Էլէներգիայի սակագնի բարձրացումը բողոքի մեծ ալիք առաջացրեց Հանրապետության ողջ տարածքում: Սակայն, հաշվի առնելով մայրաքաղաքի գործոնը, բնական է, որ հիմնական ալիքը պետք է կենտրոնացված լիներ Երևանում:
Հունիսի 19-ից սկիզբ առած «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության նստացույցը երեկ շարունակվեց երթով դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ զարգացան հիմնական իրադարձությունները: Առավոտյան՝ լուսադեմին, ոստիկանությունը դիմեց կտրուկ գործողությունների և ուժի կիրառմամբ ցրեց նստացույցը:

Անշուշտ, այս իրողությունը դեռ երկար կքննարկվի տարբեր հարթակներում: Բավական է նշել, որ արդեն ռուսական գրեթե բոլոր հիմնական լրատվամիջոցները, թուրքական և այլ միջազգային հայտնի պարբերականներ, այդ թվում նաև BBC-ն, անդրադառնում են Երևանում տիրող իրավիճակին և շարունակում են տարբեր որակումներ տալ, ընդհուպ մինչև համեմատականներ անցկացնել Ուկրաինան փլուզող հայտնի «Մայդանի» հետ:

Նրանց կողմից նման մեկնաբանություններ և եզրահանգումներ անելու «իրավունքը» տրվում է ինչ-որ չափով մեր կողմից: Նմանօրինակ մի շարժառիթ էր երթի ընթացքում որոշ քաղաքական ուժերի կողմից «մայդանի» շունչ հաղորդող դրոշներ ծածանելը և ոստիկանության կողմից ուժի գործադրումը:

Այս ամենի թե՛ ներքին և թե՛ արտաքին հրահրողները (այդ թվում` ռուսական մեդիան) հարկ է, որ ընկալեն` նման շունչ ստեղծելու բոլոր չարչարանքները միանշանակ դատապարտված են կործանման, քանի որ սա հայերի Հայաստանն է, և նույն Հայ Երիտասարդն, ի տարբերություն «մայդանիստների», ո՛չ ռուսամետ է, ո՛չ ամերիկամետ, ո՛չ եվրոպամետ և առավել ևս ո՛չ էլ «կուլ գնացողամետ», նա բացառապես Հայամետ է, և հենց սա էլ պայքարի իրողությունն է:

«Մայդան» նշանակում է ոչ այլ ինչ, քան սեփական ժողովրդի ձեռքով պետության կործանում: Բայց հայ իրականությունը, պարոնայք «դրսամետներ», պետություն քանդելու հրապարակ` «մայդաններ», չունի: Ուրիշ բան, որ նորմալ ժողովրդավարական պետությանը վայել պետական կառավարման մարմինների կողմից ընդունած որոշումները չեղարկելու փողոցներ, պողոտաներ, հրապարակներ ունի և կարողանում է ծառայեցնել իր գործին:

Պետք չէ շփոթել այս պարզ պատճառահետևանքային տրամադրությունները և կիևյան սցենարներ փնտրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել