Akcia (14)Բաղրամյան պողոտայի վրա հոսանքի թանկացման դեմ բողոքողները ընտրել էին պայքարի այն ձևը, որը կոչվում է քաղաքացիական անհնազանդություն: Մարդիկ մերժեցին երկխոսելու նախագահի առաջարկը: Բայց այդ մասին հայտարարել էին շատ ավելի շուտ, որ բանակցությունների մեջ չեն մտնելու: Պահանջը մեկն է` չեղյալ համարել հոսանքի թանկացման որոշումը, բանակցելու ոչինչ չկա: Ինչ արած, մոտեցում է: Նրանք համարում են, որ Հայաստանում ոչ դատարաններով, ոչ էլ իրավական որևէ ճանապարհով չեն կարող հարցին լուծում տալ, գիտեն, որ հարցերը լուծվում են վերևից եկած հրահանգներով, ուստի նախագահից պահանջում էին, ինչպես Մաշտոցի պուրակի դեպքում, նման միջամտություն ցուցաբերել: Սա որքան ռացիոնալ, նույնքան էլ իռացիոնալ պահանջ է, քանի որ անգամ եթե նախագահը ցանկանար միջամտել, հենց միայն այդ պահանջից հետո հաստատ չէր միջամտի: Դա կնշանակեր պաշտոնական դիրքի բացահայտ չարաշահում: Երևանի գլխավոր պողոտաներից մեկը, որտեղ են գտնվում երկրի կառավարման երկու առաջնային ինստիտուտների շենքերը` նախագահականն ու պառլամենտը, փակ է մի քանի ժամ ու շարունակում է փակված մնալ: Այդ իրավիճակում ցուցարարները կամ պետք է բանակցություն սկսեին, ինչից հետո կամովին ազատեին պողոտան, կամ չպետք է բանակցեին, ինչից հետո ցրվեին զոռով, ուժով և բռնությամբ: Այսինքն` ցանկացած պարագայում ելքը մեկն էր: Պողոտան պետք է բացվեր: Հետևաբար ի՞նչ էին ակնկալում ցուցարարները: Նպատակն էր սոսկ արտահայտել բողոքը ու տեսնել, թե ինչ արձագանք կլինի: Արձագանքն էլ եղավ այնպես, ինչպես պետք է լիներ` ոստիկանությունը պետք է ազատեր պողոտան այսպես, թե այնպես: Եթե խնդիր էր դրված հոսանքի թանկացման հարցը դարձնել համազգային, ապա խնդիրը փայլուն լուծվել է: Այն անգամ դարձել է միջազգային, սկսել է միջազգային մամուլում անկապ բանավեճ, թե դա ինչ էր` հակառուսական մայդա՞ն, թե՞ սոցիալական բողոք: Բա հետո՞: Այդ հետոյի հարցը Հայաստանում բոլոր զանգվածային ակցիաների ժամանակ մնում է օդում կախված: Լավ, հասկացանք, կա բողոք, որն արդարացի է, բայց կա նաև իշխանության փաստարկ, որ թանկացումն անխուսափելի է: Ելքը ո՞րն է: Կամ պետք է երկխոսել, հասկանալ, թե ինչ լուծումներ կարելի է գտնել, կամ էլ շարունակել կռիվ-կռիվ խաղալ: Այդ խաղում ցուցարաների ռեսուրսը սահմանափակ է: Նրանց դեմ կանգնած է իրավապահ, ուժային ամբողջ համակարգը, որին օրենքով տրված է լիազորություն հասարակական կարգը պահպանելու համար ուժ կիրառել: Քանի դեռ չկա գլոբալ խնդրի լուծման փոխընդունելի տարբերակ, ռացիոնալ առաջարկություն, կամ չկա բավարար ռեսուրս իշխանությանը տապալելու համար, ապա այս ամենը ի վերջո միշտ ավարտվում է ցուցարարների պարտությամբ, որովհետև նրանք դեմագոգիայից այն կողմ չեն անցնում: Մնում է հուսալ, որ ցուցարարները կինքնակազմակերպվեն այնքան, որ կկարողանան խնդրի գործնական լուծումներ առաջարկել, պայքարի ավելի արդյունավետ ձևեր ընտրել, իսկ իշխանությունն էլ կգնա ընդառաջ: Հակառակ դեպքում նույն կոտրած տաշտակի պատմությունն է լինելու: Անկախ նրանից, թե այս ամենն ինչ ավարտ կունենա, ես ունեմ մի առաջարկություն: Երևանը, հատկապես նրա կենտրոնը շատ փոքր է և Երևանն ու հատկապես նրա կենտրոնը ամբողջ Հայաստանը չէ: Երկրի կառավարական բոլոր շինությունները` առաջին հերթին նախագահականի ու պառլամենտի շենքերը հանել կենտրոնից և տեղափոխել կամ մայրաքաղաքից դուրս կամ ծայրամաս: Այդպես մի կողմից մի քիչ աշխուժություն կմտցվի Երևանի կենտրոնից դուրս մեռյալ կյանքում, մյուս կողմից նման ակցիաները անհապաղ ցրելու և բռնություն կիրառելու կարիք այդքան էլ չի զգացվի: Օպերայի հրապարակից դեպի կառավարության, պառլամենտի և նախագահականի շենքեր մի քանի քայլ է, թողեք մարդիկ հանգիստ իրենց բողոքն արտահայտեն smile emoticon Մի փոքր միջոցառում կամ զանգվածային հավաք է լինում, վերջ, Երևանն ու Հայաստանը կաթվածահար են լինում: Երբեմն խնդիրները զուտ տեխնիկական են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել