Ժողովրդավարությունը ենթադրում է բազմակուսակցական համակարգ և իշխանության համար պայքար տարբեր կուսակցությունների միջև: Այդ պայքարը քաղաքական յուրաքանչյուր կազմակերպության ոչ միայն իրավունքներից, այլև պարտականություններից է:
Բռնապետական, միակուսակցական համակարգերի կամ դրանց արժեքներով առաջնորդվող անհատների կողմից ժողովրդավարությանը ներկայացվող գլխավոր մեղադրանքներից է հենց այդ անվերջ պայքարը, որը ժողովրդավարական պետությանը դարձնում է թույլ, զուրկ կառավարման անհրաժեշտ ուժից ու հեղինակությունից: Նրանք մատնացույց են անում պատմական այն իրողությունը, որ ներքին թուլության, տարակարծության առկայության պատճառով բոլոր ժողովրդավարական կարգերը չեն դիմացել պատմության քննությանը և կործանվել են կամ էլ փոխարինվել բռնապետականով:
Տարակարծության, բազմակուսակցական, քաղաքական պայքարի պայմաններում, երբ ընդհարումներն անխուսափելի են, հսկայական դեր են խաղում փոխզիջման ու փոխհամաձայնության գործոնները: Ժողովրդավարությունը շատ կողմերով ավելին չէ, քան ընդհարումներին տիրապետելու կանոնների մի համակարգ: Ընդհարումը պետք է կանոնավորել որոշ սահմաններում և հանգեցնել փոխզիջման, փոխադարձ համաձայնության կամ այլ համաձայնությունների, որոնց օրինականությունը բոլոր կողմերն ընդունում են: Կողմերից մեկի համառությունը կարող է սպառնալ ամբողջ գործին: Եթե խմբերը ժողովրդավարությունն ընկալեն իբրև մի հրապարակ, ուր նրանք կարող են պնդել միայն իրենց պահանջները, ապա հասարակությունը ներսից կքայքայվի: Եթե կառավարությունը համաձայնություն ձեռք բերելու համար գործադրի ավելորդ ճնշում` խեղդելով ժողովրդի ձայնը, ապա հասարակությունը վերևից կխորտակվի:
Անհատներն ու խմբերը պետք է ցանկություն դրսևորեն գեթ նվազագույն չափով հանդուրժելու միմյանց տարբերությունները` գիտակցելով, որ մյուս կողմի իրավունքներն ու կարծիքներն էլ կարող են օրինական լինել: Անհատների գաղափարների ընդհարման ու փոխզիջման բովով անցնելով՝ մարդիկ կարող են, թեկուզ ոչ ամբողջովին, հասնել ճշմարտության. ժողովրդավարական հասարակությունը կարիք ունի քաղաքացիների համաձայնության, որոնք կընդունեն ընդհարման անխուսափելիությունը, ինչպես նաև փոխհանդուրժման անհրաժեշտությունը:
Անհասկանալի է, բայց այսօր շրջանցվում է ժողովրդավարության էության գլխավոր ու բնորոշիչ հատկանիշներից մեկը: Իշխանություններին ու հասարակությանը ժողովրդավարության դասեր տվող քաղաքական գործիչներն ու տեսաբանները մոռանում են, որ ժողովրդավարությունն անհնար է պատկերացնել առանց փոխզիջման ու փոխադարձ հանդուրժողականության սկզբունքների առկայության:
Հանրապետությունում տիրող քաղաքական փոխադարձ անհանդուրժողականության մթնոլորտը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն ժողովրդավար պետության ձևավորման, այլև երկրի ներքին կայունության և բուն պետականության հարատևման հնարավորությունները:
Փոխզիջումը պետք է կատարվի թե´ իշխանությունների, թե´ հասարակության ու ընդդիմության նախաձեռնությունների հիման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել