհայտորեն դուր չեկավ բողոքի ցույցի մասնակիցներին, և վերջիններս սկսեցին հայհոյել ու պահանջել, որպեսզի Աշոտյանը հեռանա։ ԿԳ նախարարը միանգամից տեղի չտվեց, բայց որոշ ժամանակ մնալուց հետո հեռացավ։ Իսկ այն հարցին, թե ինչու էր եկել, նա պատասխանեց, որ դա քաղաքական ուղղվածություն չունեցող շարժում է, և ինքը որպես ՀՀ քաղաքացի էր ներկայացել դրան։
Կենդանի պատը Բաղրամյան պողոտայում մնաց մինչև առավոտ։ Ցույցի մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ չեղան, գիշերն անցավ խաղաղ։ Իսկ առավոտյան ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հայտարարեց, որ դեռևս չի նախատեսվում ցրել նստացույցի մասնակիցներին, և չնայած որ նրանց պահանջներն արդարացի են, բայց բռնած ուղին սխալ է։
Թե ինչ է կատարվում ներկա պահին Բաղրամյան պողոտայում, կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ՝ այստեղ։